2014թ.-ի մայիսի 16-ից 30-ը ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը պլանային ստուգումներ է իրականացրել «Թամարա» ՍՊԸ-ում:
Մայիսի 21-ին Ծառայության տեսուչները 5 արտադրատեսակներից համապատասխան նմուշառում են կատարել և ենթարկել լաբորատոր փորձաքննության, իսկ պահեստային նմուշները կնքվել են և տրվել պահպանման տվյալ ընկերությանը: Ընկերությունը, Ծառայության լաբորատոր փորձաքննության արդյունքների հետ համամիտ չլինելու դեպքում, համաձայնՀՀ կառավարության 2007թ. ապրիլի 19-ի «Սննդամթերքի, անասնակերի, սննդային և կերային հավելումների փորձաքննության նմուշառման կարգը հաստատելու մասին» թիվ 598-Ն որոշման՝ պետք է տեսուչի ուղեկցող նամակով պահեստային նմուշը ներկայացնի մեկ այլ լաբորատորիա ՝ փորձաքննության:
Համաձայն այդ փորձաքննության արդյունքների՝ 3 արտադրատեսակների՝ «20 կոպեկ», «Կարմեն» և «Թթվասեր 200գր.», արտադրության փուլում հայտնաբերվել են որոշակի շեղումներ. ԱՑԽՄ և ՄԱՖԱՄ ցուցանիշներով այդ արտադրատեսակները չեն համապատասխանել ՀՀ կառավարության 2006թ.-ի դեկտեմբերի 21-ի «Կաթին, կաթնամթերքին և դրանց արտադրությանը ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» թիվ 1925-Ն որոշմամբ սահմանված պահանջներին, և այդ արտադրատեսակների արտադրությունը տեսուչի կողմից կասեցվել է ս.թ. մայիսի 27-ին, և մայիսի 30-ին արտադրության նկատմամբ արգելանք է դրվել:
«Թամարա» ընկերությանը տրվել էր հանձնարարական ՝ վերացնելու հայտնաբերված խախտումները, արտադրության տեխնոլոգիական գործելակարգը և տեխնիկական գործընթացն իրականացնել տվյալ արտադրանքի համար հաստատված տեխնիկական հրահանգին համապատասխան:
Այն խմբաքանակները, որոնցում շեղում է հայտնաբերվել, շուկայից հետ են կանչվել:
Ինչ վերաբերում է «Թամարա» ընկերության տնօրենի հայտարարությանը, որին անդրադարձել էին որոշ ԶԼՄ-ներ, իբր «Թամարա» ՍՊԸ-ն համամիտ չէ ՍԱՊԾ-ի կողմից դրված արգելանքի հետ և որ իր հերթին այդ արտադրատեսակներից նմուշառում է կատարել, ենթարկել լաբորատոր փորձաքննության և շեղումներ չեն հայտնաբերվել, տեղեկացնենք, որ «Թամարա» ընկերության կատարած պահեստային նմուշառումն իրականացվել է ՀՀ կառավարության 2007թ. ապրիլի 19-ի «Սննդամթերքի, անասնակերի, սննդային և կերային հավելումների փորձաքննության նմուշառման կարգը հաստատելու մասին» թիվ 598-Ն որոշման 14-րդ կետի պահանջի խախտմամբ, այն է՝ չի ուղեկցվել համապատասխան ուղեկցող նամակով: Վերոնշյալից կարելի է ենթադրել, որ ընկերությունից կարող էին լաբորատոր փորձաքննության տանել լրիվ այլ արտադրանքի նմուշ:
Այն, որ կատարվել է նման խախտում, չի հերքել նաև «Թամարա» ՍՊԸ-ի տնօրինությունը և նամակի տեսքով այն ներկայացրել է ՍԱՊԾ: Բնականաբար, կառավարության որոշման պահանջների խախտումներով արված լաբորատոր փորձաքննության արդյունքները չեն կարող հիմք հանդիսանալ ՍԱՊԾ-ի և, առավել ևս, արտադրող ընկերության համար:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն