Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարմիր գրքի» բացումը բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանն է անում (Տեսանյութ)

Հունիս 05,2014 15:06

Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանը գտնում է, որ այսօր մեր երկրի առաջ ծառացած ամենամեծ խնդիրը հանքարդյունաբերությունն է: Ըստ նրա, պետք է իրականացվի աշխարհում ընդունված պատասխանատու հանքարդյունաբերություն, թափոնները չպետք է թափել գետեր, պոչամբարները նորմալ կառավարել եւ այլն:

Այսօր ՀՀ Բնության թանգարանում, Շրջակա միջավայրի միջազգային օրվա առիթով, կազմակերպվել էր միջոցառում, որի ընթացքում բնապահպանության ոլորտը լուսաբանող մի խումբ լրագրողներ պարգեւատրվեցին պատվոգրերով` որպես նվեր ստանալով Հայաստանի կենդանիների երկհատորանի «Կարմիր գիրքը»: Պատվոգիր ստացավ նաեւ «Առավոտ» թերթի լրագրողը:

Պարգեւները լրագրողներին հանձնեց բնապահպանության փոխնախարար Խաչիկ Հակոբյանը:

«Հայկական ժամանակ» թերթի լրագրող Գագիկ Աղբալյանն իր խոսքում ասաց, որ այս պատվոգիրը համարում է պայմանագիր` կնքված բնապահպանության նորանշանակ նախարար Արամայիս Գրիգորյանի եւ լրագրողների միջեւ, որպեսզի նախարարն իսկապես լինի բնությունը պահպանող:

«Կարմիր գրքի» բացումն անում է բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը, որն իր ուղերձի հենց սկզբում խոստովանում է, որ «բնակչության աճի, տնտեսության, շինարարության տեմպերի բուռն զարգացումը լրջորեն ազդում են շրջակա միջավայրի վիճակի, բնական էկոհամակարգի, բուսական եւ կենդանական աշխարհի ներկայացուցիչների վրա»: Սակայն այս դիտարկումը նախկին նախարարն անում է աշխարհի մասշտաբով:

Համաձայն գրքի տեղեկատվության, վերջին տարիներին կատարված ուսումնասիրությունը բացահայտել է, որ անողնաշարավոր կենդանիներից Հայաստանում շուրջ 316 էնդեմիկ եւ 300-ից ավելի հազվագյուտ տեսակներ անհետացման եզրին են: 53 տեսակի սողուններից մեծ մասը նույնպես կանգնած են անհետացման ճանապարհին: Մի շարք թռչնատեսակներ էլ, ինչպես նշված է «Կարմիր գրքում», խոցելի վիճակում են: Գիրքը փաստում է, որ առավել վտանգված վիճակում են գտնվում ընձառյուծը, հայկական մուֆլունը, բեզոարյան այծը, խայտաքիսը, ջրասամույրը, մանուլը եւ այլն:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30