Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ կուսակցությունների մեծ մասը դեմ է սահմանադրական բարեփոխումներին. Արամ Մանուկյանը լքեց դահլիճը

Հունիս 05,2014 14:47

«Ցանկացած փաստաթղթի արդյունավետության գրավականը պայմանավորված է նրանով, թե քաղաքական ուժերի ինչպիսի աջակցություն և ինչպիսի ներգրավվածություն կունենանք: Սա այն փաստաթուղթը չէ, որ կաբինետում կարողանաս նստել գրել և քեզ թվա, թե աշխարհի ամենալավ փաստաթուղթն է»,-հունիսի 4-ին սահմանադրական բարեփոխումներին նվիրված՝ կուսակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկման ժամանակ լրագրողների հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Հրայր Թովմասյանը:

Նա հույս հայտնեց, որ քաղաքական կուսակցությունները ոչ թե կգնան «կամ-կամ»-ի, կամ «սևի ու սպիտակի» ճանապարհով, այլ «պատշաճորեն կգնահատեն Մայր օրենքի փոփոխությունների անհրաժեշտությունը»:

Սակայն քննարկումն այլ բան ցույց տվեց: ՀՀ կուսակցություններից ՀԱԿ-ը և «Ժառանգությունը» հայտարարեցին, թե քննարկումներին մասնակցում են զուտ այն պատճառով, որ իրենց միջազգային գործընկերների կողմից հրավեր է եղել:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը հայտարարեց. «Մենք գտնում ենք, որ այսօր ՀՀ-ում չկա սահմանադրական փոփոխությունների հասարակական պահանջ, ՀՀ-ում չկա սահմանադրական ճգնաժամ: Այդ պատճառով սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն` որպես այդպիսին գոյություն չունի: Այս փոփոխությունները միայն իշխանական մարմինների և իշխող ուժի խնդիրն են լուծում, իշխանություն պահելու խնդիր կա»:

Պարոն Մանուկյանը հայտարարեց, թե այսուհետ իրենք չեն մասնակցելու սահմանադրական որևէ բովանդակային քննարկման ու քիչ անց լքեց դահլիճը:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը հայտարարեց, թե Սահմանադրության ախտահարման հանրային պահանջն ակնհայտ է, և սահմանադրական փոփոխությունները ճիշտ ու ժամանակային են»:

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը` հղում կատարելով ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար դեսպան Անդրեյ Սորոկինի այն հայտարարությանը, թե դիրիժորը հասարակությունը պիտի լինի, նշեց. «Ցավոք դիրիժորը համերգից հարյուր կիլոմետրով հեռու է, քանի որ պարտիան նվագում են երաժիշտները, որոնք ամեն ինչ են, բացի երաժիշտ լինելուց»:

Պարոն Մարտիրոսյանը ցավով նշեց. «Իմ երկրի Սահմանադրական դատարանի ղեկավարը մասնակից չպիտի լիներ քաղաքական պրոցեսներին և շահերի բախում չպիտի ունենար: Սահմանադրական դատարանն իր ղեկավարով կարող էր իր մոտեցումները հանձնել թղթին և տար աշխատանքային խմբին: Ոչ լեգիտիմ իշխանություններն իրավունք չունեն սահմանադրական փոփոխություններ իրականացնել: Գործընթացները ցույց են տալիս, որ իշխանությունն այդ փոփոխությունների մեջ շահագրգռված չէ: Դա ցույց տվեց այն, որ խորհրդարանում հարյուր տոկոս համամասնական ընտրակարգին անցնելու վերաբերյալ նախաձեռնությունը մերժվեց: «Ժառանգությունը» կարծում է, որ ՀՀ-ին պետք է խորհրդարանական համակարգ»:

Գագիկ Հարությունյանն ի պատասխան նշեց. «Թյուրիմացություն չլինելու համար ասեմ, որ առաջին անգամ չէ, որ սահմանադրական բարեփոխումների գործընթացներում մասնակից եմ: Ես չէի համաձայնի մասնակցել այս քննարկումներին, եթե չլիներ մասնագիտական հանձնաժողով»:

Հրայր Թովմասյանն էլ նշեց. «Դժվար է երկրում գտնել մեկ այլ անձ, որի համար այդ անհրաժեշտություններն ավելի տեսանելի են, քան Գագիկ Հարությունյանն է»:

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը շեշտեց, թե պատրաստ են ներգրավվել քննարկումներին, բայց նաև ասաց. «Մեզ համար որպես հիմնարար փոփոխություն կարմիր թելով անցնում է խորհրդարանական կառավարման ձևի անցման հարցը»:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը նկատեց, թե սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում չի տեսել իշխանության թևերի տարանջատման երաշխիք, ընդհակառակը`գնում է դեպի միաձուլման: Այնուհետև եզրակացրեց. «Նախագահի դերի հետ կապված՝ ՀՀ նախագահը Սահմանադրության երեք մարմինների տարանջատման առումով, ստացվում է, որ ինքը զուտ դիտորդի դերում է»:

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, թե ԲՀԿ-ն այս փուլում դեմ է սահմանադրական փոփոխություններին ու հայտարարեց. «Սահմանադրական փոփոխություններն ուղղակիորեն հեռու են այն կենսական օրակարգից, որն առաջարկում է ժողովուրդը: Երկրի հրատապ օրակարգն այլ լրջագույն խնդիրներ է ներառում` ահագնացող արտագաղթ, գործազրկություն, աղքատություն, սոցիալական լրջագույն ճգնաժամ: Այս իրավիճակում արհեստական օրակարգ պարտադրել փորձելը լավագույն լուծումը չէ»:

Հետո շեշտեց, թե ցանկացած փոփոխության կարելի է գնալ միայն այն դեպքում, երբ կա վստահության մթնոլորտ: Զոհրաբյանի համոզմամբ` Հայաստանում «վստահության գործակիցը զրոյական է և սահմանադրական փոփոխությունները պաշտպանում են խիստ կոնկրետ քաղաքական թիմի շահերը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30