Կոմիտաս 5-ի բնակիչ Գոհար Սահակյանը բնակիչների անունից վստահեցնում է, որ Կոմիտասի պող. 5 հասցեում իրականացվող շինարարական աշխատանքների վերաբերյալ ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայության կողմից արված ուսումնասիրությունները չեն համապատասխանում իրականությանը:
«Այսինքն, մեկ անգամ եւս համոզվում ենք, որ վարչապետի վերահսկողական ծառայությունը պատվեր է կատարում եւ այնպես պետք է անեն, որ ցույց տան, թե ամեն ինչ նորմալ է, մինչեւ շինարարությունն ավարտին հասցնեն»,- Aravot.am-ին ասաց Կոմիտաս 5-ի բնակիչը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Կոմիտաս 5 հասցեի բնակիչները բաց նամակ էին ուղարկել վարչապետին, խնդրել էին վերջինիս կանխել իրենց հասցեում կառուցվող շենքի շինարարությունը, որը, ըստ նրանց, կփակի ինչպես իրենց արևի լույսը, այնպես էլ շտապ օգնության մեքենաների մուտքը հարակից շենքեր:
Իսկ կառավարությունը երեկ հաղորդագրություն էր տարածել, որում նշվում էր, որ ներկա պահին աշխատանքները կատարվում են կառուցապատողին տրված ճարտարապետաշինարարական փաստաթղթերին համապատասխան:
Կարդացեք նաև
«Վերջին հույսներս նոր վարչապետի վրա էր, որը խոստումներ էր տալիս լրագրողների առջեւ, թե անօրինականություն չի լինի, ամեն ինչ կարվի օրինականության շրջանակներում, բայց ակնհայտորեն շինարարությունը չի ընթանում նախագծի համապատասխան, բայց վարչապետի վերահսկողական ծառայությունն արձանագրում է՝ ամեն ինչ նորմալ է: Կառավարության տարածած հաղորդագրությունում նշված չափումների, նորմերի մասին ուսումնասիրությունները ճշգրիտ չեն: Էնտեղ գրել են, թե արտակարգ իրավիճակների նախարարության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը նախագծի վերաբերյալ տվել է դրական եզրակացություն, բայց նման բան չկա»,- շարունակեց Գոհար Սահակյանը:
Նրա խոսքով, հիմա բնակիչներով կազմում են իրենց գրավոր պատասխանը վարչապետին ու այն լինելու է կոշտ, կհրապարակեն մի քանի օրից:
Նա նաեւ դժգոհեց, որ շինարարությունն արագացված տեմպերով է ընթանում՝ գիշեր-ցերեկ. «Ամեն հարկը կառուցվում է երկու շաբաթում, գործը սկսում են վաղ առավոտից, չեն նայում՝ մարդիկ քնած են, քնած չեն: Աշխատում են շուտ ավարտին հասցնել՝ հաշվի չառնելով բնակիչների բողոքներն ու դժգոհությունները: Մենք անհիմն չենք բողոքում, բողոքում ենք օրենքի շրջանակներում, եւ այդ շենքն անօրինական է՝ սկսած հողհատկացումից, մինչեւ չափերը»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ