Լրահոս
Օրվա լրահոսը

Լեռնիկ Ալեքսանյան. «Դեռեւս արդյունքը չտեսած՝ չի կարելի եզրակացություններ անել» (Տեսանյութ)

Հունիս 05,2014 14:10

«Աստանայում դիվանագիտական հարաբերություններ են եւ ամեն ինչ չի, որ հրապարակային է ընթացել»,- այսօր «Ֆորում» մամուլի ակումբում անդրադառնալով Աստանայում Եվրասիական տնտեսական միության հիմնադիր համագումարում տեղի ունեցած զարգացումներին՝ ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը:

ՀՀԿ-ական պատգամավորին զարմացնում է, որ մամուլը շեշտադրում է անում Նազարբաեւի կողմից ընթերցված Ալիեւի նամակին եւ որ այդ հայտարարությանը չի արձագանքել Սերժ Սարգսյանը: «Բոլորս էլ գիտեինք, որ ԼՂՀ-ն անկախ չի, Հայաստանին միացված չի, որ Մաքսային միությունը միջազգային նորմերին համապատասխան է ձեւավորվելու, որ միանգամից հնարավոր չէ այդ հարցերը կարգավորել, քիչ-քիչ պետք է հասնել լուծումների, մեր ցանկալի լուծումներին»,-ասաց նա`հավելելով, որ Հայաստանում պարզապես քաղաքական տեխնոլոգիաներ են կիրառվում: «Դեռեւս արդյունքը չտեսած՝ չի կարելի եզրակացություններ անել»,- կոչ արեց ՀՀԿ-ական գործիչը:

Aravot.am-ի հարցին ի պատասխան՝ Լեռնիկ Ալեքսանյանն ասաց, որ ինքը տեղեկացված չէ «դիվանագիտական հարաբերությունների» մանրամասներին, որ եղել են Աստանայում: Ասաց, որ պարտադիր էլ չէ, որ տեղեկացված լինի`ամեն ինչի մասին չէ, որ պետք է բարձրաձայն խոսել:

ՀՀԿ-ական գործչի`Աստանային վերաբերող այլ մոտեցումները`տեսանյութում

Քննարկմանը մասնակցող մյուս բանախոս, ԲՀԿ-ական նախկին պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը հեգնեց. «ՀՀ-ում որեւէ մեկը որեւէ բանից տեղեկացված չէ, առավել եւս՝ դիվանագիտական գործընթացներից»:

Վարդան Բոստանջյանն, ընդհանրապես, չի հասկանում, ՀՀԿ-ական գործիչների մոտեցումը. «Ես չեմ մտածում, որ պարզ կատեգորիաներից պետք է ելնել ու դրա վրա կառուցել երկրի քաղաքականությունը»: Եթե ամեն ինչ այդքան պարզ էր, նա նկատեց, որ կարելի էր չմասնակցել այդ նիստին: «Աշխարհի հզորները կարող են բացահայտ մոտեցումներ հանդես բերել, բայց Ղազախստանի ղեկավարի խոսքը, մեղմ եմ ասում, առաջացրեց ընդգծված զզվանք հայ ժողովրդի մոտ: Շատ վիրավորական էր մեր բոլորի համար: Ի՞նչ էր պարզ: Պետք է պատասխանվեր. թեկուզ կես բառով, որ այս խոսքերի ետեւում կանգնած է եղել մի ողջ ժողովուրդ, որը Քրիստոսից էլ առաջ գոյություն է ունեցել եւ մարդկությանը միտք է տվել»,- ասաց բանախոսը:

Բոստանջյանն ասաց, որ ինքը մտածում էր՝ միգուցե մտնեք ՄՄ, որպեսզի մեր երկրում ներդրումային լիցքը մեծանա: «Բայց էսքան բանից հետո, իմ մոտ մտքեր են առաջանում, որ մոլորակը կառավարող այլ ուժերից մեկի հետ համագործակցենք: Հասկանալի է, որ այս համակարգը ՀՀ-ի շահերը ստորադասում է»:

«Քաղաքականության մեջ պարզ բաներ չեն լինում, պարզը փաստերն են: Մենք ՌԴ-ի հետ ռազմավարական գործակցությունը երկրի ստեղծման օրից ենք սկսել, դեռ դրանից էլ առաջ, այնպես չի, որ մենք հիմա պիտի որոշենք ու փոխենք մեր քաղաքականությունը»,- հակադարձեց Լեռնիկ Ալեքսանյանը`հավելելով, որ պարտադիր չի հրապարակային պատասխանել-չպատասխանել. «Դեռ պարզ չի, թե Նազարբաեւի ասածը ո՞ւմ ականջի համար էր: Խնդիրն այսօր ՄՄ մտնելն է»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30