«Էկոլոգիական դաշինք» հ/կ անդամ, բնապահպան Գրետա Գաբրիելյանն անդրադառնալով Սեւանա լճից լրացուցիչ 70 միլիոն խորանարդ մետր ավելի ջուր բացթողնելու կառավարության որոշմանը, կասկած հայտնեց, որ ջուրը բաց են թողնում ոչ թե գյուղերի ջրի խնդիրը լուծելու նպատակով, այլ` Սեւանի ափին գործող խրախճանքի օբյեկտները փրկելու եւ Սեւան-Հրազդան կասկադով լրացուցիչ էլեկտրաէներգիա ստանալու համար: Տիկին Գաբրիելյանը, երբ այցելել է Արարատյան դաշտավայրի մի քանի գյուղեր, նկատել է, որ այդ գյուղերը շատ հեռու են այն ցանցից, որով պետք է ոռոգվեն, ուստի բնապահպանը գտնում է, որ կամ պետք է նոր ոռոգման ցանց անցկացնեն, ինչը քիչ հավանական է, կամ` ջրերը Սեւանից բաց են թողնում Սեւանն իջեցնելու համար:
Այսօր «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում Շրջակա միջավայրի միջազգային օրվա առիթով կազմակերպած ասուլիսին ներկա բնապահպան Սիլվա Ադամյանն էլ նկատեց, որ մեր երկրում այսօր շատ լուրջ խնդիր է հանքարդյունաբերությունը, որը մեծամասամբ իրականացվում է բաց եղանակով: Նրա խոսքերով, Անգլիայում քաղաքներից մեկի մեջտեղում հանք է շահագործվում, սակայն բնակիչները ոչ միայն չեն զգում դրա գոյությունը, այլեւ հանքից առաջացած սեւահողն օգտագործում են մեկ այլ կանաչ տարածք ստեղծելու, ծառեր տնկելու համար:
Տիկին Ադամյանի մտահոգություններն առավել մանրամասն` տեսանյութում
Գրետա Գաբրիելյանի ներկայացմամբ՝ Մելիք գյուղում ոսկու արդյունահանմամբ զբաղվող «Գլոբալ գոլդ» ընկերությունն ուզում է 4-րդ պոչամբարը բացել` չռեկուլտիվացնելով նախկին երեքը. «Պոչամբարներից ծանր մետաղները քամու, փոշու հետ սփռվում են կերահանդակներով մեկ եւ վնասում բնությանը, կենդանիներին: Մելիք գյուղի համայնքում ոչ թե ոսկու հանքն է հարստությունը, այլ` կերահանդակները, որոնք կարող են մշտապես աշխատանք ու ապրուստ ապահովել գյուղացիների համար»: Տիկին Գաբրիելյանի վկայությամբ, «Գլոբալ գոլդը» խախտում է օրենքը եւ հանքը շահագործում է առանց նախագծի եւ բաց եղանակով, մինչդեռ այդ տարբերակով շահագործելու նրա պայմանագրի ժամկետը լրացել է. «Ոչ մի տեսչական ստուգումներ այդ ընկերությունում չեն կատարվում, Մելիք գյուղը հայտնվել է «Գլոբալ գոլդի» ձեռքում` պատանդի կարգավիճակում»:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ