Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանտ Բագրատյան. «Համաձայն չեմ, որ վարչապետը կներկայացնի ՀՀ-ն Եվրասիական միությունում, նայեք փաստաթուղթը»

Հունիս 05,2014 13:42

Ինչպես արդեն տեղեկացրել ենք,  հունիսի 4-ին շարունակվում են Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի վերաբերյալ քննարկումները՝ ՀՀ քաղաքական կուսակցությունների մասնակցությամբ:

Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանն իր ելույթում տարբեր առիթներով շեշտեց բարեփոխումների անհրաժեշտությունը:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը Սահմանադրական բարեփոխումները դիտարկեց Աստանայի զարգացումների հետ, մասնավորապես այն պայմանագրի հետ, որը ՀՀ-ն պատրաստակամություն է հայտնել ստորագրել:

Ու շեշտեց. «Ես ինձ համար զարմանալիորեն Աստանայից հետո բացահայտեցի, որ մենք Մաքսային միություն չենք գնում, դա կապ չունի Մաքսային միության հետ: Պայմանագրում կան էլ կառավարման ձև, էլ աշխատանքի, հարկային քաղաքականության վերաբերյալ կետեր: Եթե դուք ծանոթ եք այդ փաստաթղթին, ապա դա պրեզիդենտների միություն է: Եվրասիական միությունը ենթադրում է, որ նախագահների միություն պիտի լինի: Ինչպե՞ս եք դա պատկերացնում: Համենայն դեպս, ՀՀ իշխանությունները հայտարարել են, որ տասը օր հետո այդ փաստաթուղթը ստորագրելու են: Հետագայում ՀՀ քաղաքական օրակարգը ելնելու է այդ փաստից»:

Հիշեցնենք, որ Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգային դրույթներից է երկրի կառավարման՝ խորհրդարանական համակարգի անցումը, ինչը ըստ էության հակասում է Եվրասիական միության շրջանակներում ՀՀ-ի ստորագրելիք պայմանագրին:
Ի պատասխան Գագիկ Հարությունյանը նշեց. «Չենք բացառում, որ ՀՀ-ն հետագայում կարող է հանդես գալ նախագահի կարգավիճակով: Կան դեպքեր, երբ որոշ երկրներ ներկայացել են վարչապետի կամ կանցլերների մակարդակով»:

Լրագրողների հետ զրույցում Հրանտ Բագրատյանը հակադարձեց Գագիկ Հարությունյանին. «Դա պարզապես ծիծաղելի է, թե մեր կողմից վարչապետը կպատասխանի: Համաձայն չեմ, որ ՀՀ վարչապետը կներկայացնի ՀՀ-ն Եվրասիական միությունում, նայեք փաստաթուղթը: Նման փաստաթուղթը պարունակում է մի ամբողջ գամմա ինքնիշխանության զիջման: Սահմանադրությունն ընդունվել է հանրաքվեով և հետևաբար այն փաստաթուղթը, որ սահմանադրական նորմերի շուրջ կեսը վերցնում է, նույնպես պիտի դրվի հանրաքվեի»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30