Ըստ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Դավթյանի՝ մինչեւ աշուն կառավարությունը Ազգային ժողով կբերի մի քանի տասնյակ օրենսդրական նախաձեռնություններ, որոնք կօգնեն հնարավորինս ազատել հարկային բեռից փոքր եւ միջին ձեռնարկությունները, եւ դրա փոխարեն ավելացնել այդ բեռը այնտեղ, որտեղ «ի վիճակի են վճարել»: Այսօր «Իրատես դե ֆակտո» ակումբում, խոսելով կառավարության առաջիկա ծրագրերից, նա ասաց. «Կա ունիվերսալ լուծում աշխարհում ընդունված՝ վերցնել խոշորներից եւ բաժանել նրանց, ովքեր դրա կարիքն ավելի շատ ունեն»:
Պատգամավորն անդրադարձավ նաեւ ԱԺ գազի հանձնաժողովի աշխատանքներին ու սահուն անցում կատարելով գազի եւ էլեկտրաէներգիայի սակագնի ձեւավորմանը, նկատեց, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում Հայաստանի քաղաքացիներ եւ որակյալ մասնագետներ են աշխատում, որոնք հենց այնպես չեն համաձայնվում որեւէ սակագնի բարձրացմանը, միայն՝ խիստ հիմնավորումների դեպքում:
Ինչ վերաբերում է կոնկրետ գազի՝ սահմանի վրա եղած գնի եւ բնակիչների համար նախատեսված սակագնի գրեթե կրկնակի տարբերությանը՝ Արտակ Դավթյանը ասաց, որ բնակչությունը ավելի բարձր սակագնով է վճարում, բայց դրա փոխարեն խոշոր սպառողները, որոնց թվում է նաեւ Երեւանի ՋԷԿ-ը, ավելի ցածր գնով են գազ ստանում: Եթե հակառակը լիներ՝ բնակչության վրա ավելի ծանր կնստեր, քանի որ էլեկտրական էներգիայի գինը կբարձրանար:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ