Լրահոս
Օրվա լրահոսը

Բաց նամակ. Տկարամտություն, մորթապաշտություն, տգիտություն թե ազգային դավաճանություն

Հունիս 05,2014 12:59

Ինչու չենք կարողանում ճահճից դուրս գալ

Հայաստանը արդեն 25 տարի է ինչ անկախություն է ձեռք բերել, բայց այդ տարիների ընթացքում լուրջ առաջընթաց չի արձանագրվել: Անկախություն ձեռք բերելուց հետո, չնայած ռազմական հաղթանակի, մենք լուրջ պարտություն կրեցինք անկախ պետության շինարարության , օրենքի գերակայության հաստատման և տնտեսական զարգացման ասպարեզներում:

Երկրում սկսված արտագաղթը ոչ միայն չի դադարում, այլ ավելին, այն դառնում է ահագնացող: Այսօր երիտասարդների մեծամասնությունը ձգտում է լքել երկիրը, որովհետև կորցրել է հավատը սեփական երկրում արժանապատիվ ապագա ունենալու նկատմամբ: Երկրում որևէ լուրջ խնդիր իր լուծումը չի ստանում, չեն լուծվում ոչ միայն ստրատեգիական, այլև տարրական խնդիրները: Չնայած պետական շինարարության համար քսան տարին ահռելի ժամանակահատված է:

Նման իրավիճակի տևական լինելը հղի է ծանր հետևանքներով: Այս մասին խոսակցությունները սկսվեցին դեռ 1990-ական թվականներից և մինչ օրս կարելի է նույն քննադատական խոսքերը կրկնել, քանի որ մինչ այժմ համարյա ոչինչ չի փոխվել, ավելին` անկում են ապրել քաղաքացիների բարոյահոգեբանական տրամադրությունները, հանգեցնելով արտագաղթի էլ ավելի խթանմանը:

Որն է այս ամենի պատճառը

Ցավոք սրտի, Արցախյան շարժումը ազգային ազատագրական պայքարին համընթաց չվերածվեց անկախ պետականության ստեղծման քաղաքացիական շարժման: Արդյունքում՝ հանկարծակի իշխանության եկած անձանց խմբավորումը չկարողացավ դիմակայել իշխանության գայթակղությանը և երկիրը վերածեց բրգաձև ենթակայությամբ, շեյխական համակարգով կառավարվող մի թաղամասի, հույս ունենալով երկարատև տարիներ կառավարել երկիրը: Հետագայում ստեղծված կլանային քրեաօլիգարխիկ կառավարման համակարգը ամրագրվեց և խորացավ: Իրականում մեր երկիրը նման իրավիճակում է հայտնվել, ոչ միայն իշխանությունում գտնվող անձանց իշխելու և անձնական շահը ազգայինից բարձր դասելու, այլև ընդդիմադիր դաշտում գործող գործիչների նմանատիպ գործելակերպի հետևանքով:

Արդյունքում քաղաքական դաշտը ազգանվեր գործիչների փոխարեն լցվեց մորթապաշտությամբ տառապող և նյութապաշտ անձանցով: Անկախ նրանից թե նրանք ինչ ճանապարհ են անցել՝ քաղաքական, ռազմական, թե հասարակական, այսօր նրանց մեծամասնությունը պատրաստ են ցանկացած պահին փոխել իրենց կաշին, քաղաքական կամ հասարակական դաշտում դիրք ձեռք բերելու և ֆինանսական դրությունը բարելավելու համար: Հետևաբար նման հասարակական և քաղաքական գործիչների վարած գործունեությամբ փոխել երկիրը` գրեթե անհնարին է: Երկրում համատարած կաշառակերության, անպատասխանատվության, ստախոսության, բարոյալքման, մենաշնորհային տնտեսության, հիասթափության և այլ խնդիրների լուծման բանալին, ոչ այնքան պաշտոնատար անձանց կամ քաղաքական խմբավորումների տեղափոխման մեջ է, որքան բացարձակ անպատժելիություն ապահովող պետական կառավարման համակարգում:Որն էլ ձևավորում է քաղաքական դաշտի որակը:

Ազգանվեր գործիչը դուրս է մղվում, իսկ կամակատարն ու մորթապաշտը դառնում են առաջատար: Այն ստեղծվեց 1990-ականների ընթացքում, երբ բոլորի աչքի առջև խեղաթյուրվեց սահմանադրական գործընթացը, կեղծվեց սահմանադրության հանրաքվեն, զավթվեց ժողովրդի ձեռքից իշխանությունը և ժողովրդի վզին փաթաթվեց բացարձակ անպատժելիություն ապահովող կենտրոնացված իշխանություն: Կառավարման լծակներից զուրկ քաղաքացիները չէին կարող կասեցնել երկրի թալանը, քրեաօլիգարխիկ հանցավոր խմբերի առաջացումը, քանի որ հենց նրանց ձեռքում էր կենտրոնացված ողջ իշխանությունը, ֆինանսները և տեղեկատվությունը:

Ողջ աշխարհում հայտնի է, որ ցանկացած երկրում ամենամեծ հանցագործությունը դա իշխանության զավթումն է: Հայաստանում վերը նշված գործընթացներից հետո, երբ բոլորին պարզ էր, որ կեղծվել է հանրաքվեն, չնչին բացառությամբ, համարյա ոչ մի քաղաքական ուժ կամ հասարակական միավոր, ոչ մի լրատվամիջոց, չի փորձել լուրջ անդրադառնալ այդ մեծագույն հանցանքին, ոչ էլ պայքարել ժողովրդից զավթված իշխանությունը ետ վերադարձնելու համար: Նրանք նույնիսկ արյուն թափելու համարձակությամբ պայքարել են զավթված իշխանությանը տիրելու, բայց ոչ երկրի դրվածքը փոխելու, ժողովրդից վերցված իշխանությունը վերադարձնելու համար, որովհետև նրանք բոլորն էլ ձգտում են իշխել, այլ ոչ թե ծառայել ժողովրդին:

Այս 25 տարիների ընթացքում ոչ ոք իր կատարած հանցանքների, խոստումների, դեմագոգիայի, ժողովրդին խաբելու, ժողովրդին տեղեկատվությունից զրկելու համար ոչ մի պատասխան չի տվել, և բացի այդ նույնիսկ չի ցանկացել ընդունել իր իսկ կատարած հանցանքի մեծությունը, որն էլ ավելին է, քան Ազգային Դավաճանությունը: Նույնիսկ դավաճանների տված վնասները ոչ միշտ են այսքան զարհուրելի չափերի հասնում, երբ թալանվում և բռնաբարվում է մի ողջ ժողովրդի ներկան և ապագան: Ժողովուրդը այս մեծաթիվ մորթապաշտների մեջ չի կարող կողմնորոշվել և ընտրել անհրաժեշտ ուղին, առավել ևս , երբ արգելափակված է գլխավոր թեման և այդ թեման արծարծող գործիչների լուսաբանումը:

Քաղաքական դաշտում մորթապաշտներին ազգային գործիչներից տարանջատելու միակ ուղին այն է, երբ ամեն գործիչ իր կողմից հնչեցրած մտքերի, առաջարկների, ժամկետային ծրագրային դրույթների իրագործման համար դաժան պատասխանատվություն կվերցնի և կկրի: Միայն այդ կերպ կարելի է տարանջատել մորթապաշտներին արժեքավոր գործիչներից, այլապես անհնարին է նույնիսկ դեմագոգներին լռեցնելը:

Այսօր ոչ մի լրագրող, խմբագիր և լրատվամիջոցի սեփականատեր իրեն պետական հանցագործ չի համարում, չնայած 19 տարի է, ինչ ամեն գնով թաքցվում է 1995թ-ին ժողովրդից իշխանության զավթման փաստը, որը շատ անգամ ավելի ծանր է, քան Ազգային դավաճանությունը, կամ քրեական ցանկացած հանցանք: Ինչ եք կարծում, այս հոդվածը որևէ տեղ կտպվի կամ ուշադրության կարժանանա, ձեր կարծիքով որևէ լրագրող, խմբագիր կամ լրատվության սեփականատեր, պաշտոնատար, մեծահարուստ, հասարակական կամ քաղաքական անձ անհարմար կզգա իրեն երկրին և ժողովրդին դավաճանելու համար:

Երկրի նախագահի որևէ պաշտոնակատար երբևիցե կհասկանա, որ ներկա ժամանակավոր կյանքը ոչինչ է հայրենիք և ժողովուրդ արժեքների նկատմամբ, որ պատմության էջերում երկրի կառուցման գործը շատ անգամ ավելի արժեքավոր է, քան փոշուն նմանվող հարստությունը: Կմտածի արդյոք, որ ընդամենը տարի ու կես ժամկետում կարելի է վերափոխել երկիրը վերածելով օրենքի երկրի: Ինքներդ եզրակացրեք հետևելով հոդվածի անդրադարձներին:

Աղասի ՄԱՆՈՒԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. մարգար says:

    Աղասի ջան շատ ճիշտ ես: Բայց մի լուրջ հարց կա այստեղ – մեր ժողովրդի որ տոկոսն է գիտակցում հանրային շահի առաջնությունը անձնականի նկատմամբ? Պետք է ընդունել որ տվյալ որակի ժողովուրդն ունենում է իրեն համապատասխան իշխանություն եւ թե ընդիմություն: Այսինքն՝ մեր դժբախտությունը շատ ավելի խոր է – նախ սեփական որակը պիտի բարելավել (որը սակայն, կարող ենք չհասցնել!)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30