«Չորրորդ իշխանություն» թերթի լրագրող Անի Գևորգյանն երեկ դիմում է ներկայացրել ՀՀ Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) պետ Վահրամ Շահինյանին` քննիչ Արշալույս Մինասյանին պատասխանատվության ենթարկելու համար:
Aravot.am-ի հետ զրույցում լրագրողը ասաց, որ մայիսի 31-ին ՀՔԾ-ում իր եւ ոստիկանության Կենտրոնի բաժնի պետ Արտակ Պողոսյանի առերեսման ժամանակ քննիչ Արշալույս Մինասյանը, գրի առնելով իր հարցին Պողոսյանի բանավոր պատասխանը, դիտավորյալ աղավաղել է այն:
«Բուն հարցաքննության բովանդակության հետ կապված «փակագծերը» չեմ կարող բացել՝ նախաքննական տվյալներ չբացահայտելու պահանջից ելնելով: Ցուցմունքները նախաքննական գաղտնիություն են պարունակում, ուստի կոնկրետ ինչ ցուցմունքի վերաբերյալ է Արշալույս Մինասյանը կեղծում կատարել, այս պահին չեմ կարող ասել:
Միայն կարող եմ նշել, որ Կենտրոնի ոստիկանության պետ Արտակ Պողոսյանը, ինչպես եւ սպասվում էր, կեղծ ցուցմունք տվեց, ամբողջությամբ կեղծ ներկայացրեց այն , ինչ տեղի է ունեցել փետրվարի 12-ին, Կենտրոնի ոստիկանության բաժնում, բնականաբար չընդունելով այն, ինչի մասին ես հանցագործության վերաբերյալ հաղորդում եմ ներկայացրել Հատուկ քննչական ծառայություն»,-ասաց «Չորրորդ իշխանություն» թերթի լրագրողը:
Կարդացեք նաև
Նա նաեւ հավելեց. «Ես գիտակցում եմ, թե որտեղ եմ ապրում, առաջին անգամը չէ, որ իրավապահ մարմինների կողմից նման ապօրինություններ են տեղի ունենում: Ես շատ լավ գիտեմ, որ դա արել է քննիչը ոչ թե իր, այլ ամբողջ համակարգի կողմից, քանի որ նման բաները արվում են հատուկ հրահանգով՝ իշխանությունների կողմից: Հնարավոր չէ, որ Հայաստանում գոնե շարքային, էլ ուր մնաց բարձրաստիճան պաշտոնյան, այս դեպքում՝ ոստիկանը պատասխանատվության ենթարկվի՝ առանց հատուկ որոշման: Ու եթե հանկարծ իմ դիմումը պատահաբար ընթացք ստանա, դա կլինի բացառապես հատուկ հրահանգի արդյունքում, որովհետեւ այդ պահին իշխանություններին ցանկալի կլինի այդ քննիչին պատասխանատվության ենթարկելը, հակառակ դեպքում՝ նման բան լինել չի կարող: Տարիներ շարունակ տեսնում ենք, թե ինչ է կատարվում, ինչպես են ցուցմունքներ կեղծվում, սուտ վկաներ բերվում, եւ չենք կարող մատնանշել գոնե մեկ դեպք, երբ իսկապես արդար քննություն է իրականացվել եւ պատասխանատվության են ենթարկվել մեղավորները, բացառությամբ այն դեպքերի, երբ իշխանությունները ցանկացել են շոու սարքել՝ ժողովրդին ինչ-որ բան ներկայացնելու համար:
Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին, երեկոյան ժամը 19-ի սահմաններում, Երեւանի Մաշտոցի պողոտայում մի խումբ ոստիկաններ խոչընդոտել էին Անի Գեւորգյանի գործունեությանը եւ, բիրտ ուժ կիրառելով, բերման ենթարկել ոստիկանության Կենտրոնի բաժին։ Ավելին, բռնություն գործադրելով վերցրել ու չէին վերադարձրել տեսախցիկի հիշողության քարտը: Քրեական գործը, որով Անի Գեւորգյանին կանչել էին քննչական գործողության, վերաբերում է հենց փետրվարի 12-ի դեպքին:
Aravot.am-ը մեկնաբանություն խնդրեց նաեւ ՀՔԾ լրատվական ծառայության պետ Միքայել Ահարոնյանից: «Հատուկ քննչական ծառայության վարույթում շարունակվում է քաղաքացի Անի Գեւորգյանի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ եւ 309-րդ հոդվածների 2-րդ մասերի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քաղաքացի Անի Գեւորգյանի դիմումի հիման վրա Հատուկ քննչական ծառայության պետն անհապաղ նշանակել է ծառայողական քննություն՝ դիմումում մեջբերված փաստերը ստուգելու կապակցությամբ»,- ասաց պարոն Ահարոնյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ