Օրերս Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր ընտրվեց գրող, կինոգետ, Հայկական ազգային կինոակադեմիայի նախագահ ԴԱՎԻԹ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ:
– Ի՞նչ ծրագրերով է եկել նոր ռեկտորը։
-Ես առանձնապես հակված չեմ այն մտայնությանը, թե այս կամ այն հիմնարկում նոր ղեկավարը պետք է զրոյից սկսի: Այդ հոգեբանությունը հեռու չի տանում: Ինստիտուտի 70-ամյակի տարին է, այն հսկայական ճանապարհ է անցել, ձեւավորված ավանդույթներ ունի։ Նախորդ տարիների ընթացքում տարբեր ռեկտորների աշխատանքի շնորհիվ կուտակված հարստությունը նաեւ մերն է, եւ մենք հո դրանից չե՞նք հրաժարվելու:
Ինձ թվում է` ոչ թե պետք է ինչ-որ բան փոխել, այլ պետք է եղածին նոր բան ավելացնել, այսինքն` կա նաեւ նոր ժամանակների նոր պահանջների անհրաժեշտությունը: Չպետք է մոռանալ, որ այս կրթօջախում խմորվում, կրթվում է հայ մտավորականների վաղվա մի սերունդ, եւ այդ առումով կարեւոր են թե՛ մթնոլորտը, թե՛ ուսումնական ծրագրերը: Անկախ նրանից, ռեժիսոր, բեմանկարիչ, դերասան, հնչյունային օպերատոր, կինոգետ կամ թատերագե՞տ են դառնալու, խնդիրը ունիվերսալ է` արվեստագետ կրթելը, գեղարվեստական անհատականություն ձեւավորելն է։
Կարդացեք նաև
-Արվեստի միջոցո՞վ:
-Ավելի ճիշտ՝ արվեստի մեջ, որովհետեւ արվեստը միջին թվաբանական պարզապես չի սիրում: Պետք է բուհի շրջանավարտներն ստանան ընդհանուր ունիվերսալ, ինտելեկտուալ մշակութային կրթություն: Հատկապես վերջին տարիներին ասում ենք, որ շուկան մշակույթ է թելադրում, եւ այդ շուկայի հետ պետք է հաշվի նստել, հասկանալ նրա պահանջները:
Օրինակ, շուկան պահանջում է, որ նոր իրողություններում ունենաս պրոդյուսերներ (իսկ հայկական պրոդյուսերական դպրոցը նոր-նոր է ձեւավորվում), ուստի պիտի համապատասխան մասնագետներ պատրաստել, որոնք ի վիճակի կլինեն կինոյի եւ թատրոնի ասպարեզում այդ բացը լրացնել:
Այսինքն` մեր շրջանավարտը պետք է լիարժեք կրթված, մշակութային արժեհամակարգի տեր մտավորական լինի, պետք է ունենանք այնպիսի սերունդ, որը արվեստի անունից գնա շուկա եւ ոչ թե շուկայի անունից գա արվեստ: Եվ այս դեպքում ոչ միայն շուկան կթելադրի արվեստին, այլեւ արվեստը` շուկային:
Ռուսլան ԹԱԹՈՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում