Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյան. «Սահմանադրությունից վեր ուժեր ու մարդիկ կան»

Հունիս 05,2014 11:31

Այսօր շարունակվեցին մայիսի 21-ին մեկնարկած՝  Հայաստանում սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի վերաբերյալ քննարկումները: Այս անգամ դրանք ծավալվեցին կուսակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Տրայան Հրիսթեան շեշտադրում կատարեց այն հանգամանքի վրա, թե կարևոր է, որ բոլոր կողմերը որոշում կայացնեն՝ բարեփոխումներն անհրաժե՞շտ են, թե՞ ոչ:

Այնուհետև առանձնացրեց երեք կարևոր հարց. «Պետք է քննարկել՝ բարեփոխումներն անհրաժեշտ են, թե՝ ոչ, և երբ, կառավարությանը որ համակարգն է պետք, ու սահմանադրական բարեփոխումները որքանով են կապված ընտրական բարեփոխումների հետ: ԵՄ-ը չի կարող Հայաստանին խորհուրդ տալ, թե ինչ կառավարման համակարգ պետք է ունենա, դա ինքնիշխան որոշում է, ցանկացած համակարգում բարելավվելու տեղ կա: Հատկապես ուժերի հավասարակշռության տեսակետից, ինչն ամենակարևորն է»:
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար դեսպան Անդրեյ Սորոկինը ևս շեշտեց այս հարցում կուսակցությունների դիրքորոշումը հաշվի առնելու հանգամանքը ու մանրամասնեց. «Այս քննարկումները թույլ կտան գտնել իրավական լուծումներ ու իրականացնել համակարգային խորը փոփոխություններ ու բարեփոխումներ: Այս առումով կարևոր է քաղաքական կուսակցությունների դերը. տարբերություն չեմ դնում իշխանություն կամ ընդդիմություն, յուրաքանչյուրն իր կարևոր դերն ունի այս մեծ քաղաքական նվագախմբի մեջ, իսկ դիրիժորը պետք է լինի ժողովուրդը»:
Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը փաստեց, որ «Սահմանադրության շատ հոդվածներ մնացել են կարգախոսային մակարդակում, քանի որ չկան դրանց իրականացման համապատասխան մեխանիզմներ»:

Այնուհետև նշեց, թե ժամանակին իրավիճակն այնքան էր աղավաղվել, որ արդարադատությունն իր իմաստը կորցրել էր ու «37-ի հոտ էր փչում»: Ներկայումս գոյություն ունեցող շատ խնդիրների պատճառներ պարոն Հարությունյանը նաև այս իրավիճակում է տեսնում ու նշում. «Ժամանակին կոնկրետ դատարան էր ստեղծում, կոնկրետ գործի համար, այնուհետև այն ցրվում էր»:

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հակադարձեց. «Սահմանադրության բազմաթիվ դրույթներ մնում են կարգախոսային մակարդակով այն պարզ պատճառով, որ չկա դրանք իրագործելու քաղաքական կամք: Մեզանում շատ դեպքերում Սահմանադրությունից վեր ուժեր ու մարդիկ կան, մեր երկրի գլխավոր խնդիրը ոչ թե լավ կամ վատ օրենքն ու Սահմանադրությունն է, այլ դրանք կիրարկելու ու կյանքի կոչելու պատրաստակամության հարցը»:

Գագիկ Հարությունյանը հակադարձեց. «Իհարկե, քաղաքական կամքը կարևոր է, բայց ոչ թե պիտի մնանք մարդու կամքին՝ գիշերը լա՞վ, թե՞ վատ երազ է տեսել: Բայց ոչ միայն քաղաքական կամքը, այլև իրավական համակարգի մեխանիզմներն ինձ համար բացառիկ կարևորություն ունեն»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30