Հենց նոր Aravot.am-ը ահազանգ ստացավ Արթիկ քրեակատարողական հիմնարկում գտնվող Արմեն Կիրակոսյանի հարազատներից, որ վերջինս երեկվանից հացադուլ է հայտարարել: Նա այս միջոցով բողոքում է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Մարալիկի նստավայրի այն որոշման դեմ, որով իրեն մերժում են վաղաժամկետ ազատ արձակել կամ կիսաբաց ռեժիմից անցնել բաց ռեժիմի:
Հարազատների ասելով, նա ազատազրկման է դատապարտվել 5 տարի 8 ամիս ժամկետով, համարյա 3 տարի կրել է իր պատիժը, բայց քանի որ դրական բնութագիր ունի, ըստ օրենքի, դիմել է պայմանական վաղաժամկետ ազատ արձակման հանձնաժողովի` ազատ արձակվելու կամ ռեժիմը փոխելու խնդրանքով ու մերժվել է : Արմեն Կիրակոսյանը դատի է տվել հանձնաժողովին, սակայն դատարանը չի բավարարել նրա խնդրանքը:
Արմեն Կիրակոսյանի հարազատները անհանգստացած են, քանի որ նրանց ասելով, բանտարկյալը երիկամների լուրջ խնդիր ունի և հացադուլին դժվար թե դիմանա:
Ի դեպ , նրանք նաև փոխանցեցին, որ վաղաժամկետ չազատվելու պատճառով հացադուլ են սկսել այդ նույն քրեակատարողական հիմնարկի երկու բանտարկյալներ ևս`Կարեն Փայտյանը և Արթուր Բաղդասարյանը:
Քրեակատարողական հիմնարկների հասարակայնության և լրատվության հետ կապերի բաժնի պարզաբանումները՝ քիչ անց:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Կարդացեք նաև