«Հայաստան» մարզական հասարակական կազմակերպության աթլետիկայի մանեժը երեկ տրամադրվել էր մանուկներին:
Երեւանի քաղաքապետարանի «Երեւանյան ամառ» մարզամշակութային ծրագրի շրջանակներում վեցերորդ անգամ անցկացվեցին համալիր մրցումներ՝ մայրաքաղաքի 12 վարչական շրջանների մեկական մանկապարտեզի սաների մասնակցությամբ, որոնք հաղթահարել էին առաջին փուլը:
Երեխաներն առաջին անգամ էին հանդես գալիս իսկական մրցումային դահլիճում, սակայն շատ արագ հարմարվեցին պայմաններին: Նրանք մրցեցին օղակով փոխանցումավազք, ցատկ տեղից, լցոնված գնդակի նետում եւ պարանի ձգում մրցաձեւերից:
Կազմակերպիչների սկզբունքն այն է, որ այս մրցումներում տեղեր չեն գրանցվում: Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի եւ երիտասարդության հարցերի բաժնի պետ Յուրի Մանուկյանն «Առավոտին» ասաց. «Այս մրցույթն անցկացվում է արդեն վեցերորդ տարին եւ արդեն կայացած միջոցառում է: Այստեղ հաղթողներ չեն լինում: Մասնակից բոլոր երեխաները որպես նվեր ստանում են մարզաշապիկներ, իսկ մանկապարտեզները՝ շնորհակալագրեր եւ գնդակներ: Մեր առաջնային խնդիրը առողջ սերունդ դաստիարակելը եւ ունենալն է: Այս մրցումների ժամանակ գրանցում ենք բոլոր մասնակիցների անհատական արդյունքներն ու տվյալները, որոշակի վերլուծություն անում եւ եզրակացություններն ուղարկում մանկապարտեզներ, որպեսզի տեղերում ավելի լավ տեղյակ լինեն իրենց սաների ֆիզիկական հնարավորություններին»:
Ա. ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
04.06.2014