Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ում պսակադրությունն արժե 1450 դոլար

Հունիս 05,2014 14:00
harsaniq

Ըստ տեր Վահրամի, այդ գումարներով եկեղեցու
պահպանությունն է իրականացվում

Վերջերս EmaxHealth: Daily Health News առցանց պարբերականի ամերիկաբնակ խմբագիր Արմեն Հարեյանին ծանոթներից մեկը խնդրել էր տեղեկանալ՝ արդյոք կա՞ Լոս Անջելեսի մոտ գտնվող Հայ առաքելական եկեղեցի, որպեսզի այնտեղ կատարվի որդու պսակադրությունը: Պարզվել էր՝ ամենամոտը Սուրբ Ղեւոնդ առաջնորդանիստ եկեղեցին էր: Պարոն Հարեյանը զանգել էր ու տեղեկացել, որ պսակադրության կարգն արժե 1450 դոլար, որը զեղչման ենթակա չէ: Այս մասին Արմեն Հարեյանը գրառում էր կատարել Ֆեյսբուքում եւ մտահոգություն հայտնել, որ այսպես մարդիկ հեռանում են քրիստոնեական հավատքից:

«Առավոտը» խոսեց պարոն Հարեյանի հետ, պարզելու՝ արդյոք Լոս Անջելեսի առաքելական եկեղեցին այդպես էլ չփորձե՞ց աջակցել եւ ինքը միայն քարտուղարուհու հետ խոսելո՞վ է բավարարվել, եկեղեցուն այլ կերպ դիմե՞լ է. «Ես նաեւ էլեկտրոնային նամակ գրեցի Սբ. Ղեւոնդ եկեղեցու հովվին, թե ինչ արժե պսակադրությունը: Նրանից ստացա երկտող պատասխան, որ պսակադրության խորհրդի գինն արժե 1450 դոլար: Ես շնորհակալություն հայտնեցի պատասխանի համար եւ ափսոսանք: Փաստորեն, ինձ հետ զրուցած քարտուղարուհին հստակ տիրապետում էր տեղեկատվությանը՝ դատելով մեր հեռախոսազրույցից: Հեռախոսազանգը կոնտակտի առաջին կետն է: Երբ հեռախոսով եկեղեցու քարտուղարուհին զեղչի համար իմ հարցին ասում է, սովորաբար՝ ոչ, քանի՞ հայ տղամարդ կգնա եկեղեցի եւ երկրորդ անգամ կխնդրի ավելի թախանձագին»,- նշեց Հարեյանը: Նա մեզ հետ զրույցում նաեւ անկեղծացավ, թե նույն Կալիֆոռնիայում կան նվիրյալ հոգեւորականներ, որոնք առանց դրամ պահանջելու էլ սիրով կատարում են իրենց առաքելությունը: Նրա խոսքով. «Ժողովուրդն էլ դա տեսնում է եւ կամավոր վարձահատույց լինում: Նյու Յորքում նույնպես բարձր գներ են: Տարբեր թեմերում տարբեր է վիճակը: Իմ ընկերներից մեկը տարիներով հետաձգում էր իր 3 երեխաների մկրտությունը, որովհետեւ ամեն երեխայի համար 300 դոլար էին ուզում: Նա էլ ամաչում էր սակարկել»:

Իսկ ինչ վերաբերում է իր ծանոթին, պարոն Հարեյանն ասում է, որ դեռ որոշում չեն կայացրել, թե որտեղ կանեն պսակադրությունը, ասել են, թե Սուրբ Ղեւոնդում սահմանված պսակադրության գինը շատ բարձր է. «Իրենք էլ աշխատավոր երիտասարդներ են, եւ ահա նման բաների պատճառով միանգամից վանվում են եկեղեցուց: Ես երեք զավակ ունեմ: Երբ իրենց հերթը հասնի, ես էլ չեմ կարող այսպիսի գումարներ վճարել: Իմ ծանոթները տեղեկացել էին, որ Լոս Անջելեսում կա մի այլ (մի քանի հայկական եկեղեցիներ ունենք այնտեղ), ավելի փոքր եկեղեցի, ուր կարծեմ պսակադրության կարգ կատարելը 400-600 դոլար է: Պիտի գնային այնտեղ ու խոսեին: Մնացածը չգիտեմ: Ես այս ցավի մասին երկու տարի առաջ լսել էի Հայաստանում: Իմ կողմից շատ հարգված մի ուսուցիչ ինձ պատմեց ճիշտ այսպիսի մի պատմություն, որի պատճառով իր ազգականները հեռացել էին եկեղեցուց ու գնացել այլ տեղ…»:
Արմեն Հարեյանն առաջարկում է խնդրի լուծման իր եղանակները. «Պետք է շեշտը դնել Աստծո խոսքը մեր ժողովրդին նոր թափով քարոզելու վրա: Մարդիկ եկեղեցի են գալիս այս աշխարհից հոգնած եւ սպասում են, որ եկեղեցում հոգեւոր կյանքի բանալի կստանան, բայց հաճախ դեմ են առնում աշխարհիկ բարքերի, սովորությունների ու հիասթափվում: Կարծում եմ, որ, օրինակ, պատարագի ժամանակ քարոզխոսությանը պետք է տրվի հատուկ ուշադրություն, այն լինի խնամքով պատրաստված: Մարդիկ այդ պահին պետք է այնպես կապվեն հավատքին ու մեր եկեղեցու քրիստոնեական ուսմունքին, որ անհամբեր սպասեն հաջորդ կիրակի օրվա քարոզին»: Պարոն Հարեյանը հավատացած է, երբ արդեն եկեղեցիները լի լինեն նվիրյալ ու հավատացյալ ժողովրդով, ֆինանսական դժվարություններ չենք ունենա, որովհետեւ կունենանք ժողովուրդ, որ սիրում ու պահում է իր եկեղեցին՝ ինչպես իր ընտանիքը:

«Երբ մեկը զանգում է եկեղեցի կամ գալիս է եկեղեցի հարցնելու՝ ինչ արժե (պսակ, մկրտություն եւ այլն), պատասխանը հայ եկեղեցում՝ Ավստրալիայից մինչեւ Կանադա ու Արգենտինայից մինչեւ Վլադիվոստոկ, պետք է լինի մեկը՝ անվճար: Կարելի է ասել նաեւ՝ սարկավա՞գ եք ուզում մասնակցի, խնդրեմ, զանգահարեք՝ իր հետ պայմանավորվեք: Երաժշտությո՞ւն եք ուզում, խնդրեմ, դպիրապետի հետ պայմանավորվեք: Այս մարդիկ մասնավոր, կամավոր ծառայողներ են, եթե ուզում եք նրանց ներկայությունը, խնդրեմ, զանգահարեք՝ պայմանավորվեք»,- ասում է նա:

Հայ առաքելական եկեղեցու տարբեր թեմերում ծիսակատարությունների համար գանձվող գումարի մասին խոսեցինք Մայր աթոռի տեղեկատվական համակարգի պատասխանատու տեր Վահրամ քահանա Մելիքյանի հետ: Նա նշեց, որ չնայած Մայր աթոռն ունի իրավասություն՝ հարկ եղած դեպքում միջամտելու վերը նշված հարցում, սակայն յուրաքանչյուր թեմ առաջնորդվում է իր կանոնադրությամբ: «Յուրաքանչյուր եկեղեցում իր ժողովուրդը գումար է հատկացնում եկեղեցու պահպանության համար եւ նաեւ ծխական խորհուրդները տեղական խորհրդի հետ միասին կարողանում են որոշել որոշակի գումարներ՝ տարբեր ծիսակատարությունների դիմաց: Այդ գումարների հատկացումն ինչպե՞ս է կատարվում. նայում են այդ եկեղեցու կենսագործունեության համար անհրաժեշտ ծախսերը, որոնք պետք է փակվեն այդ համայնքի կողմից, այսինքն՝ եթե ես Փասադենայի կամ Լոս Անջելեսի Սրբոց Ղեւոնդյանց ծխից եմ, ե՛ւ իմ տարեկան տուրքն եմ տալիս տաճարին, ե՛ւ նաեւ, եթե իմ ընտանիքը ծիսակատարություններ է կազմակերպում, դրանց դիմաց վճարումներ է անում, որից հոգեւորականի ամսական աշխատավարձն է գոյանում: Եվ շատ տաճարներ, օրինակ, այնտեղ կառուցվում են ոչ ինչպես Հայաստանում է ընդունված՝ ամբողջական գումարով, այլ նախնական կանխավճարային վճարումով՝ տարիների ընթացքում վճարում են բանկերին, դրա համար են այդ գումարները ծախսվում»:

Հայաստանում, ըստ տեր Վահրամի, իրավիճակը այլ է, ծիսակատարությունների համար հիմնականում կամավոր են վճարում եւ հատուկ սահմանված գին չկա, որովհետեւ այստեղ ծխական համայնքների գաղափարը չի գործում. «Սփյուռքում իրողությունները տարբեր են, եւ մարդիկ իրենց կյանքը կապում են ուղղակի եկեղեցու հետ, որովհետեւ եկեղեցին է իրենց համար այն կենտրոնը, որը կազմակերպում է հոգեւոր, ազգային, մշակութային կյանքը: Իրենց համար ընկալելի է, որ այդ գումարներով, ի վերջո, այդ եկեղեցու պահպանությունն է իրականացվում»:

Խոսելով այս դեպքի մասին, տեր Վահրամը համոզմունք է հայտնում, որ եթե պսակադրվողները դիմեին եկեղեցու հոգեւորականներին, ապա աջակցություն կստանային եւ չի կարծում, թե տարբեր ծիսակատարությունների համար գումար գանձելով՝ եկեղեցին վանում է իրենից ժողովրդին: «Փառք Աստծո, հայաստանյաց եկեղեցին՝ թե իր եկեղեցականներով, թե իր կառույցներով պատրաստ է աջակցել իր զորակցության կարիքն ունեցող յուրաքանչյուրին: Եկեղեցին երբեք նպատակ չի հետապնդել մարդուց գումար կորզելու: Ամեն ինչ կամովի է արվում, մարդու կողմից, մյուս կողմից էլ՝ եկեղեցին է իր ծառայությունը ժողովրդին բերում, եւ եկեղեցին պետք է կարողանա պահպանել այդ ամենը»,- ասում է նա:

ՀՌԻՓՍԻՄԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
04.06.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30