Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ պաշտպանյալը օգտվել է արձակուրդ գնալու իր իրավունքից եւ ցանկացել է բուժվել»

Հունիս 05,2014 14:15

Առողջական խնդիրներ ունեցող զինվորականի փաստաբան
Կարինե Գասպարյանը համաձայն չէ նրան առաջադրված մեղադրանքի հետ

ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Կարինե Գասպարյանը դիմել է ՀՀ Վերաքննիչ քրեական դատարան` պահանջելով բեկանել իր պաշտպանյալ Ցոլակ Խաչատրյանի նկատմամբ ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած դատավճիռն ու նրան արդարացնել:

Համաձայն մեղադրական եզրակացության` Ցոլակ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ ՊՆ թիվ N զորամասի շտաբի պետի տեղակալ, կոչումով մայոր, 2013թ. հունիսի 24-ից առանց հարգելի պատճառների ծառայության չի ներկայացել:

ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը, նախագահությամբ դատավոր Մուշեղ Հարությունյանի, Ցոլակ Խաչատրյանին մեղավոր է ճանաչել, վերջնական պատիժ սահմանել ազատազրկում՝ 3 տարի ժամկետով:
Դատարանը, սակայն, կիրառել է ՀՀ քրեական օրենսգրքի 70 հոդվածը եւ պատիժը պայմանականորեն չի կիրառել` սահմանելով փորձաշրջան 2 տարի ժամանակով` վարքի վերահսկողությունը դնելով վերջինիս զորամասի հրամանատարության վրա:

«Չնայած դատավճռի հետ անհամաձայնություն ունեինք, բայց պաշտպանյալս որոշեց բողոք չգրել. նա հաշվի առավ այն հանգամանքը, որ գտնվում է ծառայության մեջ, ցանկանում է հետագա քաշքշուկներից զերծ մնալ, հաշվի առավ նաեւ ունեցած առողջական խնդիրները: Եւ միայն մեղադրողի վերաքննիչ բողոքից հետո մենք եւս հանդես եկանք բողոքով»,- «Առավոտի» հետ զրույցում ասում է փաստաբան Կարինե Գասպարյանը:

Նա տեղեկացնում է, որ իր պաշտպանյալը, ունենալով լուրջ գերլարվածություն, գերհոգնածություն, ում մոտ ՀՀ ՊՆ Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովը հետագայում սրտի հաղորդականության խանգարում է ախտորոշել եւ զինծառայության համար պիտանի ճանաչել սահմանափակումով, հանգստանալու եւ անհրաժեշտ բուժման կուրս անցնելու նպատակով 2013 թվականի հունիսի 5-ին զեկուցագիր էր գրել վերոնշյալ զորամասի շտաբի պետին` խնդրելով իրեն հատկացնել 2013 թվականի իր հասանելիք արձակուրդից 15 օր ժամանակ:

«Նշված զեկուցագրի վրա զորամասի շտաբի պետը իր գրառմամբ միջնորդել է զորամասի հրամանատարին, որ Ցոլակ Խաչատրյանին արձակուրդ տրամադրվի սպասվելիք զորավարժություններից հետո, իսկ հրամանատարը մակագրել է՝ «հատկացնել հետո»: Պաշտպանական կողմիս մոտ խիստ կասկածի տակ է առնվում զորամասի հրամանատարի կողմից «հետո» բառի առկայությունը մակագրությունը դնելու պահին: Եղել է հատկացնել մակագրությունը, իսկ «հետո» բառը հետագայում է ավելացվել, այլապես նույն զեկուցագրի վրա չէր կարող առկա լինել «ի կատարումն» մակագրությունը»,- ասում է փաստաբանը` կարծիք հայտնելով նաեւ, որ նույն հրամանատարի մակագրության տակ առկա ամսաթիվը եւս հետո է լրացվել 2013 թվականի հունիսի 6-ով, այլապես հունիսի 5-ով շտաբի պետի մակագրությունը համալրման բաժնի պետին` «ի կատարումն», չէր կարող ավելի վաղ լինել, քան հրամանատարի մակագրությունը:

«Ավելին, «Հր. 126» գրառումը եւս գալիս է հաստատելու, որ իրոք մակագրությունը եղել է ընդամենը «հատկացնել», այլ ոչ թե «հատկացնել հետո»: Տեսանելի աչքով էլ երեւում է, որ «հետո» բառը խցկված է եւ նույն «հատկացնել» բառի ուղղությամբ չի գրված, իսկ 06.06. 2013 թվականն էլ այլ գրչով գրված լինելու կասկածի է հանգեցնում»,- բացատրում է փաստաբան Կարինե Գասպարյանը:

Նա նշում է, որ համաձայն ՀՀ ԶՈՒ կարգապահական կանոնագրքի 6-րդ գլխի 47-րդ հոդվածի 7-րդ կետի՝ զեկուցագրում ներկայացված հարցերի լուծումը մերժելու դեպքում զեկուցագիր ներկայացրած զինծառայողին գրավոր հայտնվում է մերժման մասին` նշելով մերժման պատճառները, մերժման համար հիմք հանդիսացած ՀՀ օրենքների եւ այլ իրավական ակտերի պահանջները, ինչպես նաեւ՝ պարզաբանվում մերժումը բողոքարկելու կարգը:

«Եթե իմ պաշտպանյալի խնդրանքը չի մերժվել, կնշանակի, որ իմ պաշտպանյալը ճիշտ է հասկացել, որ զորավարժությունից հետո պետք է արձակուրդ մեկնի, որն էլ կնշանակի, որ դրվել է մակագրություն` ի կատարումն, եւ դրվել է հրամանի համար: Իսկ եթե, ըստ էության, մերժվել է իմ պաշտպանյալի խնդրանքը, այդ դեպքում զորամասի հրամանատարությունը պետք է ղեկավարվեր նշված հոդվածի կետերով, եւ կատարեր լրացուցիչ գործողություններ, որոնք չի կատարել»,- եզրափակում է փաստաբանը:

Ա. ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
04.06.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30