Լրահոս
Օրվա լրահոսը

Վանաձորում օնլայն դպրոց է գործում

Հունիս 05,2014 14:20

Դպրոցը ստեղծվել է Վանաձորում գործող
Քարհանյան ուսումնական կենտրոնի հիմքի վրա

Վանաձորում գործող Քարհանյան ուսումնական կենտրոնն արդեն մեկ տարի է՝ ընդլայնել է իր գործունեության շրջանակները:

2012 թվականից գործող ուսումնական կենտրոնի հիմքի վրա ստեղծված օնլայն դպրոցը հնարավորություն է տալիս ոչ միայն վանաձորցուն, այլ նաեւ նրա տարածքից դուրս ապրող մարդկանց կրթվելու եւ խորացնելու ունեցած գիտելիքները:

«2012 թ.-ին հիմնադրել եմ Քարհանյան ուսումնական կենտրոնը, որը նորույթ էր Վանաձորում: Կենտրոնում իրականացվում են լեզուների ուսուցում, համակարգչային դասընթացներ եւ դասապատրաստում: 2013թ.-ին ուսումնական կենտրոնի հիմքի վրա ստեղծեցինք օնլայն դպրոց, որը իր տեսակի մեջ այս պահին եզակի է Հայաստանում, քանի որ մենք օնլայն իրականացնում ենք լեզուների ուսուցում, համակարգչային դասընթացներ եւ կատարում դասապատրաստում»,- «Առավոտի» հետ զրույցում ասում է Քարհանյան ուսումնական կենտրոնի եւ Քարհանյան օնլայն դպրոցի հիմնադիր, Վանաձորի թիվ 27 հիմնական դպրոցի տնօրեն Գարեգին Քարհանյանը` տեղեկացնելով, որ օնլայն դպրոցում սովորողներ ունեն ինչպես Երեւանից ու այլ մարզերից, այնպես էլ Հայաստանի սահմաններից դուրս՝ ՌԴ- ից, Դուբայից, ԱՄՆ-ից` առանց տարիքային սահմանափակման:

Դպրոցում հայոց լեզուն ուսուցանվում է երկու լեզուներով եւ բոլոր տարիքային խմբերի համար:

«Հայոց լեզու ենք ուսուցանում երկու լեզուներով` ռուսերենով եւ անգլերենով` բոլոր տարիքային խմբերի համար, քանի որ բավականին շատ մարդիկ կան, ովքեր գտնվում են Հայաստանից դուրս` սփյուռքում եւ ցանկանում են, որ իրենց երեխաները հայերեն սովորեն, չկտրվեն հայրենիքից, մենք այդ հնարավորությունը տալիս ենք նրանց»,- ասում է ուսումնական կենտրոնի եւ օնլայն դպրոցի հիմնադիրը:

Նա նկատում է, որ օնլայն կրթությունը մեծ հնարավորություններ է ստեղծում սովորել ցանկացողների համար:

«Ընդհանրապես, աշխարհը գնում է դեպի ավելի հարմարավետ կրթության եւ փորձում է կրթությունը հասանելի դարձնել բոլորին: Օնլայն կրթությունը մեզ տալիս է այդ հնարավորությունը: Մարդիկ կան, ովքեր ժամանակ չունեն սովորելու, աշխատում են, օրինակ, նրանց հետ մենք պարապում ենք երեկոյան կամ առավոտյան: Մարդիկ էլ կան` հնարավորություն չունեն լավագույն մասնագետների մոտ գնալու, հնարավորություն չունեն լավագույն դասագրքերով կրթվելու: Այսինքն` կրթության այս ձեւը բավականին ճկուն է` բոլոր շահագրգիռ շահառուների պահանջները բավարարելու համար»,- ասում է Գարեգին Քարհանյանը:

Նա տեղեկացնում է, որ կենտրոնում սկսվելու են հայերենի, պատմության եւ հայոց եկեղեցու անվճար պարապմունքներ:

«Կարող է լինել շաբաթական մեկ-երկու դաս, մենք նաեւ տեսադասեր ենք պատրաստում այդ առարկաների համար, որոնք տեղադրվելու են մեր կայքում: Այսկերպ հնարավորություն ենք տալու սովորել ցանկացող, բայց վճարել չկարողացող մարդկանց, ինչպես նաեւ սփյուռքում ապրողներին գիտելիքներ ձեռք բերել: Այդ ձեւով սկսելու ենք նաեւ անգլերենի եւ ռուսերենի շաբաթական մեկ օր անվճար դասընթաց»,- եզրափակում է Գարեգին Քարհանյանը` հավելելով, որ մոտ ապագայում էլ նպատակ ունեն օնլայն անվճար դասընթացներ կազմակերպել հաշմանդամություն ունեցող երեխաների համար:

10356366_664793866924014_77

ԱՆՈՒՇ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
04.06.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30