Խորհրդային տարիներին ներդրած ավանդների փոխհատուցման գործընթացը խորհրդային ավանդատուների շրջանում մեծ հիասթափություններ ու դժգոհություններ է առաջացրել: Բացի այն, որ սեփական քրտինքով վաստակած գումարները վերադարձնելը կառավարությունը դիտում է որպես դրամական աջակցություն սոցիալապես անապահով ընտանիքներին, դեռ մի բան էլ այնպիսի առաջնահերթությունների ցանկ է սահմանել, որպեսզի հնարավորինս քիչ թվով մարդիկ կարողանան հետ ստանալ իրենց գումարները: Դրա վառ ապացույցն այն է, որ 80, անգամ 90 տարեկանն անց մարդկանց հերթը առաջնահերթությունների ցանկով ոչ մի կերպ չի հասնում:
Հայրենական մեծ պատերազմի ամենաերիտասարդ մասնակիցներից մեկը՝ Հրաչիկ Ոսկանյանը, որն այս տարի բոլորել է իր 85-ամյակը, համոզված է, որ կառավարությունը ցանկացած չնչին պատրվակ օգտագործում է, որպեսզի «չափանիշներին» համապատասխանող ավանդատուին ավանդից զրկի: Հրաչիկ Ոսկանյանը 16 տարեկանում է մեկնել ռազմաճակատ: Չնայած Հ. Ոսկանյանի տարիքին, նրա՝ հայրենիքին մատուցած ծառայությունն էլ հիմք չէ, որպեսզի նրան էլ ընդգրկեն առաջնահերթությունների ցանկում: Ավանդատուն, համաձայն օրենքի, նախեւառաջ պետք է ընդգրկված լինի ընտանեկան նպաստ ստացողների ցանկում: «Առավոտի» հետ զրույցում Հրաչիկ Ոսկանյանն ասաց, որ երբ իր ավանդի հարցով դիմել է տարածքային սոցիալական ծառայություն, պատասխանել են՝ ընտանիքը պետք է հաշվառված լինի «նպաստ» համակարգում եւ ունենա դրական՝ 0-ից բարձր միավոր, որպեսզի իրավունք ունենան հաշվառել ավանդը: Քաղաքացուն պատճառաբանել են՝ կառավարության որոշում է, ոչինչ անել չենք կարող:
«Այս կառավարությունում ընդամենը հաստիքների փոփոխություններ են տեղի ունենում, բայց հիմքային փոփոխություններ երբեք չեն լինում: Կառավարությունը կոչված է միայն հակաժողովրդական որոշումներ կայացնելու: Եթե իմ տարիքի մարդուն չի հասնում, բա ո՞ւմ է հասնում»,- կառավարության պատասխանատուներին հարցնում է Հ. Ոսկանյանը: Նրա համար անընդունելի է նաեւ՝ «անկախ Հայաստանը խորհրդային Հայաստանի իրավահաջորդը չէ պատճառաբանությունը», որը սոցոլորտի պատասխանատուները բերում են ավանդները փոխհատուցելու հարցի շուրջ:
Նկատենք, որ ավանդների վերադարձն իրականացվում է ՀԽՍՀ հանրապետական խնայբանկում մինչեւ 1993 թվականի հունիսի 10-ը ներդրած դրամական ավանդների դիմաց փոխհատուցման ծրագրով: Համաձայն օրենքի՝ ծրագիրը կրում է հասցեական բնույթ եւ նպատակաուղղվում է սոցիալապես առավել անապահով խմբերում ընդգրկված քաղաքացիների սոցիալական վիճակի բարելավմանը:
Կարդացեք նաև
Կառավարության սահմանած կարգի համաձայն՝ ավանդի փոխհատուցման իրավունք ունեն միայն այն մարդիկ, որոնք 2005թ. հուլիսի 1-ից մինչեւ 2006թ. ապրիլի 1-ն ընդգրկված են եղել նպաստառուների ցուցակում: Ըստ այդմ էլ սահմանվել է առաջնահերթությունների ցանկ այն խմբերի համար, որոնք պետք է առաջնահերթ փոխհատուցվեն: Ցուցակի առաջին տեղում 70 տարին լրացած եւ դրանից բարձր տարիքի կենսաթոշակառուներն են, այնուհետեւ «կփոխհատուցվեն» մինչեւ 70 տարեկան կենսաթոշակառուները, ապա՝ միայնակ թոշակառուները: Հայրենական մեծ պատերազմի մասնակիցները եւ նրանց հավասարեցված անձինք նույնպես ցանկում են, սակայն ավանդը կստանան, եթե նպաստառու վետերան են:
Ցանկը շարունակում են ՀՀ պաշտպանության 1990-1994թթ. ընթացքում մարտական գործողություններին մասնակցած անձինք եւ նրանց ընտանիքի անդամները, դրա հետեւանքով հաշմանդամություն ձեռք բերած անձինք եւ նրանց ընտանիքի անդամները, ինչպես նաեւ զոհվածների ընտանիքի անդամները, առաջին, երկրորդ կամ երրորդ խմբի հաշմանդամները, ՀՀ պաշտպանության 1990-1994թթ. ընթացքում մարտական գործողություններից տուժած սահմանամերձ բնակավայրի բնակիչները, երկրաշարժից տուժած աղետի գոտու բնակիչները, բազմազավակ ծնողները, ինչպես նաեւ այդ ծնողների երեխաները:
2005թ. հուլիսի 1-ից մինչեւ 2006թ. ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում հաշվառվել են 61680 անձինք իրենց 138061 ավանդային գրքույկներով:
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կայքէջում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ մինչեւ 1993 թվականի հունիսի 10-ը ներդրած ավանդի դիմաց փոխհատուցում ստացել են շուրջ 60 հազար ավանդատու:
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
04.06.2014
Սա րս մեկ անգամ ցույց է տալիս, թե ինչ ճակատագրի է արժանանալու արդեն պարտադիր կուտակայինը