Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Իսկ ի՞նչ են արել Հայաստանի համար Հովհաննես Բաղրամյանն ու Վիլյամ Սարոյանը

Հունիս 05,2014 14:59

Այսպես է պատասխանում հարցին՝ ի՞նչ է արել Հայաստանի համար Անաստաս Միկոյանը, նրա թոռը՝ Վլադիմիր Սերգեյի Միկոյանը, որը Ռուսաստանի առեւտրաարդյունաբերական պալատի Տարածաշրջանային ներկայացուցիչն է Արեւելյան Եվրոպայում:

– Իմ հաշվարկով` Հայաստանում այժմ Անաստաս Միկոյանի երեք հուշարձան կա: Մեկը Եղեգնաձորում է. այդ քաղաքը նախկինում կոչվում էր Միկոյանի անունով, երկրորդը նրա ծննդավայրում է՝ Սանահինում, եւ երրորդը՝ Էջմիածնում: Ո՞վ հղացավ գաղափարը եւս մի հուշարձան կանգնեցնելու, այս անգամ՝ Երեւանում:

– Եղեգնաձորի մասին՝ չգիտեմ, մի քանի տարի առաջ եղել եմ այնտեղ, բայց հուշարձանը չեմ տեսել, կարող է՝ անցել եմ ոչ այն փողոցով (նշենք, որ մենք նրան ուղարկեցինք այդ հուշարձանի եւ լուսանկարը, եւ տեսանյութը: Քանդակագործը Մերկուրովն է.- Ա. Ի.):

Միկոյանի արձանը Եղեգնաձորում

Միկոյանի արձանը Եղեգնաձորում

Սանահինում իսկապես կա հուշարձան: Դա մեր ընտանիքի նախաձեռնությունն է, եւ այն տեղադրել է մեր ընտանիքը: Սա ճշգրիտ պատճենն է այն բրոնզե մահարձանի, որը տեղադրված է Նովոդեւիչյե գերեզմանատանը: Էջմիածնում ոչ մի հուշարձան չկա, ավելի ճիշտ՝ ինչ-որ տեղ թփերում կիսանդրի է՝ առանց ցուցանակի: Ասում են, թե դա Միկոյանն է. շատ անգամ եմ նայել, բայց նմանություն, անկեղծ ասած, չեմ տեսել: Կասկածում եմ, թե այդ կիսանդրին իրենն է, իսկ եթե, այնուամենայնիվ, իրենն է՝ գոնե պետք է ցուցանակ լիներ: Բայց նման ոչ մի բան չկա, եւ ես չեմ կարծում, որ այդ «ստեղծագործությունն» ընդհանրապես կարելի է համարել հուշարձան:

Պետք է ասել, որ բազմաթիվ տարիների ընթացքում հանրության տարբեր շերտերի նախաձեռնությամբ խոսակցություններ կային, որ Անաստաս Միկոյանի հիշատակը պատվով հավերժացվի իր հայրենիքում: Ի դեպ, Մոսկվայում դա տեղի ունեցավ շատ ավելի արագ: Որքան հիշում եմ, դա Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովի նախաձեռնությունն էր, եւ հանրությունն էլ դեմ չէր: Կրեմլից ոչ հեռու տեղադրվեց մոնումենտալ գրանիտե տախտակ, որը հեղինակել է հայ քանդակագործ Ֆրիդրիխ Սողոյանը: Այն տեղադրել են շենքի վրա, որտեղ նախկինում տեղակայված էր արտաքին առեւտրի նախարարությունը, որը ժամանակին ղեկավարում էր Միկոյանը: Սա արվել է Մոսկվայի քաղաքապետարանի հաշվին: Գիտեք, որ նրա անվամբ է կոչվել ամենախոշոր կոմբինատը նախկին Խորհրդային Միությունում, իսկ այժմ նաեւ Ռուսաստանում՝ Միկոյանի անվան մսամթերքի գործարանը:
Այնպես որ՝ մի քանի տարի շարունակ ինչպես Հայաստանի, այնպես էլ Ռուսաստանի հանրության շրջանակները, առանձին հայտնի անձինք առաջարկում էին, որ նրա մասին հիշողությունը արժանիորեն հավերժացվի նաեւ իր պատմական հայրենիքում:

– Գիտեմ, որ Մոսկվայից Երեւանի քաղաքապետարանին ուղղված դիմումի ներքո ստորագրել էին Արմեն Ջիգարխանյանը, Նիկիտա Սիմոնյանը եւ այլք, բայց ինչ վերաբերում է Հայաստանին… Կարո՞ղ եք ճշտել, թե հատկապես ո՞վ է հանդես եկել նման նախաձեռնությամբ, քանի որ լայն հանրությանը դա հայտնի չէ:

– Արդեն մի քանի տարի է անցել՝ այդ նամակը ժամանակին ստորագրել էին շատ հայտնի հայեր, մասնավորապես՝ մի քանի ակադեմիկոսներ՝ սկսած ԽՍՀՄ ակադեմիկոս Լեւ Արամի Փիրուզյանից, որը նախաձեռնել էր այս գործընթացը: Այս գաղափարը պաշտպանել ու պաշտպանում է Ռուսաստանի հայերի միությունը, եւ ինչպես գիտեք, բավարար աջակցություն կա նաեւ Երեւանից: Ոչ քիչ մարդիկ հանդես եկան դրա օգտին: Ի դեպ, մի քանի տարի առաջ Երեւանում Անաստաս Միկոյանի անունով անվանակոչվեց մի փողոց…

– 2008-ին:

– Այո, եւ ոչ մի բողոքի ալիք չի եղել այս առնչությամբ:

– Քաղաքապետարանը նշել է, թե այս նախաձեռնությամբ հանդես է եկել նաեւ ընտանիքը. դա, մասնավորապես, Դո՞ւք էիք, թե՞ ընտանիքի մյուս անդամները:

– Որպեսզի հստակ լինի՝ ասեմ, որ մեր ընտանիքում ահռելի հարգանքով ու ջերմությամբ են վերաբերվում Միկոյանի հիշատակին՝ եւ որդիները, եւ թոռները, եւ այժմ նաեւ՝ ծոռները: Զարմանալի չէ, որ մենք պատվում ենք մեր ընտանիքի հիմնադիրին, ինչպես դա ընդունված է Կովկասում: Առավել եւս, որ մենք գիտենք եւ զգացել ենք նրա անձի բոլոր դրական կողմերը, տեսել, թե ինչպես է նա վերաբերվում մարդկանց: Ես էլ եմ այդ ընտանիքի անդամ՝ նրա երրորդ սերնդի, ուստի կիսում եմ այդ տրամադրությունները, հատկապես որ բավական մեծ էի եւ հիշում եմ Անաստաս Միկոյանին ոչ գրքերով եւ պատմություններով: Այնպես որ՝ մեր ընտանիքը եւ փողոցի անվանակոչման առնչությամբ էր «կողմ», եւ այժմ է աջակցում հուշարձանի գաղափարին: Այս մասին պաշտոնապես, հրապարակավ ընտանիքի անունից արտահայտվեց Միկոյանի ավագ որդին՝ Ստեփան Միկոյանը:

– Եթե հետեւում եք հուշարձանի տեղադրման շուրջ Երեւանում քննարկումներին, հավանաբար գիտեք այն փաստարկը, թե միջազգային առումով նա այն մարդն է, որը կանխեց երրորդ Աշխարհամարտը, բայց այն առումով, թե ինչ է նա արել Հայաստանի համար՝ փաստարկները շատ ավելի քիչ են:

– Իսկ ի՞նչ է, մի՞թե Հայաստանը «ողջ կմնար» նման համաշխարհային պատերազմում: Բայց ես կվերադառնամ ձեր առաջին հարցին: Այնպիսի տպավորություն եմ ստացել, ուղղեք ինձ, եթե այդպես չէ, որ ինքնին հուշարձանի գաղափարը կարծես քաղաքականացնում են, կապում Ռուսաստանի, Մաքսային միության հետ… Անմիջապես կարող եմ ասել ժպիտով… հեգնական… դա բացարձակապես այդպես չէ: Այստեղ չկա ոչ մի դավադրություն, պետք չէ դիտարկել իբրեւ ինչ-որ արտաքին քաղաքական ճնշում Երեւանի իշխանությունների վրա, «կայսերական Ռուսաստանի դավեր»: Սա բացառապես ազգային գործողություն է՝ Հայաստանի շրջանակներում, ոչ մի կապ չունի Ռուսաստանի եւ առավել եւս՝ քաղաքականության հետ: Կամ որեւէ տնտեսական հարաբերությունների հետ, ինչպիսին Մաքսային միությունն է:

Մի քանի տարի առաջ ես զրուցել եմ նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հետ, եւ հուշարձանի մասին զրույցն ընթացել է դեռ այն ժամանակ: Նա ոչ մի առարկություն չուներ: Մինչդեռ այն ժամանակ դեռ ոչ մի Մաքսային միություն գոյություն չուներ:

Mikoyan_22

 

– Բայց հակափաստարկները մեծ մասամբ կապված են ոչ թե Մաքսային միության հետ, այլ նրա, որ Միկոյանը ներգրավված է եղել ստալինյան բռնություններում:

– Դե, ամեն տեսակ էլ կան… Դուք ասում եք՝ «ստալինյան բռնություններում», բայց ոչ թե միկոյանական, չէ՞:

Այսուհանդերձ, սկսենք նրանից, թե ինչ է նա արել Հայաստանի համար: Նախ՝ կարծում եմ, այս հարցում որոշակի ընտրողականություն կա, եւ կտամ հակադարձ հարց՝ իսկ ի՞նչ է արել Հայաստանի համար Տարաս Շեւչենկոն: Բայց նրա հուշարձանը կանգնեցրել են, եւ այս առնչությամբ կարծես չեն եղել բանավեճեր:

Էլի հարց՝ ի՞նչ է արել Հայաստանի համար Վիլյամ Սարոյանը: Լավ գրող է, հայ, որը գրել է անգլերեն, համարվել է ամերիկյան գրող եւ միայն մեկ անգամ՝ կյանքի վերջում, եղել է Երեւանում: Մի՞թե նա նպաստել է հայ գրականության զարգացմանն իր պատմական հայրենիքում: Ոչ: Բայց դա չի նշանակում, չէ՞, որ նա արժանի չէ հուշարձանի:

Կամ Հովհաննես Բաղրամյանը, որը սկսել է իր ռազմական կարիերան Հայաստանում: Սակայն մնացած ողջ կյանքը, կարծեմ՝ 28 տարեկանից սկսած, նա ապրել է Ռուսաստանում, բայց, այնուամենայնիվ, հայերը նրան լիովին արդարացիորեն համարում են իրենց ականավոր զորավարը, ինչպես եւ Ռուսաստանում են պատվում նրան: Եվ լավ է, որ նրա համար կանգնեցվել է հուշարձան… Բայց, չգիտես ինչու, չեն հարցնում, թե ինչ է նա արել Հայաստանի համար: Այո, նա կռվել է թուրքերի դեմ: Բայց Անաստաս Միկոյանն էլ պատանի տարիքում դարձել է Անդրանիկի զինվորը, կռվել Վանում եւ այլն:

Այնպես որ՝ եթե մենք խոսենք նման հայտնի մարդկանց կարիերայի սկզբի մասին, ապա, չգիտես ինչու, որոշներին այլ չափանիշներով են վերաբերվում, եւ նրանց հուշարձան կանգնեցնելը վեճեր չի առաջացնում, իսկ Միկոյանի անվան շուրջ տարօրինակ աղմուկ է:

Եթե կոնկրետ խոսենք այն մասին, թե ինչ է նա արել, ապա չեմ կարծում, թե ճիշտ է այժմ ամեն ինչ հերթով թվարկելը: …Բայց, օրինակ, այն, որ Արփա-Սեւան ջրատարը երկու երրորդով կառուցվել է համամիութենական բյուջեի միջոցներով՝ բացառապես Միկոյանի շնորհիվ է: Եթե նա չլիներ՝ Սեւանա լիճն այժմ վերածված կլիներ ճահճի:

Եթե խոսենք Չարենցավան քաղաքի մասին՝ նրա բոլոր բնակիչները պետք է իմանան, որ այդ քաղաքը հիմնադրել է Միկոյանը: Ալավերդու պղնձամոլիբդենային գործարանը վերակառուցվել է Միկոյանի միջամտության շնորհիվ: Նույնը՝ նաեւ Մեղրիի կոմբինատի պարագայում:

Այ, դուք խմո՞ւմ եք «Արենի» գինի: Գործարանի տնօրենն անձամբ ինձ պատմել է, որ Եղեգնաձորի կողքին գտնվող կոմբինատը կառուցվել է Միկոյանի նախաձեռնությամբ:

Լինելով ԽՍՀՄ Նախարարների խորհրդի փոխնախագահ՝ արդեն հետստալինյան տարիներին դեպք չէր լինում, որ Հայաստանի ղեկավարները ժամանելով Մոսկվա՝ բյուջեի քննարկման, միջոցների, սարքավորումների հատկացման համար չմտնեին Միկոյանի մոտ՝ խորհուրդներ, հուշումներ ստանալու համար, թե ինչպես ավելի գրագետ հասնեն դրան: Եվ նա իր նախկին գործընկերներին, որոնց դաստիարակել էր, դրել առանցքային պաշտոնների՝ խնդրում էր բարյացակամ վերաբերվել Հայաստանի հայտերին: Այ սա, իմ կարծիքով, առավել կարեւոր է եւ ավելի մեծ, քան ինչ-որ դրվագներ:

Mikoyan

– Դուք խոսում եք նրա գործունեության մի կողմի մասին, սակայն, հավանաբար, տեղյակ եք, որ այժմ Հայաստանում հրապարակվել է մի փաստաթուղթ, որտեղ Միկոյանը Ստալինին խնդրում է լրացուցիչ գնդակահարել 700 հայի: Դուք տեսե՞լ եք այդ փաստաթուղթը:

– Տեսել եմ: Նախ՝ ոչ թե Միկոյանն է խնդրել, այլ Եժովը՝ վկայակոչելով Միկոյանին: Եթե խնդրեր Միկոյանը՝ նա, որպես Քաղբյուրոյի անդամ, հավանաբար, ինքը կգրեր նամակ Ստալինին ու կստորագրեր դրա տակ: Բայց մենք տեսնում ենք Եժովի նամակը, որտեղ նա վկայակոչում է Միկոյանին: Ընդ որում, ուշադրություն դարձրեք թվականներին՝ Եժովի նամակը թվագրված է սեպտեմբերի 22-ին, իսկ Միկոյանը սեպտեմբերի 23-ին ուղղակիորեն զեկուցել է Ստալինին հանրապետության նոր ղեկավարության մասին եւ բառ անգամ չի ասել ինչ-որ նոր ցուցակների մասին: Ինձ համար խիստ տարակուսելի է, որ հավատում են Եժովին՝ այդ բացառիկ սրիկային, եւ վկայակոչում նրա խոսքերը՝ հավատալով, որ դա ճիշտ է: Նա Միկոյանին վկայակոչելու իր ստոր դրդապատճառները կարող էր ունենալ:

Սա տարօրինակ է նաեւ այն պատճառով, որ Անաստաս Միկոյանն ամեն կերպ հակառակվում էր նման անվայել առաքելությամբ Հայաստան այցին: Եվ նա մեկնեց ոչ սեփական ցանկությամբ՝ ընդունվեց Քաղբյուրոյի որոշում, կար Ստալինի նամակը Հայաստանի կոմկուսի կենտկոմի պլենումին: Նրան ուղղակի հանձնարարված էր մեկնել այնտեղ, դեռ Բերիան ու Մալենկովն էլ մեկնեցին՝ հետեւելու, որ Միկոյանն իրեն ճիշտ պահի: Եվ երբ սկսվեց պլենումը՝ Միկոյանը նույնիսկ չմտավ այդ՝ ինչպես ժամանակին այն անվանում էին, «կադրերի մաքրման» հանձնաժողովի կազմ: Նա մեկուսացավ այդ ամենից: Նա միայն ելույթ ունեցավ պլենումի վերջին՝ երեկոյան նիստում:
Ես կարող եմ ասել, որ այդ ցանկում, որն իրեն հանձնել էր անձամբ Ստալինը, իսկ ցանկը կազմվել էր Հայաստանի НКВД-ում (Народный комиссариат внутренних дел- ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատ.- Ա. Ի.), ներառված էր Դանուշ Շահվերդյանը, որը երաշխավորագիր էր տվել, որ երիտասարդ Անաստաս Միկոյանն ընդունվի կուսակցություն, եւ Միկոյանը ջնջել էր նրա անունը: Բայց դա ոչինչ չփոխեց. Շահվերդյանին, միեւնույն է, ձերբակալեցին:

Ստալինն իր գործն անում էր նաեւ առանց Միկոյանի համաձայնության, ուստի կարեւոր չէ՝ Միկոյանը համաձայնո՞ւմ էր, թե՞ ոչ:

Իսկ եթե փորձում են այսպես ներկայացնել, թե հենց Միկոյանի գլխում է ծագել հայ ղեկավարներին բռնաճնշումների ենթարկելու գաղափարը, մեկնելու ու ոչնչացնելու կուսակցական ամբողջ կազմակերպությունը՝ դա բացարձակապես այդպես չէ:
Կրկին դա Ստալինի գաղափարն էր. նման «մաքրումներ» նա կազմակերպում էր ողջ երկրում, ցուցակները կազմված էին հայկական НКВД-ում, իսկ Միկոյանին ուղղակի պարտադրեցին մեկնել Հայաստան, որ նրան արյուն քսեն: Եվ միակ բանը, որը նա կարող էր անել չգնալով՝ ինքնասպան լինելն էր: Նա դա չարեց: Դրա համար, իհարկե, կարելի է նրան դատապարտել: Բայց ի՞նչ կփոխեր դա Հայաստանում արդեն դատապարտվածների ճակատագրում: Իսկ քանի որ որոշել էր ապրել, այլ ընտրություն չուներ, քան մեկնել այնտեղ եւ ներգրավվել այդ հաշվեհարդարում: Այո, նա բարոյական պատասխանատվություն է կրում դրա համար, նա ամբողջ կյանքը տանջվում էր այդ դրվագի պատճառով, եւ նրա խիղճն արյունահոսում էր. այդ մասին նա ասում է իր գրքում:

Շարունակելի

Հարցազրույցը վարեց
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
04.06.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (7)

Պատասխանել

  1. Լևոն Մութաֆյան says:

    Մերկուրովը ճարտարապետ չէ, աշխարհահռչակ քանդակագործ է, ազգությամբ հույն, ծագումով գյումրեցի:

  2. ՀՀ քաղաքացի says:

    Հարգելի խմբագրություն
    ՈՒրախ եմ երախտապարտ կլինեմ, եթե այս մեկնաբանությունը տեղ գտնի ձեր թերթում որպես առանձին նյութ….
    Անաստաս Միկոյանի թոռը` Վլադիմիր Սերգեյի Միկոյանը ակնհայտորեն նեղացած է պապու արձանը Երեւանում տեղադրելուն դեմ արտահայտվողների պահվածքից եւ խրատներ է տալիս…
    Հարցեր Վլադիմիր Սերգեյի Միկոյանին..
    Որ երկրի քաղաքացի է նա, ինչ լեզվով է ընթացել հարցազրույցը, ինչու պետք է ներենք «սրիկա» Միկոյանին եւ չներենք «սրիկա» Ստալինին, «սրիկա» Մոլոտովին, «սրիկա» Բերիային եւ այլոց եւ նրանց արձանն էլ չկանգնեցնենք, Միկոյանը հնազանդվել է Ստալինին եւ մասնակցել բռնությունների հանուն ինչի??? Ինչու Միկոյանը չի հեռացել բռնությունների հեղինակ Ստալինի կողքից, որ ինչ??? Իսկ միգուցե Միկոյանն ու մյուսները եթե ընդվզեին` այդքան բռնարարքներ չէին լինի… Բերիան էլ էր ձերբակալվելուց հետո մեղա գալիս, ներենք?? «սրիկա» Բերիային, եթե ձեզ դուր չի գալիս Լեհաստանի դեսպանի խրատական պահվածքը, ապա ինչու բան չեք ասում Ռուսաստանի դեսպանի համանման պահվածքի մասին, Ռուսաստանի տնտեսա-քաղաքական շահերը ներկայացնող Վլադիմիր Սերգեյի Միկոյանը որքանով է անկաշկանդ խոսում արձանի մասին, որքանով է նրա ասածը զերձ ռուսական ազդեցությունից???????????????????????? Վրաստանում էլ Ստալինի մի քանի արձան կա, հետո ինչ????

    Հայաստանում շատ նվիրյալների արձաններ չկան, ստալինա-միկոյանական բռնությունների զոհերի հիշակատի արձան կա??????
    Եվ ընդհանրապես, ողջ հարցազրույցը «Նամակ Ռուսաց թագավորին» տրամաբանության հակառակ տրամաբանությունն է` Ցարը` ՍՏԱԼԻՆԸ «սրիկա» էր, մյուսները`այդ թվում` Միկոյանը` ՊՈՒՊՈՒՇ:
    Այսօրվա շատ պաշտոնյաներ, խախտելով գրված ու չգրված բոլոր օրենքները, բիզնես ու բարեկեցություն են ապահովում իրենց զավակների ու փեսաների համար… Ներենք??? նրանց «սրիկայությունները»:
    ՈՒրախ եմ երախտապարտ կլինեմ, եթե այս մեկնաբանությունը տեղ գտնի ձեր թերթում որպես առանձին նյութ….

  3. Սիլվա says:

    Ասում է, Սարոյանը մեկ անգամ է Հայաստան այցելել, այն էլ կյանքի վերջում… Ոչ՛, պրն. Միկոյան. Սարոյանը առաջին անգամ 1935 թվ.-ին է այցելել Հայաստան, շատ երիտասարդ հասակում, այդ ճամփորդության համար օգտագործելով գրողի իր առաջին հոնորարը, երկրորդ այցելությունը 1960 թվ. ին, հետո 1976 թվ.-ին և 1978թվ-ին, ի դեպ 1964թվ. ին էլ այցելել է Արևմտյան Հայաստան , Բիթլիսում գտել հայրական տունը… Սարոյանը հայ ժողովրդի հպարտությունն է, իմացեք պրն. Միկոյան…

  4. Տիգրան says:

    3 արձան կա, հերիք չի՞, եթե արձանի մասին է խոսքը: Թե՞ պարտադիր կերպով, անկախ նրանից, թե որտեղ ինչ կա, Երեւանո՛ւմ պիտի լինի: Ինչ վերաբերվում է Սարոյանին, հա, չեմ հասկանում նրան հայ գրող համարելը:

  5. Ռուբեն Պարսամյան says:

    Բաղրամյանը ֆաշիզմին հաղթած ուժերի մեջ գլխավոր դեթակատարներից է,միակ զորավարը,որին ,,ժողովուրդների հոր,, քմհաճույքի պատճառով ռազմաճակատի հրամանատար լինելով հանդերձ,մարշալի կոչման չէին արժանացրել/ դա Խրուշչովի օրոք տեղի ունեցավ/:Իսկ ,,Ես Արամն եմ,,-ի եվ ,,Իմ սիրտը լեռներում է,,-ի հեղինակը իսկական հայ էր,ջերմ հայրենասեր եվ հանաշխարհային գրականության տիտաններից:Թե Բաղրամյանի եվ թե Սարոյանի խիղճը մաքուր էր եվ սեփական ժողովրդի դեմ թեկուզ եվ հարկադրաբար չեն գործել:

  6. Ս.Նալբանդյան says:

    Խնդրում եմ ուղում կատարեք՝ Եղեգնաձորի քանդակի հեղինակը Արա Սարգսյանն է և ոչ թե՛ Մերկուրովը։

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30