Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Քառյակի» օրակարգում արտաքին քաղաքական հարցեր չկան

Հունիս 05,2014 14:55

Արմեն Մարտիրոսյանը հակասում է Ռուբեն Հակոբյանին

«Քանի որ խորհրդարանում չորս խմբակցություններն աշխատում են բացառապես ներքաղաքական տարբեր խնդիրների շուրջ, իսկ արտաքին քաղաքական մոտեցումները չեն քննարկվում, ուստիեւ ներքաղաքական 12 հարցերն են դրվել: Ընդհանրապես, պետք է ասեմ, որ չորս ուժերը տարբեր մոտեցումներ ունեն: Մենք մշտապես կարծել ենք, որ Հայաստանը գործ չունի ոչ Մաքսային միությունում, ոչ Եվրասիական միությունում, քանի որ կարծում ենք, որ այդ ուղղությամբ Հայաստանի համար որեւէ նպաստավոր իրավիճակ չի լինելու»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Վերջինիցս հետաքրքրվել էինք՝ արդյոք այժմ արդիական չե՞ն Հայաստանի արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերը, որ իշխանությանն ուղղված իր 12 պահանջներում «քառյակը» (ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ եւ «Ժառանգություն») անդրադարձել է բացառապես ներքաղաքական խնդիրներին: Մինչդեռ նախօրեին հարցին, թե ինչո՞ւ «քառյակի» նիստում չեն քննարկվել արտաքին քաղաքականությանը վերաբերող խնդիրները, մասնավորապես՝ Աստանայում տեղի ունեցած վերջին զարգացումները, արդյոք դա նշանակո՞ւմ է, որ «քառյակը» գոհ է իշխանությունների արտաքին քաղաքական գծից, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը պատասխանել էր. «Ես չեմ կարծում, որ եթե այդ հարցերը չենք քննարկել, նման ենթադրություններ կարելի է անել, որովհետեւ առանձին-առանձին չորս քաղաքական ուժերն իրենց գնահատականը տվել են թե Աստանայի հանդիպման, թե արտաքին դոկտրինի վերաբերյալ։ Ուղղակի այսօր ժամանակի պատճառով չենք անդրադարձել արտաքին քաղաքական հարցերին։ Բայց, բնականաբար, ամեն ինչ չի ավարտվում այս 12 կետերով, մենք առաջիկայում կքննարկենք շատ ու շատ հարցեր»։
Հիշեցնենք, որ Ղազախստանի մայրաքաղաքում օրերս կայացած Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի ընդլայնված նիստի ժամանակ, որտեղ Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի նախագահները ստորագրել են Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիր, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իր ելույթում նկատել է, որ «մնացել է 2-3 հարցի մշակում, որոնց ուղղությամբ փորձագիտական մակարդակով արդեն նախանշվել են փոխընդունելի որոշումներ», ու խնդրել է հաստատել մինչեւ հունիսի 15-ը Եվրասիական տնտեսական միության պայմանագրին ՀՀ-ի միանալու ժամկետ: Իսկ մինչեւ հուլիսի մեկը կստորագրվի Հայաստանի` ԵՄ-ին միանալու պայմանագիրը: Ղազախստանի նախագահը Հայաստանի անդամակցության մասով պայման է առաջ քաշել` միանալ Եվրասիական միությանը ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններով: Այսինքն՝ առանց Լեռնային Ղարաբաղի: Վերջին իրադարձություններն, ըստ Արմեն Մարտիրոսյանի, ի չիք դարձրին ՀՀ իշխանությունների հավաստիացումներն այն մասին, որ Մաքսային միությունն ապահովելու է ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի անվտանգությունը: «Միակ խնդիրը, որը լուծվում է, իշխանությունը պահպանելու կամ երկարաձգելու խնդիրն է»,- ասաց նա:

«Հասկանալի է, որ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցումն այլեւս անշրջելի է, իսկ եվրաինտեգրումը տեսանելի ապագայում՝ անհնարին»,- մարտիմեկյան հանրահավաքում հայտարարել էր ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը։ Միաժամանակ՝ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը երեկ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Աստանայում տեղի ունեցածը որակել էր ՀՀ իշխանությունների «դիվանագիտական ձախողում»: Երեկ «Ժառանգությունը» պահանջել էր ՀՀ իշխանություններից, որպեսզի դադարեցնեն Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալու գործընթացը: ԲՀԿ-ն Հայաստանի՝ Եվրասիական միությանն անդամակցության մասով դեռ հստակ դիրքորոշում չի հայտնել, ՀՅԴ բյուրոյի անդամ Հրանտ Մարգարյանն էլ հայտարարել էր, որ իրենք դեմ են ձեւին, որով իրականացվում է գործընթացը: «Առավոտի» հարցին ի պատասխան՝ Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ արտաքին քաղաքական կարեւորագույն հարցում «քառյակի» մոտեցումների տարբերությունները չի կարծում, որ կարող են դառնալ «քառյակում» տարաձայնությունների արդյունք, քանզի խորհրդարանական համագործակցությունն արտաքին քաղաքական հարցերի շուրջ չէ: «Հայաստանի շահն այս պահին պահանջում է, որ հնարավորինս սերտ հարաբերություններ ունենանք Եվրամիության հետ, հատկապես տնտեսական եւ ժողովրդավարական արժեքների հարցերով, ուստիեւ խորը հակասություն չորսի շրջանակում ես այս պահին չեմ տեսնում»,- ասաց նա՝ հավելելով, որ արտաքին քաղաքականությունը տվյալ երկրի ներքին քաղաքականության շարունակությունն է: Ուստի մեր զրուցակիցը գտնում է, որ այս իմաստով «քառյակը» ճիշտ ուղի է վերցրել՝ խնդիր դնելով նախ երկրում լեգիտիմ իշխանություն ձեւավորել, կառավարման այլ համակարգ ներդնել, ինչը թույլ կտա նաեւ վարել Հայաստանի Հանրապետության շահը պաշտպանող արտաքին քաղաքականություն:

Դիտարկմանը, որ «քառյակը» պատրաստվում է արդյունքներն ամփոփել աշնանը նախատեսված միասնական հանրահավաքում, մինչդեռ Հայաստանի՝ ՄՄ-ին անդամակցության գործընթացները կարծես զարգանալու են ամռան ընթացքում, Արմեն Մարտիրոսյանն այդպես էլ հստակ չպատասխանեց: Նա հիշեցրեց, որ «Ժառանգությունը» ավելի վաղ է ահազանգել սպասվող վտանգների մասին, որ անցյալ տարի սեպտեմբերի 20-ին անգամ անկախության օրակարգով հանրահավաք անցկացրեցին: «Բայց, ցավոք, ինչպես երեւաց գործընթացից, մենք ունենք Հայաստանի անկախության վերաբերյալ շատ խոսացողներ, բայց չունենք շատ գործընկերներ, ովքեր պատրաստ են միանալ այդ ուղղությամբ մեր պայքարին»,- ասաց նա՝ հավելելով, որ ամեն դեպքում եթե ունենանք լեգիտիմ իշխանություն, նմանատիպ հարցերից կկարողանանք խուսափել:
ՀՀ անկախության մասին միայն խոսելու Արմեն Մարտիրոսյանի մեղադրանքը «քառյակի» գործընկերներին չի վերաբերում: Նա կարծում է, որ ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն եւ ԲՀԿ-ն ազնիվ են եղել նրանով, որ կտրուկ դեմ չեն արտահայտվել ՄՄ-ին միանալու գործընթացին: Մեր զրուցակիցը, սակայն, այդպես էլ չասաց, թե հատկապես ո՞ր ուժերն են, որ առավելապես խոսում են ՀՀ-ի անկախությունից, բայց գործնականում հակառակ քայլերն են անում: Միայն ասաց, որ դրանք այն ուժերն են, որոնք նաեւ ընտրություններում աջակցեցին գործող իշխանության վերարտադրությանը՝ նպաստելով նման իրավիճակին:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
04.06.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30