Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սեպտեմբերի 3-ի փողոցը այժմ կոչվում է Սարյան (Թաթիկ) փողոց

Հունիս 05,2014 14:45

Երեւանի փողոցների անվանափոխությունների հետաքրքիր դրվագներ
Երեւանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում՝ Yerevan.am-ում, մի էջ կա, որում ցուցակագրված ներկայացված են 1990 թվականից ի վեր Երեւան քաղաքի փողոցների, պողոտաների, նրբանցքների, փակուղիների, անցուղիների, հրապարակների, զբոսայգիների, թաղամասերի անվանափոխությունները:

Այս ցուցակը ուսումնասիրեցինք այն բանից հետո, երբ նկատեցինք, որ Դավիթաշենի կամրջի վրա նոր ցուցանակ է տեղադրվել, որն ազդարարում է այն մասին, որ Եղվարդի խճուղու մի հատվածը կոչվում է Անաստաս Միկոյանի անվան փողոց: Պարզվում է՝ դեռ 2008-ին է «Երեւան-Եղվարդ խճուղու հատվածը՝ սկսած Դավիթաշենի կամրջի հանգույցից մինչեւ Դավիթաշեն թաղային համայնքի վարչական տարածքի վերջը», վերանվանվել Միկոյանի անունով: Սակայն որեւէ ցուցանակ մինչ այժմ երեւանցիներին չէր հուշում այդ մասին: Ավելին՝ «Սփյուռ» տեղեկատուում անվանափոխված փողոցների ցանկում Միկոյանի փողոցը չկա, այսինքն՝ որեւէ ձեւով հայտնի չէր դրա գոյության մասին: Եվ միայն հիմա, երբ Միկոյանի արձանի տեղադրման հարցի շուրջ բուռն քննարկումներ են ծավալված Երեւանում, քաղաքապետարանը՝ անհասկանալի միկոյանասիրության հետեւողականություն ցուցաբերելով, դրեց այդ ցուցանակը, որ ոչ մեկը անմասն չմնա Միկոյանի անվան փողոց ունենալու հաճույքից:

Շարունակելով ուսումնասիրել, թե է՞լ ինչ անակնկալներ է մատուցել Երեւանի քաղաքապետարանը իր համաքաղաքացիներին, հայտնաբերեցինք, որ, օրինակ, Րաֆֆու փողոցը վերանվանվել է Այգեկցու փողոց, ճիշտ այնպես, ինչպես ասենք՝ չեկիստների հայր Ձերժինսկու անունը կրող փողոցն է վերանվանվել Աղբյուր Սերոբի փողոց: Որ Ձերժինսկին տեղ չուներ Երեւանի փողոցների շարքում՝ հասկանալի է, սակայն Րաֆֆուն Այգեկցիով փոխարինելու իմաստը ո՞րն էր՝ պարզ չէ:

Իսկ թե ինչո՞ւ են Սասունցի Դավթի փողոցը վերանվանել Ահարոնյան (Ավետիս) փողոց՝ դա էլ միայն քաղաքապետարանը գիտի: Բայց Սասունցի Դավթի անունով էլ վերանվանվել է Մայակովսկու փողոցը:

Որեւէ մեկը տեղյա՞կ էր, որ այժմ ողջ Հարավ-Արեւմտյան թաղամասը կոչվում է Զորավար Անդրանիկի թաղամաս: Ես որ՝ տեղյակ չէի: Երթուղային տաքսիների գծատերերն էլ, հավանաբար, տեղյակ չեն, այլապես դրանց վրա գրված չէր լինի Հ.Ա.Թ (Հարավ-Արեւմտյան թաղամաս): Պաշտոնական մարմիններն էլ տեղյակ չեն, այլապես ոստիկանությունից, ԱԻՆ-ից եւ այլն պարբերաբար հաղորդագրություններ չէինք ստանա այն մասին, որ Հարավ-Արեւմտյան թաղամասում կատարվել է այսինչ կամ այնինչ դեպքը: Մի բան է միայն անվիճելի՝ Զորավար Անդրանիկի, թե ում անունով էլ վերափոխեն՝ այդ թաղամասը եղել է, կա եւ կմնա Բանգլադեշ:

Բացի թաղամասից՝ կա նաեւ Անդրանիկի փողոց, որը, պարզվում է, նախկինում հասցրել է կրել Աղաբաբյան փողոց անունը: Ո՞ր Աղաբաբյանի մասին է խոսքը՝ հայտնի չէ: Սակայն այդ կամ գուցե մեկ այլ Աղաբաբյան անփողոց չի մնացել՝ Անդրանիկի վերանվանված փողոցի փոխարեն Աղաբաբյանի անունով են կոչել Դավիթաշեն թաղամասի 2-րդ փողոցը: Մնում է միայն փողոցի անունն ամբողջացնեն, գրեն, թե ո՞ր Աղաբաբյանի մասին է խոսքը:
Հետաքրքիր է, որ մի ամբողջ հրապարակ՝ քաղաքապետարանի դիմացի հրապարակը, Ռուսաստանի անունն է կրում, բայց դրա փոխարեն ռուս մեծ գրող Լերմոնտովի անունը կրող փողոցը վերանվանել են, եւ Լերմոնտովի փոխարեն ներկայումս այդ փողոցը համարվում է Սայաթ-Նովայի պողոտայի շարունակություն:

Բայց ամենաշատը ինձ դուր եկավ այդ ցանկի թիվ 130 անվանափոխությունը: Պրահայի փողոցը անվանափոխել են եւ դարձրել… Պրահայի փողոց: Զվարճալի էր նաեւ Կրիվոյի փողոցը Կորի փողոց անվանափոխելու գաղափարը: Գոնե լիներ՝ Կոր փողոց:
Դարաբաղի անունը կրող փողոցը հիմա կրում է Աբգար թագավորի անունը: Այս պարագայում, ըստ երեւույթին, առանց նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի գործը գլուխ չի եկել: Ինչպես հայտնի է, հենց նա՛ էր Աբգար թագավորի երկրպագուն:
Կան նաեւ մի քանի հետաքրքիր անվանափոխություններ, օրինակ՝ Խարկովի փողոցը վերանվանվել է Սեպուհի անունով, իսկ Սեպտեմբերի 3-ի անունը կրող փողոցը՝ Թաթիկ Սարյանի անունով: Բնականաբար, այս անվանափոխությունները կապ չունեն ներկայիս քաղաքական իրողությունների հետ՝ ռուս-ուկրաինական հակամարտության եւ մեզ պարտադրված Մաքսային միության, բայց հետաքրքիր է տեսնել, որ ունեցել ենք Սեպտեմբերի 3-ի փողոց, որը վերանվանել ենք: Գուցե այսօր է՞լ կարողանանք շրջել սեպտեմբերի 3-ի անիվը:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Լուսանկարը՝ Գայանե Մաշուրյանի

«Առավոտ» օրաթերթ
04.06.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30