Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր թոռների համար ամենահինը Հյուսիսային պողոտան կլինի». լուսանկարիչ

Հունիս 04,2014 21:56

Հունիսի 6-ին՝ ժամը 14:00-ին, Երևանի պետական կամերային թատրոնում կբացվի լուսանկարիչ, լրագրող Մարիաննա Մելիքսեթյանի և լրագրող, դրամատուրգ, դերասան Ռուբեն Փաշինյանի «Երևան. երեկ, այսօր» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը, որը կտևի մոտ մեկ ամիս, և որի ընթացքում կներկայացվեն 120 աշխատանքներ:

Ցուցահանդեսը, ըստ էության, նախորդ տարվա «Երեք հայացք Երևանին» ցուցահանդեսի տրամաբանական շարունակությունն է, որը համեմատելով ներկայացնում է հին ու նոր Երևանների արտաքին տեսքը:

Ի դեպ, Ռ. Փաշինյանն ասում է, որ  «Երեք հայացք Երևանին» ցուցահանդեսն իր արդյունքն ինչ-որ չափով տվել է: Մասնավորապես, վերանվանվել են սննդի (հատկապես շաուրմայի) վաճառքի որոշ տաղավարներ, որոնք նախկինում կոչվում էին, օրինակ, Մաշտոցի, Մարքսի անունով և այլն:

«Երևանը կենդանի օրգանիզմ է: Նա ապրում է ու շնչում, ժպտում է, առավոտյան լվացվում է, ունի իր ճիշտն ու սխալը: Այնպես որ, այսպիսի բաները նորմալ են, մենք դրանց մեջ աննորմալ բաներ չենք տեսնում,- ասում է Ռ. Փաշինյանը,- այլ բան է, որ կա ճաշակով, լավ բան և վատ բան: Վատը, օրինակ, Աֆրիկյանների տան քանդումն է: Եվ հենց այդ միտքը, որ կա քաղաք Երևան, որն անհետանում է, բերեց ինձ այս ցուցահանդեսի գաղափարին»:

«Մեր անցյալը ջարդվում, փշրվում ու ավերվում է,- իր մտահոգությունն արտահայտեց նաև Մ. Մելիքսեթյանը,- մեր երեխաները, առանց տեսնելու և իմանալու մեր անցյալը, ի՞նչ ապագա կարող են կերտել իրենց ու, առավել ևս, իրենց երեխաների համար: Մենք շարունակ ասում ենք, որ Երևանը հնագույն քաղաք է, բայց ո՞ւր է այդ հնի պատկերը: Չկա: Իսկ այն, ինչ մնացել է, հենց այս պահին քանդվում է: Ես երեկ եմ նկարել Աֆրիկյանների տունը, որն արդեն փակել են ու պատրաստվում են քանդել: Ի՞նչ է լինելու դրա շարունակությունը: Հավանաբար, մեր երեխաների ու թոռների համար ամենահինը Հյուսիսային պողոտան կլինի, բայց դա չէ մեր անցյալը»:

Լուսանկարչուհին բնական է համարում մայրաքաղաքում իրականացվող փոփոխությունները, չէ՞ որ Երևանն էլ ժամանակի ընթացքում պիտի զարգանա, ինչպես աշխարհի մյուս քաղաքները, «բայց արդյո՞ք դրան հասնելու միակ տարբերակը մեր ունեցածը, մեր հինը քանդելն ու հենց դրա տեղում նորը սարքելն է»,- զարմանում է նա:

Մ. Մելիքսեթյանն ասում է, որ ցուցահանդեսի շրջանակներում ցուցադրվող իր աշխատանքները հենց այդ նորն են ներկայացնում հնի և ջարդվածի ֆոնին:

Ռ. Փաշինյանը գտնում է, որ այս մտահոգությունը պիտի ոչ թե մի քանիսինը լինի, այլ բոլորինը, համընդհանուր պիտի լինի. «Մենք ուզում ենք օրինական երկրում ապրել, դա շատ նորմալ է, ուզում ենք պաշտպանված լինել օրենքով, դա հոյակապ է, բայց մատը մատին չենք տալիս դրա համար,- կարծում է Ռ. Փաշինյանը:- Ի՞նչ է, մեզ անպայման ֆինանսապե՞ս պիտի նեղեն, որ հիշենք մեր քաղաքացի լինելը: Տեսա՞ք՝ ինչպես բոլորս կանգնեցինք ու ասացինք՝ չէ, տրանսպորտի գինը 150 դրամ չպիտի լինի, և հարցն ինչ-որ մակարդակով ու ժամկետով լուծվեց: Բայց չէ՞ որ քաղաքն այն է, ինչը որ մեզ կյանք է տվել, ուրեմն՝ պիտի ինչ-որ չափով համապատասխան վերաբերմունք ցուցաբերենք նրա նկատմամբ, չպետք է աղտոտենք, չպետք է թույլ տանք, որ ուրիշն աղտոտի ու հանգիստ անցնի: Իսկ աղտոտելը միայն բոլորիս ծանոթ երևույթը չէ, այն լայն հասկացություն է: Օրինակ՝ մարդը, որը քաղաքի կենտրոնում տգեղ շենք է կառուցում, աղտոտում է քաղաքը: Դա է պետք հասկանալ, և պետք չէ պայքարել կամ կեղտ լցնել, ուղղակի պետք է կարողանալ նստել-խոսել: Հենց դրան է միտված մեր ցուցահանդեսը, որը ոչ թե դիտողին գեղագիտական հաճույք է պատճառելու, այլ մղելու է երկխոսության, թող դա լինի թեկուզ բուռն երկխոսություն, բայց միայն լինի, որովհետև դա է նորմալ ընթացքը: Եվ Աստված մի արասցե, որ գա մի օր, երբ այսպիսի ցուցահանդեսի կարիք չլինի, ուրեմն՝ Երևանը մեռավ»:

 

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30