Որպեսզի ինձ չմեղադրեն Անաստաս Միկոյանին անվանարկելու մեջ, ասեմ, որ ես ընդամենը վերաարձանագրել եմ Միկոյանի ինքնագնահատականը: Բոլորը գիտեն Միկոյանի հայտնի արտահայտությունը՝ «մենք բոլորս սրիկաներ ենք եղել» («все мы были мерзавцами»), իսկ սրիկայությունը վաղեմության ժամկետ չունի: Սրիկա չեն ծնվում, անշուշտ, բայց սրիկա դառնում են, իսկ երբ սրիկա են դառնում, մարդու վերափոխվել գրեթե անհնար է: Եթե պատմության մեջ կան նման դեպքեր, դրանք բացառություններ են, որ հաստատում են օրենքը: Սրիկա չդառնալու, սրիկա չլինելու շանս տրված է բոլորին ի ծնե եւ Միկոյանի ժամանակներում հարյուր հազարավոր մարդիկ գերադասեցին սրիկա չդառնալ ու չլինել: Այո, այդ մարդիկ դարձան սրիկաների զոհը: Միկոյանի զոհը նաեւ: Վերացան ընտանիքներով, վերացան ողջ ազգով, գերդաստանով, բայց գերադասեցին սրիկա չդառնալ: Արդյո՞ք նրանց տրված չէր սրիկա դառնալու շանսը: Տրված էր, անշուշտ: Միկոյանն ինքն է գերադասել սրիկայությունը: Պատճառնե՞րը. Պարոնյանը կասեր «մեղմացուցիչ դեպք հանցանաց» չեն:
Պատկերացրեք, թե որքան մեծ է եղել կատարած սրիկայության գիտակցումը, որ«от Ильича до Ильича без инфаркта и паралича» Միկոյանը, իսկ նրա մասին հենց այսպես էին արտահայտվում, առանց ինֆարկտի ու կաթվածի, իսկապես, ավելի քան քառասուն տարի դեռ ապրեց սրիկայությունների խորհրդանիշ 1937-ից հետո:
Վստահ չեմ, թե Միկոյանի մահարձանը Երեւանում չենք ունենալու: Հիմա մենք կռապաշտության պակաս ցցուն տարիներ չենք ապրում, քան Միկոյանի ապրած անաստվածության տարիներն էին: Նրանք կռապաշտության մեջ գուցե ավելի զուսպ էին: Կռապաշտությունը նրանց ժամանակում «ընտրյալներին» էր վերապահված: Նայեք մեր կուսակցական դիմադիր ու անդեմ առաջնորդների երկրպագությանը նրանց «շարքերի» կողմից, նայեք պատերից կախված նրանց տխուր լուսանկարներին, որոնք ամեն օր ցուցադրում են ի տես (դրանք նույնիսկ նրանց սպասարկող լրագրողների աշխատասենյակներում են կախված), նայեք տարատեսակ մեդալների բաժանման մերօրյա մրցավազքին, նայեք դրանց տարփողումներին, նայեք մեր ժամանակների տխմար ու անհեթեթ միջոցառումներին, որոնցում, ըստ կազմակերպիչների, գովաբանվում են «երկրի նախկին ու ներկա հայրերը», նայեք,թե որքան պարկեշտ են նրանք բոլորը, որքան առաքինի, որքան երեխայասեր, որքան ընտանիքապաշտ, որքան մշակութային ու հոգեւոր, որքան զերծ մարդկային թուլություններից: Իսկ գուցե այսպե՞ս են գնում դեպի սրիկայության ժամանակներ եւ գուցե ա՞յս է պատճառը, որ ուզում ենք հավերժացնել սրիկայության ժամանակների կարկառուններից մեկին:
Իհարկե զարմանալի չէ, որ «Օրեր» ամսագրին տված հարցազրույցում Միկոյանի որդին հայտարարում է, «Ի՞նչ չափանիշով են Հայաստանում տեղադրվում անհատների հուշարձանները։ Եթե Հայաստանի համար կոնկրետ գործերով, ապա այդ ի՞նչ հիմունքներով են Երևանում դրվել մարշալ Բաղրամյանի և ամերիկացի գրող Վիլյամ Սարոյանի արձանները։ Ի՞նչ են արել Բաղրամյանը կամ Սարոյանը Հայաստանի համար»։ Զարմանալի չէ, որ Միկոյանի որդու համար Սարոյանն ամերիկացի գրող է: Ակնհայտ է,որ իր սրիկա տարիներին Միկոյանը Ամերիկայից իր որդուն պատմել է միայն նրբերշիկի ու խտացրած կաթի մասին: Սարոյանի մասին պատմելը թույլ չէր տա նրան հասնել վերջին Իլյիչին: Միկոյանի որդին իր հարցազրույցով մեկ անգամ եւս ապացուցեց, որ ինքը մեծացել է սրիկայության գաղափարախոսությամբ, որ հենց սրիկայությունն է եղել առանցքը, որի վրա կառուցված է եղել իրենց կյանքը:
Կարդացեք նաև
Պետություններն ունենում են սկզբունքներ, արժեհամակարգեր, տաբուներ, չգրված օրենքներ: Կարծում եք Գերմանիայում չկա՞ն մարդիկ, որ կուզենան Բեռլինի կենտրոնի պուրակներից մեկում տեսնել Հիտլերի արձանը: Վստահաբար կան, բայց Գերմանիայում նաեւ կա…պետություն:
Բոլոր նրանք, ում սրտում վառ է Անաստաս Իվանովիչի հիշատակը, կարող են այցի գնալ նրա շիրիմին, ծաղիկներ խոնարհել, խունկ ծխալ: Սա անձնական որոշման խնդիր է, բայց ինքնագնահատմամբ «սրիկայի» արձան տեղադրել Երեւանի կենտրոնում, սերունդներին ի տես ու սերունդների աչքում խրախուսել սրիկայությունը, անձնական որոշման խնդիր չէ արդեն:
Արդեն քանի տարի Արտո Չաքմաքչյան հանճարեղ քանդակագործը, մեծանուն հայը երազում է իր հրաշալի քանդակը Երեւանի կենտրոնում տեսնել, նվիրում է իր քանդակը Հայաստանին, իսկ մենք այն ստորաբար չենք տեղադրում: Խորեն Տեր-Հարության քանի-քանի տաղանդավոր քանդակ կարող էին զարդարել Երեւանն ու Հայաստանը, իսկ մենք անտեսում ենք դավաճանաբար: Անուններ թվարկել կարող եմ անվերջ: Ինչո՞ւ չենք անում, որովհետեւ նրանք սրիկաներ չե՞ն եղել:
Ի վերջո պատմությունն ու ժամանակը ցույց են տվել, որ անհատների, նույնիսկ ոչ սրիկա, արձաններ տեղադրելը անհատներին չի փրկում, որովհետեւ ժամանակները փոխվում են պատմության ընթացքում ու անհատների արձանները գահավիժում են պատվանդաններից:
Արայիկ Մանուկյան
Webtv-ի տնօրեն
Դիպուկ է ասված, բայց դժվար թե մտնի անգլուխների գլուխը:
սովետների չարագործ ուրվականը ,դեռ՝ շարունակում է իր ավերածությունները մարդկանց ոգիներում.
Գրվածը միգուցե ամբողջությամբ ճիշտ է,բայց շամանակի փորձությանը չենթարկվող: Ու անմիջապես հիշեցի Աստվածաշնչյան հայտնի խոսքերը…. մի դատիր, որ չդատվես: Հիմա հեշտ է խոսել ստալինյան ժամանակների մասին, բայց փորձեք պատկերացնել Ձեզ այդ ժամանակահատվածում ու գոնե ցանկացածը իր համար թող պարզի արդյոք կդիմադրեր այդ արնախում համակարգին: Հիմա չեն դիմանում, ինչ մնաց այն ժամանակ: Իսկ, առհասարակ, դեռ չեմ տեսել մի մարդու, որը բարձրաձայն ասի որ ինքը սրիկա է: Դրա համար էլ պետք է համարձակություն ունենալ կամ խղճի առաջ լուրջ խնդիրներ, ինչը թերևս այսօր շատերին պակասում է: Ասեմ, որ ես ոչ նախկին կոմունիստ եմ, ոչ Միկոյանի ընտանիքի բարեկամ և ոչ էլ կողմ եմ, որ նրա արձանը տեղադրեն Երևանում: Ես կարդացի գրածը ու փորձեցի անկեղծ արտահայտվել, առանց որևէ մեկին մեղադրելու…………