Լրահոս
Օրվա լրահոսը

Արգիշտի Կիվիրյանը՝ իր վերաքննիչ բողոքի մերժման մասին. «Իմ դեմ իրականացվում է քաղաքական հետապնդում»

Հունիս 04,2014 20:42

Քրեական գործերով վերաքննիչ դատարանը հունիսի 4-ին մերժեց «Armenia Today» լրատվական կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանի բողոքը՝ ընդդեմ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշման:

Հիշեցնենք, որ  խոսքը 2013-ի Կոմիտաս 5-ի դեպքերի մասին է:  06.11.2013 ՀՀ ՀՔԾ քննիչը որոշում է կայացրել 24.08.2013 թ. Ա.Կիվիրյանին բերման ենթարկելիս նրա նկատմամբ բռնություն գործադրած ոստիկանների նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին, գտնելով, որ նրանց գործողություններում առկա չէ հանցակազմը:

Ըստ նախաքննական մարմնի՝ Ա.Կիվիրյանի մարմնական վնասվածքները հասցրել են ոչ թե ոստիկաններն, այլ Ա.Կիվիրյանն ինքն է իրեն դիտավորյալ վնասել ոստիկանական ավտոմեքենայում: Հենց այս որոշման դեմ Արգիշտի Կիվիրյանը բողոք էր ներկայացրել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան (Պ.Մակյանի նախագահությամբ): Այն ժամանակին մերժվեց: Ուստի Արգիշտի Կիվիրյանը ներկայացրել էր Վերաքննիչ բողոք:

Aravot.am-ը հետաքրքրվեց՝ Քրեական գործերով վերաքննիչ դատարանում իր՝վերաքննիչ բողոքի մերժման փաստում միտում, քաղաքական ենթատեքստ տեսնո՞ւմ է: Արգիշտի Կիվիրյանը պատասխանեց. «Իմ դեմ իրականացվում է քաղաքական հետապնդում կապված իմ հասարակական, մասնագիտական գործունեության հետ: Այդ պատվերի շրջանակներում իրենք իմ դեմ սարքել են քրեական գործ, որը գտնվում է Արաբկիրի ընդհանուր իրավասության դատարանում: Ամեն ձևով և ոստիկանությունը, և ՀՔԾ-ն, և դատախազությունն ու  նաև դատարանը զբաղված են կոծկելու իմ դեմ իրականացված բռնությունները: Իրենք բոլորը գործում են վերադասի պատվերի շրջանակներում»:

Արգիշտի Կիվիրյանը մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ դիմելու է Վճռաբեկ դատարան, սակայն վստահ է, որ որևէ արդյունք չեն արձանագրի: Այդ դեպքում Արգիշտի Կիվիրյանը մտադիր է դիմել նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30