Սյունիքի մարզում տեղացած ուժեղ կարկուտից ու անձրեւից վնասվել են Գորիսի տարածաշրջանի Վերիշեն գյուղի ներհամայնքային ճանապարհները: Գյուղապետ Արարատ Օրդյանի խոսքով` քանդվել է գյուղամիջյան 3 կմ ճանապարհահատվածը, որը վերականգնելու համար համայնքը ֆինանսական աջակցության կարիք է զգում:
«Անձրեւը ճանապարհների գրունտը մաքրել տարել է, պետք է հող ու ավազ կրենք-բերենք, նորից վերականգնենք ճանապարհը: Ինչպես միշտ համայնքի բյուջեի միջոցներով պետք է այդ աշխատանքներն անենք, ուղղակի վնասը մեծ է, տեսնենք գումարով օգնող կլինի՞…», -ասաց գյուղապետը եւ հավելեց, որ կարկուտից վնասվել են նաեւ գյուղի տնամերձ այգիները, խոտհարքները, բանջարաբոստանային կուլտուրաները: Տեղում հանձնաժողով է ստեղծվել, կարկուտի հասցրած վնասների մասին կազմած ակտն էլ պատասխանատուները ներկայացրել են Սյունիքի մարզպետարան: Գյուղացիների խոսքով` տեղացած աննախադեպ կարկուտը մեծ վնասներ է հասցրել նաեւ գյուղատնտեսությանը եւ նրանց զրկել եկամտի հիմնական աղբյուրից: Իսկ Վերիշենում բնակիչների հիմնական զբաղմունքն անասնապահությունն ու հողագործությունն է:
«Միջինից խոշոր չափսերի հասնող կարկուտը վնասել է տնամերձում մշակված մոտ 80 հա կարտոֆիլի ցանքսերի 50 տոկոսը, 7 հա բանջարաբոստանային կուլտուրաների մոտ 80 տոկոսը, գյուղի մոտ 300-350 հա խոտհարքն էլ է տուժել կարկուտից: Այս տարի երկրորդ անգամ է կարկուտ գալիս գյուղում, բայց էսմեկն աննախադեպ էր ու մեծ վնասներ հասցրեց գյուղին: Մի քիչ արեւ էլ, որ դուրս եկավ, մնացած բերքն էլ է սեւանալու ու փչանա: Այս տարվա բերքը պրծավ, էլ բերքի հույս չկա…»,- ավելացրեց Վերիշենի գյուղապետը:
Վերիշեն համայնքից բացի, այս տարի կարկուտի հետեւանքով վնասներ են գրանցվել նաեւ Սյունիքի մարզի մի շարք այլ համայնքներում:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ