«Եթե 2013 թվականին նախագահն ընտրվեր այլ կուսակցությունից, միեւնույն է, սահմանադրական կերպով ոչինչ անել չէր կարող: Պառլամենտում այլ մեծամասնություն էր»,- այսօր Հանրային խորհրդի լիագումար նիստում խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանին հակադարձեց սահմանադրագետ, սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը:
Վազգեն Մանուկյանը բերել էր Ֆրանսիայի օրինակը, որտեղ ևս կիսանախագահական համակարգ է եւ որտեղ «լուծումներ կան», ի տարբերություն Հայաստանի:
«Հայաստանում քիչ թե շատ պայծառ անձնավորություններ կան, բայց Հայաստանում էլիտան գորշ է, դրա համար էլ մարդիկ շատ անգամ հույսը կապում են պայծառ անհատների հետ եւ ոչ թե գորշ խմբերի»,- ասաց Վազգեն Մանուկյանը:
«Չկտրվենք իրականությունից, Ֆրանսիան ունի ժողովրդավարական ավանդույթներ»,- հավելեց Վարդան Պողոսյանը`բերելով Վրաստանի, Լիտվայի, Լատվիայի օրինակները`«ամեն տեղ հանգեցին կոնֆլիկտների»: Կիսանախագահական համակարգում, ըստ բանախոսի, գերկենտրոնացման եւ համակեցություն խնդիրները լուծում չունեն:
Մինչ այդ, Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանն էր ներկայացրել փոփոխությունների անհրաժեշտությունը: Ըստ այդմ, աշխարհում մի շարք զարգացումներ են եղել, որոնց Հայաստանը գործնականում իրավասահմանադրականորեն համապատասխանելու խնդիր ունի: Նա նկատեց, որ սահմանադրական փոփոխությունների համար միջազգայնորեն վեց պարտադիր պայմաններից երեքը Հայաստանում ամբողջությամբ առկա են, մեկն էլ մասամբ: Ասաց, որ խնդիր ունենք իշխանության թեւերի տարանջատման, դատաիրավական, մարդու իրավունքների ոլորտներում եւ այլն:
«Վերջնական լուծումներ չկան, առաջարկներ են: Մենք մեր կարծիքը չենք փորձել փաթաթել մարդկանց, ասել ենք`կան այսպիսի խնդիրներ եւ ձեր հետ քննարկումների արդյունքում լուծումներ կգտնենք»,- ասաց Գագիկ Հարությունյանը`հավելելով, որ առաջին անգամն է, որ նման լուրջ հարցի վերաբերյալ հանրային քննարկումներ են ընթանում:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ