Հայաստանի օգտին լրտեսության մեջ մեղադրվող ադրբեջանցի լրագրող Ռաուֆ Միրկադիրովը որոշել է ցուցմունք տալ, հայտնել է նրա փաստաբաններից մեկը՝ Էլմար Սուլեյմանովը, փոխանցում է «Կոնտակտ»-ը:
Ձերբակալությունից հետո Միրկադիրովը հրաժարվել էր ցուցմունք տալ՝ լրտեսության մեջ իրեն մեղադրելը համարելով անհեթեթություն:
«Սակայն այժմ լրագրողը մտադիր է հստակեցնել որոշ հանգամանքներ», – ասել է փաստաբանը և նշել, որ հնարավոր է հունիսի 5-ին Միրկադիրովը հայտարարություն անի դատարանում:
Սուլեյմանովը հայտնել է նաև, որ թեև հարցաքննության են կանչվում լրագրողներ, ակտիվիստներ, որպեսզի Միրկադիրովի դեմ ցուցմունք տան, սակայն «Զերկալո» թերթի վերլուծաբանի դեմ ոչ մի ապացույց չկա:
Կարդացեք նաև
Ռաուֆ Միրկադիրովին ձերբակալել են ապրիլի 19-ին: Ադրբեջանի գլխավոր դատախազության պնդմամբ, նա մի քանի անգամ հանդիպել է Հայաստանի հատուկ ծառայությունների հետ և կատարել նրանց հանձնարարությունները:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ