Լրահոս
Օրվա լրահոսը

«Դո՛ւրս մեր գրպանից» նախաձեռնության անդամ. «Հանեք ձեր «ջիփերը» Մելիք-Ադամյան փողոցից»

Հունիս 04,2014 17:00

«Մեր չորս պահանջներն առայժմ ոչ մի ուշադրության չեն արժանացել, ուստի մեր ավտոերթերն այնքան ենք շարունակելու, մինչև մեր առաջարկած հարցերին լուծումներ տրվեն: Մեր պայքարը լինելու է հետևողական, ընդհուպ մինչև քաղաքացիական անհնազանդություն»,-այսօր «Նոյյան տապան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Դո՛ւրս մեր գրպանից» նախաձեռնության անդամ Արսեն Պետրոսյանը:

Նախաձեռնող խմբի անդամները տեղեկացրին, որ «Դո՛ւրս մեր գրպանից» ավտոերթերին ոչ մի արձագանք դեռ չի եղել`չնայած իրենց բարձրացրած խնդիրներին տեղյակ են թե ոստիկանությունը, թե կառավարությունը, թե քաղաքապետարանը, թե Ազգային ժողովը:
«Դո՛ւրս մեր գրպանից» նախաձեռնող խումբը բաղկացած է 20 անդամներից` վարորդներից: Նախաձեռնության անդամ Արթուր Կրոյանը, խոսելով իրենց պահանջների մասին, նշեց. «Մեր նպատակն է տուգանքների հնգապատիկի իջեցում, կարմիր գծերի վերացում, ընդհանուր տուգանքների հնգապատիկի վերացում, մինչև այժմ եղած տուգանքների համաներում»:

Արսեն Պետրոսյանը հավելեց. «Մենք դեմ չենք օրինախախտ վարորդներին պատժելուն, բայց պահանջում ենք` տուգանքները համապատասխան լինեն մեր աշխատավարձերին ու եկամուտներին, թե չէ հիմա մեզ տուգանում են այնպես, ինչպես Եվրոպայում: Մարդիկ վարկեր են վերցնում, որ տուգանքները վճարեն, որ չեռապատկվի, չհնգապատկվի»:
Նախաձեռնության անդամ Արտաշ Միսակյանը նշեց, թե իրենց նպատակն ամենևին էլ հասարակական ըմբոստություն բարձրացնելը չէ ու մանրամասնեց. «Մենք ոչ հրոսակներ ենք, ոչ էլ ամբոխ: Մենք հանրության մի զանգված ենք, որն ուզում է անել այնպես, որ վարորդների իրավունքները պաշտպանված լինեն: Թե չէ՝ հիմա մարդկանց ստորացնում են, գլորում գետնին, ստիպում գետինը համբուրել և այլն»:

Այնուհետև պարոն Միսակյանը վրդովվեց. «Բոլորի ուժերը պատում է տաքսիստների վրա: Այդ ինչո՞ւ, եթե կարողանում են ԱՊՊԱ-նեը կրկնապատկել, ինչ է, թե տաքսի է, այդ դեպքում ինչո՞ւ տաքսու համար մինչև այս որոշ զիջումների չեն գնում: Իրենք իրենց մեքենաները` «ջիփերը», երկու շարքով կանգնեցնում են նույն Մելիք-Ադամյան փողոցում, որտեղ կայանելն արգելված է: Հանեք ձեր ավտոները, մեզանից լավ ոչ ոք չէ: Նախարարը գյուղացի է, գյուղացին՝ նախարար, ես հիմա դիմում եմ նաև ժողովրդի ծոցից ծնված զավակ Հովիկ Աբրահամյանին»:

«Դո՛ւրս մեր գրպանից» նախաձեռնության անդամները տեղեկացրին, որ հունիսի 10-ին ևս մեկ ավտոերթ կկազմակերպվի: Մեկնարկը տրվելու է Հրազդան մարզադաշտին հարող` Բրազիլիայի հրապարակից` կեսօրից հետո:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30