Լրահոս
Օրվա լրահոսը

Գուգոյի վերջին արարքը

Հունիս 04,2014 16:56
namak

Քաղաքում հրատարակվող թերթերից մեկում պատահաբար կարդացի այս արտահայտությունը. «ի՞նչն է զարմանալի, այն, որ բոլոր վաճառողները, որոնց հետ առնչվել եմ, թվաբանությունից «կաղում են»: Այդ միտքը արտահայտել էր ոչ անհայտ Փարավոն Փորսուղյանը, որը միշտ էլ ինչ-որ մեկի համար թերություններ է փնտրում ու գտնում: «Ի~նչ միամիտ մարդ է այս Փորսուղյանը»,-կզարմանա ընթերցողը: Բայց ես` Փայլակ Թանթուշի Փայասլյանս, այդպիսի բաներից երբեք չեմ զարմացել: Թվաբանությունս ո՞րն է: Մաթեմատիկա է հիմա պետք, մա-թե-մա-տի-կա:

Ախր, կինս էլ էր երեկ տրտնջում.
-Ի՞նչ է պատահել,-հարցրեցի, երբ խանութից տուն եկավ,-թերակշռե՞լ են, թե՞ թերահաշվել:
-Էլ ինչ պիտի պատահի, նորից խաբել է այդ անիրավը, հլա «Շահող կտրոնն» էլ չտվեց:
«Այդ անիրավը» մեր շենքի մոտակա խանութի վաճառող Գուգոն է, որի անձնագրային անունը Գուրգեն է:
-Դե’, լավ, ոչինչ, ջահել է, կսովորի, ճիշտ կհաշվի,-մխիթարեցի կնոջս,-երևի դպրոցում թվաբանությունից «կաղացել է», ինչպես միամտորեն թերթում նշել է Փորսուղյանը:
-Ախր այդ քո ասած թվաբանությունը` երեխեքի լեզվով ասած «թվաբը», միշտ իր օգտին է ծառայեցնում,-տաքացավ կինս,-դրա գլուխը հողեմ:
-Դու էլ նախօրոք հաշվի’ր ու վճարի’ր, ինչպես հարկն է:
-Հաշվում եմ` երկու հատ թթվասեր, մի կաթ, երկու պեպսի, մեկ կաթնաշոռ, երեք ջերմուկ, երկու մածուն, դեռ մի բան էլ կլորացնում եմ, իսկ նա թե` ջերմուկը երկու հատ է մնացել, մածունը հին է, կաթը հենց նոր վերջացավ, ու հաշիվներս խառնվում են, երևի կռահում է, որ ես գումարը մտքումս հաշված եմ խանութ գնացել:
Գաղտնիքը մեր մեջ մնա, երևի կինս էլ է թվաբին դպրոցում մատների արանքով նայել:
-Որ այդքան անհանգստանում ես, առևտուրը ես կանեմ, տեսնեմ, այդ քո Գուգոն ո՞նց է ինձ խաբելու,-ասացի ես:
Մյուս օրը առավոտյան գնացի խանութ` գնումներ կատարելու:
Պահանջածս ապրանքները մեկիկ-մեկիկ մատուցելով` Գուգոն սկսեց հաշվիչի վրա տկտկացնել կոճակները: Նա դանդաղ, մտածելով, առաստաղին նայելով, տկտկացնում էր, իսկ ես մտքումս հաշվում էի էլեկտրոնային հաշվիչ մեքենայից էլ արագ: Ամեն ինչ կարգին է, Գուգոն, նույնիսկ չէր կլորացրել գումարը: Ես դիտմամբ գումարը կլորացրած եմ տալիս, իսկ նա ետ է վերադարձնում մանրը ու դակիչի վրայից էլ դժկամորեն պոկում տալիս է «Շահող կտրոնը»:
Տուն վերադարձա հպարտ ու հաղթական:
-Բա ասում էիր, թե Գուգոն խաբու՞մ է, կտրոնը չի տալիս-ասացի կնոջս:
-Ճի’շտ հաշվե՞ց, կտրոնը տվե՞ց-զարմացավ կինս:
-Իհարկե, լումա-լումա, դեռ իմ կլորացրածն էլ արհամարհեց ու մանրը հետ տվեց:
-Երևի քեզանից վախեցել է,-եզրակացրեց կինս,-շլյապադ տեսել, հարկայինի տեղ է դրել:
Հաջորդ օրերին, առանց շլյապայի էի խանութ գնում, բայց Գուգոն անդրդվելի էր, չէր խաբում և բարեխղճորեն էլ դակում էր «Շահող կտրոնը»: Նա երևի դանդաղորեն բթացնում էր զգոնությունս:
«Գուցե կինս դիտմամբ էր ասում, որ խանութի գործերը վրաս գցեր»,-մտածեցի ես: Տասնմեկերորդ օրը Գուգոն ինձ նոկդաունի ենթարկեց, թերահաշվելով 120 դրամ:
Նրա մարտավարությանը ես պատրաստ էի և անակնկալի չեկա: Տասն օրվա երազանքս իրականացել էր` Գուգոյին շշպռելու համար:
-Սխալ եք հաշվել, երիտասա’րդ,-ասացի ես,-նորի’ց հաշվեք:
Գուգոն հանկարծակիի եկավ, նրա հաշիվները խառնվել էին, երևի չէր սպասում հակահարվածի: Նա ջղային շարժումներով սկսեց տկտկացնել հաշվիչի ստեղները և գումարը փոքրացրեց միայն 30 դրամով:
-Էլի սխալ է,-չոր նետեցի ես` հայացքս սևեռելով Գուգոյի շփոթված դեմքին:
Գուգոն վերահաշվեց, գումարը պակասեցնելով ևս 20 դրամով:
-Էլի սխալ է,-զայրացա ես:
Եվս 20 դրամով պակասեցնելով գումարը` նա հարցական նայեց վրաս:
-Սխալ է…տվեք ինձ հաշվիչը,-գոռացի ես:
Գուգոն դժկամությամբ իմ կողմը հրեց հաշվիչը և շփոթված սպասեց:
-Ահա,-ասացի ես,-մենք էլ հաշվել գիտենք, հերիք է:
Հերթի կանգնածները սկսեցին դժգոհել: Այս ու այն կողմերից լսվեցին ինձ պախարակող ձայներ:
-Ի~նչ ժլատն է…
-50 դրամի համար…
-Դե, երիտասարդ է, սխալվել է…
-Ամոթ էլ չի անում, մեծ մարդ է…
-Թողեք` մենք էլ առևտուր անենք, գործից ուշանում ենք:
Ամբոխը կամա թե ակամա պաշտպանեց Գուգոյին: Գուգոն էլ, ամբոխի պաշտպանությունից քաջալերված, և գլխի ընկնելով, որ ոչ մի բարձր պաշտոն էլ չեմ զբաղեցնում, հաղթական տեսք ընդունելով, նետեց.
-Ես էլ կարծում էի` կարգին, աղա մարդ է…
Հաջորդ օրերին կինս սկսեց բողոքել, պարզվեց, որ Գուգոն ինձ թթված մածուն ու կաթ, նստվածքով հյութ, պեպսի կոլա կամ անգազ ջերմուկ էր խցկել այլ ապրանքների հետ:
Օրերից մի օր էլ Գուգոն սխալվեց իր հաշիվներում ի վնաս հենց իրեն:
-Սխալ ես հաշվել,-ասացի ես` այն չարաբաստիկ օրից սկսած չհակառակելով Գուգոյին:
-Էլի էս մարդը սկսեց,-դեղնեց Գուգոն:
-Ի վնաս ձեզ եք սխալ հաշվել,-ասացի ես:
-Չի կարող պատահել,-զարմացավ Գուգոն:
-Պատահել է, 500 դրամ ավել եք տվել,-ասացի ու շպրտեցի սեղանին 500 դրամանոցը:
-Մենք էլ մարդ ենք,-արդարացավ Գուգոն,-մեկ-մեկ էլ ի վնաս մեզ կարող ենք սխալվել, վախենում էիր` տեղը չհանե՞մ…
Անցել էր մեկ տարի, մայթով զբոսնում էի, հանկարծ կողքիցս անցնող արտասահմանյան մակնիշի շքեղ մեքենան կտրուկ արգելակվեց, և մեկը գլուխը հանեց պատուհանից դիմելով ինձ.
-Արի` մի քիչ քաղաքում ման ածեմ, ինչքան չլինի էս մեքենայի մի ակի փողը քեզնից փափախ արած կլինեմ,-ժպտալով ասաց վարորդը, գուցե և քեզ չտված «Շահող կտրոնի» շահած մեքենան է:
Վարորդը մեր խանութի ջրերի բաժնի վաճառող Գուգոն էր: Նա մի ուրիշ խանութում արդեն տնօրենի տեղակալ էր դարձել: Ես, իհարկե, քաղաքավարի կերպով հրաժարվեցի Գուգոյի առաջարկից, բայց անսահմանորեն շոյված զգացի:
Շատ սրտաբաց ու բարի մարդիկ են այս վաճառողները, մտածում եմ ես և զարմանում այդ Փարավոն Փորսուղյանի ասածի վրա, թե վաճառողները թվաբից «կաղում են», թերակշռում են, թերահաշվում, «Շահող կտրոնը» չեն տալիս, մի խոսքով` վարկաբեկում էր խեղճերին ամբողջ քաղաքով մեկ ու բացասական կարծիք ստեղծում նրանց մասին:
Ընդհակառակը, ես պնդում եմ, որ նրանք շատ քաղաքավարի, կիրթ, ազնիվ ու բարյացակամ մարդիկ են, վկան` Գուգոյի վերջին արարքը:

Սիմակ ԳԱԼՍՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30