Հունիսի 3-ին Նոյեմբերյանից հրշեջ-փրկարար ծառայության մի հաշվարկ, ոստիկանության եւ շտապօգնության աշխատակիցները մեկնել են Բերդավան գյուղ: Նոյեմբերյանի փրկարար ջոկատից տեղեկացանք, որ 34-ամյա Ն. Ա.-ն պոկել է բազկի վրա իր կողմից նախկինում արված կտրվածքը, վերքից արյուն է հոսել, բուժքույրը նրան վիրակապել է, դեղ սրսկել:
Նշենք, որ Բերդավանի բնակչուհին նախորդ անգամ ինքնավնասման փորձ էր կատարել մայիսի 30-ին:
Նոյեմբերյանի փրկարար ջոկատից տեղեկացանք, որ չամուսնացած կինն ավելի քան 20 անգամ իրեն վնասել է:
Բերդավանի գյուղապետ Արարատ Գաբրիելյանը կնոջը հոգեկան հիվանդ չի համարում, ասելով, որ նա սթափ ժամանակ իրեն նորմալ է պահում, ուզում է ուշադրության կենտրոնում լինել, ոգելից խմիչք օգտագործելուց հետո ագրեսիվանում է:
Կարդացեք նաև
Կինը մի անգամ բարձրացել է գյուղապետարանի ծառայողական «Նիվա» ավտոմեքենայի վրա, ցատկոտել, մի անգամ էլ կռիվ է սարքել Նոյեմբերյանի հիվանդանոցում:
Փրկարար ծառայության , շտապօգնության, ոստիկանության աշխատակիցները դժգոհում են, որ նա հաճախակի զանգերով իրենց կտրում է իրենց աշխատանքից, վառելիքի եւ ժամանակի ծախս է արվում:
Փրկարար ծառայությունից մեզ հայտնեցին, որ կնոջ հոգեկան առողջությունը բուժելու համար, նոր կարգով, պահանջվում է նրա դիմումը, որը նա չի գրում: Հավանական է նաեւ, որ բժիշկները նրան հոգեպես առողջ ճանաչեն:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ