Լրահոս
Օրվա լրահոսը

Արաբագետը Բաշար ալ-Ասադին Սիրիայի հավանական նախագահ է համարում

Հունիս 04,2014 14:53

Հայկ Քոչարյանի կարծիքով՝ Սիրիայում բնակվող հայկական համայնքը հիմնականում աջակցում է Բաշար ալ-Ասադի իշխանությանը

«Ամեն ինչ զարգանում է այնպես, ինչպես կանխատեսվել էր մինչեւ այդ»,- այսօր՝ հունիսի 4-ին, «Տեսակետ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով Սիրիայում տեղի ունեցած ընտրություններին, հայտարարեց արաբագետ Հայկ Քոչարյանը:

Նա նշեց, որ Սիրիայում հետընտրական հաշվարկների կարգ սահմանված չէ եւ հայտնի չէ, թե քանի օրից պարզ կդառնա Սիրիայի նախագահի անունը: Չնայած դրան՝ արաբագետը ակնհայտ է համարում, որ գրանցված երեք թեկնածուներից առաջատարը գործող նախագահ Բաշար ալ-Ասադն է, քանի որ մնացած երկուսը հասարակության լայն շերտերին այդքան էլ հայտնի չեն.

«Չնայած՝ հաճախ են ասում, որ առաջին բազմակուսակցական ընտրություններն են Սիրիայում, բայց ըստ երեւույթին, գործ ունենք գործող իշխանության վերարտադրման եւ ամրապնդման հետ»:

Նա նշեց, որ այս նախագահական ընտրությունների ընթացքում ընտրելու հնարավորություն ունեին Սիրիայի սահմաններից դուրս գտնվող Սիրիայի այն քաղաքացիները, որոնց երկրում Սիրիայի դեսպանատուն կար, իսկ մնացածին կոչ էր արվել գնալ Սիրիա եւ մասնակցել ընտրություններին: Արաբագետը դրանով է պայմանավորում Լիբանանից մարդկանց մեծ հոսքը Սիրիա.

«Պետք է հասկանալ, որ Բաշար ալ-Ասադի ամբողջ քարոզարշավը կառուցված էր անվտանգության, ապահովության երաշխիքներ տրամադրելու վրա, ինչն էլ իր գործը արեց, եթե նայենք տեսահոլովակները, կտեսնենք, որ քարոզը հետեւյալն է՝ մենք կարող ենք հաղթահարել այս դժվարությունները՝ արտաքին թշնամուն, ահաբեկչությունները, կառուցել, վերակառուցել երկիրը: Իսկ իրական մակարդակում ապրող սիրիացիները տարբերությունը հստակ տեսնում են. այն տարածքներում, որտեղ իշխում է Բաշար ալ-Ասադի ղեկավարած վարչակազմը, այնտեղ կյանքն ավելի անվտանգ է՝ համեմատած այն տարածքների, որոնք գտնվում են զինյալ ընդդիմադիրների ձեռքում»:

Պարոն Քոչարյանը, անդրադառնալով կարծիքին, թե պատերազմական իրավիճակում գտնվող պետությունում հնարավոր չէ ժողովրդավար ընտրություններ անցկացնել, հայտարարեց, որ Սիրիայի բարեկամները կընդունեն նախագահական ընտրությունների արդյունքները, իսկ թշնամիները կմերժեն եւ կմատնանշեն երկրի պատերազմական
իրավիճակում գտնվելու հանգամանքը:

Հարցին, թե ինչպիսի՞ն է հայ համայնքի վերաբերմունքը, Հայկ Քոչարյանը պատասխանեց, որ հայկական համայնքը հիմնականում աջակցում է Բաշար ալ-Ասադի իշխանությանը եւ այդ համակարգի վերարտադրման մեջ է տեսնում իր անվտանգությունը. «Կարծում եմ, ինչպես մնացած Սիրիայի քաղաքացիները, որոնք համակարգի վերարտադրման մեջ են տեսել իրենց անվտանգությունը, գնացել եւ քվեարկել են այդ համակարգի վերարտադրման համար»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30