Ջրային քիչ պաշարներ ունենալու մասին հայտարարությունները բնապահպան Կարինե Դանիելյանն անհարկի խոսակցություններ է համարում:
«2008թ.-ից հետո ես չեմ զարմանում տարբեր հայտարարությունների վրա, երբ շրջանառության մեջ էին դրել թաց երաշտ արտահայտությունը: Հատկապես այս մայիսին շատ տեղումներ ունեցան, և նման հայտարարություններ չպետք է հնչեն: Շատ մեծ խնդիր է Արարատյան արտեզյան ավազանի խնդիրը, և Սևանի հաշվին դա լուծելն ակնհայտ սխալ է: Մինչև ձկնաբուծությունը զարգացնելը, բոլոր պայմանները պետք է ուսումնասիրվեն, լուրջ ծրագիր է պետք: Եթե իրավունք ունեինք վերցնել տարեկան մոտ մեկ միլիարդ, ապա վերցրել են 1,8 միլիարդ խմ ջուր: Մեր հարևաններն էլ կարող են բողոքել, որովհետև այդ անապատացումը կարող է տարածվել, ստորգետնյա ջրառը լիովին անվերահսկելի վիճակում է»,- այսօր «Հայելի» ակումբում ասաց տիկին Դանիելյանը:
Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն էլ շարունակեց, թե Արարատյան դաշտում դրենաժային համակարգը ամբողջովին քայքայվել է. «Հիմա ձկնաբուծությունը և արտեզյան ջրերի գերշահագործումը բերել է նրան, որ հողերի գերխոնավությունը բարձրացել է, խնդիրներ են առաջացրել: Իսրայելը մշակեց կաթիլային ոռոգումը և ապացուցեց, որ նույնիսկ տափաստանները կարելի է դարձնել բերրի այգի: Մեզ պետք է արդիականացնել գյուղատնտեսությունը, որ խնայողաբար օգտագործվեն ջրային ռեսուրսները: Աշխարհում գյուղատնտեսությունը պետական հոգածության տակ է, իսկ մեզ մոտ դա թողնված է բախտի քմահաճույքին, դրա համար էլ, երբ խնդիրների առաջ ենք կանգնում, մտածում են, թե ինչպես Սևանից ջուր վերցնեն: Էլեկտրաէներգիայի միակ բարձրացումը կարող է լինել, երբ էս ատոմակայանը կանգնեցնեն և նորը կառուցեն»:
Տիկին Դանիելյանն էլ շարունակեց մտահոգությունները. «Մեր բնական աղբյուրները ցամաքում են: Սևանից բացթողումները, եթե ավելանան, ջրի մակարդակի իջեցում կլինի, մեր Արփա-Սևան թունելը ևս լավ չի աշխատում, և մենք խնդիրներ կունենանք: Սևանում ճահճացումից եմ շատ անհանգստացած, ես առաջարկությունների էի արել, որ քննարկենք, թե ինչպես կարելի է այդ խնդիրը լուծել: Բայց բնապահպանության նախարարության նախկին ներկայացուցիչն ինձ ասաց, որ որքան բուսականություն լինի Սևանում, այնքան լավ, բայց հետո տեսանք, թե որքանով է լավ: Այնպիսի սարքավորումներ գնեցին, որ կարողանան մաքրել այդ ճահճուտները»:
Կարդացեք նաև
Հետո տիկին Դանիելյանն ասաց՝ զարմացել է, որ ատոմակայանը գործարկելուց հետո կառավարությունը որոշում ընդունեց, որ այլևս որևէ միլիլիտր Սևանից ջուր չի օգտագործվելու էներգիայի համար, միայն ոռոգման համար, այնինչ ձմռան ամիսներին ջուր էին բաց թողնում. «Հիմա էլի շատ կասկածելի շրջան է սկսվում Սևանի ջրի մակարդակի մասով: Հենց հայտարարում են, որ սակավաջուր տարի է, սկսում են անձրևները: Աստված Սեւանի հետ է»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ