Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյան. «Թուրքիայի կողմից Հայաստանի ապօրինի շրջափակումը պետք է մնա միջազգային հանրության ուշադրության կենտրոնում»

Հունիս 04,2014 14:24

Պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի Համադաշնության նախագահ, արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար Դիդիե Բուրկհալտերի եւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումից հետո նախագահները կարճ ճեպազրույց ունեցան:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ասաց, որ հանդիպման ժամանակ քննարկվել են հայ-շվեյցարական համագործակցության լայն շրջանակ: Երկու նախագահներն անդրադարձել են նաեւ տարածաշրջանային եւ միջազգային անվտանգության արդի մարտահրավերներին եւ փոխգործակցությանը:

Նախագահ Սարգսյանը գտնում է, որ Հայաստանի եւ Շվեյցարիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր արդյունավետ աշխատանք է ընթացել եւ կառուցողական երկխոսություն է ծավալվել խորհրդարանների եւ արտաքին գերատեսչությունների միջեւ:

ՀՀ նախագահը դրական է գնահատում երկկողմ առեւտրի կայուն աճը. եվրոպական երկրների շարքում Շվեյցարիան Հայաստանի գործընկեր երրորդ երկիրն է: 40 ընկերություններ արդեն իսկ համագործակցում են: Նախագահ Սարգսյանը դրական գնահատեց Ցյուրիխում մայիսին կայացած հայ-շվեյցարական գործարար համաժողովի արդյունքները: Համաժողովի երկրորդ փուլը կկայանա առաջիկայում Երեւանում:

Նախագահ Սարգսյանը նաեւ վերահաստատեց ԵԱՀԿ-ի հարթությունում համագործակցությունը խորացնելու Հայաստանի ցանկությունը: Ասաց, որ Հայաստանը պատրաստ է սատարել Շվեյցարիայի նախաձեռնություններում`ԵԱՀԿ-ում իր նախագահության շրջանում:

Սերժ Սարգսյանը հայ ժողովրդի անկեղծ երախտագիտությունը հայտնեց Շվեյցարիայի նախագահին` Շվեյցարիայի օրենսդիր մարմնի կողմից Ցեղասպանությունը ճանաչելու փաստի առիթով: Թեեւ Թուրքիայի կողմից չվավերացվելու պատճառով մինչ օրս առկախված են հայ-թուրքական արձանագրությունները, այնուհանդերձ, նախագահ Սարգսյանը շնորհակալություն հայտնեց Շվեյցարիային`այդ ուղղությամբ իր գործադրած ջանքերի համար: «Թուրքիայի կողմից Հայաստանի ապօրինի շրջափակումը պետք է մնա միջազգային հանրության ուշադրության կենտրոնում»,- հայտարարեց ՀՀ նախագահը:

Դիդիե Բուրկհալտերն էլ ասաց, որ վերահաստատում է Սերժ Սարգսյանի կարծիքն այն մասին, որ հայ-շվեյցարական երկկողմ հարաբերությունները բարեկամական են: Նա հայտարարեց, որ շահագրգռություն կա տնտեսական համագործակցությունը խորացնելու` մասնավոր եւ պետական հատվածում:

Շնորհակալություն հայտնեց այն կայուն աջակցության համար, որն իր երկիրը ստանում է Հայաստանից` ԵԱՀԿ-ում իր նախագահության շրջանում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30