Հունիսի 3-ին Տավուշի մարզխորհրդի նիստում Ոսկեվանի գյուղապետ Սերյոժա Ալեքսանյանն ասաց, որ վերջին 20-25 տարում սահմանագոտու բնակիչները ավելի շատ են անտառից օգտվում, քան խորհրդային տարիներին: Նրա վկայությամբ՝ նախկինում թափուկը գտնվում էր բնակավայրին մոտ հեռավորության վրա, այժմ թափուկը վերացել է, այն հայթայթելու համար ստիպված են հեռանալ անտառի խորքերը, վառելիքի մեծ ծախս կատարել: Գյուղապետի խոսքերը վերաբերում էին վերջին տարիներին կառավարության կողմից սահմանամերձ, անտառամերձ գյուղերի ընտանիքներին, որպես օգնություն , 8-ական խորանարդ մետր անտառի թափուկ, անվճար, ինքնապատրաստմամբ տրամադրելուն: Ս. Ալեքսանյանն ասաց.
«Եթե այդ նույն քանակի փայտ գյուղնախարարությունը հատկացնում է մեզ, հատկացնի հուլիս-օգոստոս ամիսներին, ոչ թե նոյեմբեր-դեկտեմբերին: Այստեղ ո՞ւմ չէ հայտնի, որ թաց եղանակին անտառ գնալը կենաց-մահու խնդիր է: Բացի դրանից, մենք փայտ ուշ տալով՝ գյուղացին գնում է, հատում կատարում, հետո ակտ է գրվում, հետո մենք գնում ենք անտառտնտեսության տնօրենին, մարզպետին խնդրում, դատավորին խնդրում, որ գյուղացուն հանենք, այն դեպքում երբ մենք ենք նրան այնտեղ ուղղել: Ճիշտ կլինի՝ այդ փայտը հատկացնել հուլիս-օգոստոսին, եւ գյուղացին փայտ կբերեր 20-30 լիտրով, ոչ թե 70-80-ով, այդ խնայված վառելիքով վարուցանք կաներ»:
Գյուղնախարար Սերգո Կարապետյանն ասաց, որ կաշխատեն այս տարի վառելափայտի հատկացումն ավելի շուտ անել, խոստանալով, որ սահմանամերձ, անտառամերձ համայնքների բնակիչները վառելափայտով կապահովվեն: Հավելենք, որ մարզխորհրդի նիստին ներկա էր նաեւ «Հայանտառի» տնօրեն Մարտուն Մաթեւոսյանը:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Կարդացեք նաև