Լրահոս
Օրվա լրահոսը

«Պատմամշակութային ժառանգության պահպանման հարցում մենք խոչընդոտներ չենք ճանաչում». Հասմիկ Պողոսյան

Հունիս 04,2014 12:54

Ավարտին է մոտենում ՀՀ մշակույթի և Իտալիայի արտաքին գործերի նախարարությունների միջև 2011 թ. ապրիլի 6-ին ստորագրված «Աջակցություն հայկական հաստատություններին տեղական մշակութային ժառանգության պահպանության և ամրակայման համար» տեխնիկական համաձայնագրի շրջանակներում իրականացվող համագործակցային ծրագիրը:

«Սա մեզ համար շատ կարևոր և արդյունավետ ծրագիր է, որն անգնահատելի ներդրում է հայկական պատմամշակութային ժառանգության պահպանության, ոլորտը միջազգային լավագույն փորձի հիման վրա զարգացնելու գործում,- ասում է ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:- Մենք այսօր խոսում ենք մի հարստության մասին, որը կոչվում է պատմամշակութային ժառանգություն: Այն բոլորինս է, և նրա պահպանության հարցում մենք սահմաններ ու խոչընդոտներ չենք ճանաչում: Կարևորն այդ ժառանգության պահպանումն է և ցույց տալը, որ ճարտարապետությունը, առաջին հերթին, տվյալ ժողովրդի բարքերի ու հոգեկերտվածքի արտահայտությունն է»:

MHM88317-copy

ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջիովանի Ռիչուլլին էլ իր խոսքում նշեց, որ անչափ կարևորում է այս ծրագիրը և տխրում, որ ավարտվում է. «Մշակութային ժառանգությունը մարդկանց և ժողովուրդների միջև հաղորդակցման, փոխշփումների ապահովման լավագույն տարբերակներից մեկն է»,- հավելեց դեսպանը:
Նկատենք, որ ծրագրի ավարտը կնշանավորվի 2014 թ. հունիսի 4-6-ը Երևանում կայանալիք «Պատմամշակութային ժառանգության պահպանություն» խորագրով միջազգային գիտաժողովով, որը նվիրվում է ականավոր ճարտարապետ Թորոս Թորամանյանի 150-ամյակին, ինչը շատ կարևոր հանգամանք համարեց մշակույթի նախարարը:

Գիտաժողովին կմասնակցեն հեղինակավոր մասնագետներ Հայաստանից, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից, Իտալիայից, Ֆրանսիայից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ճապոնիայից և այլ երկրներից:

Հ. Պողոսյանն ասաց նաև, որ հստակ մտադրություն կա ծրագիրը շարունակական դարձնելու. «Պատրաստվում ենք բանակցել Իտալիայի մշակույթի և արտգործնախարարությունների հետ՝ ծրագիրը շարունակական դարձնելու համար: Շարունակականությունը վերաբերելու է հուշարձանների վերականգնման համատեղ կենտրոնի ստեղծմանը, որտեղ մասնագիտական բարձր փորձաքննություն կանցնեն բոլոր նախագծերը»,- նշեց նա:

Հ. Պողոսյանը շատ է կարևորում այսպիսի համագործակցությունները, քանի որ, նրա խոսքով, դրանք համախմբում են ժողովուրդներին աշխարհի մշակութային ժառանգության պահպանման շուրջ. «Մշակութային ժառանգության պահպանման հետ կապված խնդիրներ ունեն աշխարհի գրեթե բոլոր երկրները, բայց ես կարծում եմ, որ մենք միասին կկարողանանք փրկել գեղեցիկը,- ասաց Հ. Պողոսյանը և հավելեց,- մշակույթի նախարարությանը հաճախ են մեղադրում պատմամշակութային ժառանգության ոլորտում բազմաթիվ խնդիրների հետ կապված: Այդ մեղադրանքները, ես կարծում եմ, հիմքեր ունեն, և մենք գիտենք, որ շատ անելիքներ ունենք»:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30