«Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանի խոսքով՝ իշխանությունները պատրաստ են ընդունել ազդեցիկ համաշխարհային գործիչների ցանկացած թելադրանք, լակոտի նման գլուխը կախել բոլոր այն դեպքերում, երբ իրենց կանպատվեն եւ կստորացնեն։
«Միեւնույն ժամանակ պատրաստ են գալ Հայաստան եւ այստեղ աքլոր խաղալ՝ իբրեւ թե մենք էլ տղա ենք։ Բազմաթիվ ասելու բան կար Աստանայում, ասող մարդը կերեւար։ Չնայած վաղուց է երեւացել, որ Սերժ Սարգսյանը այդ տղան չէ: Չէր կարող իր թիկունքում ժողովուրդ չունեցող պաշտոնյան լինել համարձակ։ Նա կարող է լինել արտիստ, կարող է խրոխտանալ, նույնիսկ դրսում աքլորանալ, բայց լոկ դերասանություն կլիներ, ինչին ինքը, փաստորեն, ընդունակ չեղավ, նույնիսկ դա էլ չկարողացավ ցույց տալ»,- մանրամասնեց Լեւոն Բարսեղյանը՝ շեշտելով, որ արդյունքում ողջ աշխարհը տեսավ, թե ինչպես այդ միության ստեղծման կամեցողների խմբից դուրս գտնվող ինչ-որ մեկը կարող է Սերժ Սարգսյանին ապտակ հասցնել եւ մնալ անպատասխան։
Լեւոն Բարսեղյանի համոզմամբ՝ չարիքի ակունքը Հայաստանում ժողովրդից իշխանություն չունենալու մեջ է, ով էլ լինի զավթիչ, նույն պատմությունն է կրկնելու՝ մի քիչ ավել մի քիչ պակաս դերասանական ունակություններով։
Աստանայի եւ սեպտեմբերի 3-ի մոսկովյան ելույթների համադրությունից պարզ է դառնում, որ մենք գործ ունենք պաթոլոգիական ստախոսի հետ, վստահ է ակումբի նախագահը։ Նա պարզաբանեց, որ, օրինակ, սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանը Կրեմլում ասաց, որ Հայաստանը ցանկություն է հայտնել անդամակցելու Մաքսային միությանը, սակայն Հայաստանը նման ցանկություն չէր հայտնել։
Կարդացեք նաև
«Սա ոչ այլ ինչ է, քան տարրական ստախոսություն։ Ուշադրություն դարձրեք, որ նա չի համարձակվում նույնիսկ խոսել իր անունից, այլ մեզ վերագրում է մի բան, որը չի համապատասխանում իրականությանը։ Աստանայում էլ ասաց, որ հայաստանյան գործարար աշխարհը՝ գործարարները եւ հասարակությունը ընդունել են Մաքսային միությանն անդամակցելու ժամկետները։ Այսինքն՝ համաձայնություն են հայտնել։ Կրկին անգամ ելույթի մեջ նա մեզ վերագրում է մի բան, որը տեղի չի ունեցել»,- նկատեց Բարսեղյանը։
Լիլիթ ԼԱԼԱՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում