Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Մեհրաբյան. «Ժամանակն աշխատում է ի վնաս մեզ»

Հունիս 04,2014 12:05

Երեկ կայացած «Հայաստանի գոյության մարտահրավերները՝ Եվրասիական միության նոր զարգացումների ներքո» խորագրով քննարկման ժամանակ մասնակիցները՝ քաղաքացիական հասարակության անդամները, անընդհատ շեշտում էին մի միտք, որ, այլեւս ոչ իշխանության եւ ոչ էլ «ոչ իշխանական» քաղաքական ուժերի հետ հույս պետք չէ կապել, եւ հասարակությունն ինքը պետք է կարողանա ուժ գտնել եւ դեմ դուրս գալ այն իրավիճակին, որում հայտնվել ենք՝ հատկապես մայիսի 29-ից հետո, երբ անընդհատ նվաստացվում է մեր ազգային արժանապատվությունը, երբ ակնհայտորեն գնում ենք դեպի պետականության թուլացման:

«Առավոտի» հարցին՝ կիսո՞ւմ է այդ տեսակետները, քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը պատասխանեց. «Շատ էլ ճիշտ են ասել, եւ դա պետք է ոչ միայն արվի, այլեւ արվի հնարավորինս ինտենսիվ, արագ տեմպերով, որովհետեւ ներկայումս այնպիսի վիճակ է, որ ժամանակն աշխատում է ի վնաս մեզ»:

Մեր հաջորդ հարցին, թե ինչպե՞ս է պատկերացնում նման հասարակական համախմբումը, ո՞վ պետք է կազմակերպի, ի՞նչ մեթոդներով է հնարավոր հասարակությանը, ժողովրդին լսելի դառնալ, առաջնորդել, քաղաքագետը պատասխանեց. «Սահմանադրությամբ թույլատրված, ավելի ճիշտ՝ Սահմանադրությամբ եւ օրենքներով, օրենսդրությամբ չարգելված բոլոր հնարավոր միջոցներով, բոլոր հայտնի տեխնոլոգիաներով… Ես չեմ կարծում, որ Հայաստանում քաղաքացիներ չկան, ավելին, ես կասեմ, որ Հայաստանում տասնյակ հազարավոր գիտակից քաղաքացիներ կան, որոնք պարզապես սպասում են նման բյուրեղացման, կազմակերպական մի քանի քայլի, որոնք կբերեն մի նոր, իրապես Հայաստանի պետության եւ քաղաքացիների շահերը սպասարկող շարժման»:

Նկատեցինք, որ «Թրանսփարանսի ինտերնեյշնլ» կազմակերպության տվյալներով՝ Հայաստանի քաղաքացիները ապատիայի մեջ են, անտարբեր են: Արդյոք դա դժվարություններ չի՞ հարուցի մարդկանց որեւէ հարցով, թեկուզ՝ պետականությանը սպառնացող վտանգների պարագայում, ոտքի կանգնելուն: Ռուբեն Մեհրաբյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ կա նման բան, որովհետեւ այո, քաղաքական դաշտում, թե իշխանական, թե ոչ իշխանական ուժերի նկատմամբ հասարակության մոտ որեւէ վստահություն չկա, որովհետեւ նրանք որեւէ կապ չունեն նույն քաղաքացիների շահերի հետ, եւ այն, թե ինչ է տեղի ունենում այդ քաղաքական թատերաբեմերում, քաղաքացիներին պարզապես չի հետաքրքրում: Բայց վստահ եմ, որ այս վիճակը ընդունակ է շատ արագ փոխվելու, երբ որ մարդիկ տեսնեն, որ իրական գործընթաց է տեղի ունենում, որը կոչված է քաղաքացիների շահը սպասարկելուն, եւ ես չեմ կասկածում, որ Հայաստանը ուղղակի դատապարտված է նման քայլի գնալու»:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30