Լրահոս
Օրվա լրահոսը

Սերգեյ Մինասյան. «Սերժ Սարգսյանի նպատակը Նազարբաևին ճակատից կրակելը չէր»

Հունիս 04,2014 11:55

«Եթե չլինի գլոբալ ֆորսմաժորային իրավիճակ՝ ավելի լայն շրջանակների գործընթացներ, 2015 թվականի հունվարի 1-ից Հայաստանը կմասնակցի այդ տնտեսական, բայց քաղաքական իմաստով միավորման աշխատանքին»,-այսօր «Զարկերակ» ակումբում հայտարարեց «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը՝ վերլուծելով Եվրասիական միության հիմնադրման և ՀՀ-ի անդամակցության վերաբերյալ գործընթացները:

Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը խոսեց Եվրասիական միության անդամակցության պարագայում ՀՀ-ի սպառնացող ռիսկերի մասին. «Առկա են ոչ միայն տնտեսական շահեր, այլև բարձրացվում են քաղաքական հարցադրումներ: Մինսկում Նազարբաևի կողմից բարձրացվեց Թուրքիայի անդամակցության հարցը, հետագայում Ղարաբաղի հետ մաքսակետի դրման հարցը, բարձրացվում է նաև Ադրբեջանի անդամակցության հարցը: ՀՀ-ն հայտնվելու է մի տարածքում, որտեղ մահմեդական բազում երկրներ են լինելու, սա նշանակում է, որ ՀՀ-ն բավականին հաճախ պիտի դիմի Ռուսաստանի աջակցությանը»:
Պարոն Խաչատրյանը նկատեց, թե հետագայում դժվարություններից խուսափելու համար մեր տնտեսվարողները այժմ պետք է փոխեն իրենց կապերի շրջանակը՝ ընդլայնելով կապերը դեպի ասիական տարածաշրջան»:

Aravot.am-ը հետաքրքրվեց՝ արդյոք համարժե՞ք է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պատասխանը  Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հայտարարությանը,  պարոն Մինասյանն արձագանքեց. «Սերժ Սարգսյանի նպատակը ոչ թե Նազարբաևին պատասխանելն ու ճակատից կրակելն էր իր խոսքերի համար, այլ փորձել արագացնել ՀՀ-ի անդամակցության հարցը՝ ելնելով աշխարհաքաղաքական խնդիրներից: Նազարբաևի հայտարարության մեջ չի խոսվել Ղարաբաղի մասին, այլ խոսվել է Հայաստանի հետ սահմանների մասին»:

Մեր մյուս դիտարկմանը, թե մինչ Աստանայի զարգացումները ՀՀ քաղաքական վերնախավի տարբեր ներկայացուցիչներ վստահեցնում էին,  որ «Ղարաբաղով ենք մտնելու» Եվրասիական միություն, այնինչ Աստանայից հետո ՀՀ նախագահը Ղազախստանի նախագահին պատասխանելով  նշեց,թե «Իսկ ո՞վ էր ասում, որ Ղարաբաղով ենք մտնելու», Սերգեյ Մինասյանն այսպես արձագանքեց. «Պարզապես այդ ժամանակ պիտի ավելի հստակ նշվեր, որ խոսքը գնում է դե ֆակտո մտնելու մասին, նույն կերպ, ինչպես մեկ տարի առաջ ՀՀ-ն փորձում էր Ասոցացման պայմանագիր ստորագրել և իրականում դե ֆակտո ԼՂՀ-ն ներգրավելով: Պետք է հասկանանք, որ ոնց որ մինչև այդ 25 տարվա ընթացքում ՀՀ-ն անդամակցել է տարբեր տնտեսական, քաղաքական միջազգային կազմակերպություններին և իրավունք ունի անդամակցել միայն իր ճանաչված տարածքով: Կարծում եմ՝ ԼՂՀ-ն չի հանդիսանում ՀՀ-ի մի մաս, դա իր պետական և բոլոր այլ ատրիբուտներով առանձին միավոր է: Իրավական առումով ՀՀ-ն չի էլ կարող ոչ Մաքսային միությունը, ոչ էլ Ասոցացման պայմանագիր ստորագրել Ղարաբաղի հետ իրավական պատճառով և հենց այն պատճառով, որ ՀՀ-ն չի ճանաչել ԼՂՀ անկախությունը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30