Լրահոս
Օրվա լրահոսը

Մարզահամերգային համալիրը վաճառքի է դրվել առանց կառույցի իրավունքները պաշտպանող փաստաթղթի. «Հայոց աշխարհ»

Հունիս 04,2014 11:50

Ճարտարապետ ՍԱՇՈՒՐ ՔԱԼԱՇՅԱՆԸ շատ հավանական է համարում, որ ապագա սեփականատիրոջ առաջ համապատասխան պարտավորություններ չդնելու դեպքում համալիրը կարող է արժանանալ քանդված կամ խեղված հուշակոթողների բախտին. «Այսօր դատում ենք, թե որքանով է խելամիտ համալիրը վաճառելը՝ մոռանալով, որ այս հարցում շատ ավելի կարեւոր է սեփականատիրոջ առաջ շենքի օգտագործման համար համապատասխան պարտավորություններ ու սահմանափակումներ դնելը, դրանք պայմանագրով ամրապնդելը: Միայն այդպես հնարավոր կլինի շենքը պահպանել թե՛ որպես պատմամշակութային հուշակոթող, թե՛ իբրեւ մարզահամերգային միջոցառումների համար նախատեսված կառույց։

Ոչ ոք այսօր այդ սահմանափակումների մասին չի խոսում, իսկ դա շատ կարեւոր է: Սահմանափակումները, որ շենքը չի կարելի քանդել կամ փոփոխել դրա արտաքին տեսքը, որ այն չի թույլատրվում այլ գործառական նշանակությամբ օգտագործել, օրինակ, որպես կազինո կամ այլ նշանակությամբ, պետք է ներկայացվեին նախքան աճուրդը: Դա նրա համար, որպեսզի հավանական գնորդն իմանար, թե ինչպիսի գործարքի է գնում:
Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների վերաբերյալ օրենքն արդեն շատ սահմանափակումներ է դնում օգտագործողի առաջ, բայց այդ օրենքներն էլ պետք է որեւէ կերպ ամրագրել պայմանագրում»:

Մեզ հաջողվեց ճշտել, որ մարզահամերգային համալիրը վաճառքի է դրվել առանց կառույցի իրավունքները պաշտպանող փաստաթղթի: Պայմանագիրը կազմելու եւ ներկայացնելու պարտավորությունը մշակույթի նախարարությանն է, որն էլ պայմանագրի մեջ պետք է ներկայանա որպես լիազոր մարմին:

Ի դեպ, նույն նախարարությունը այդպիսի անփութությամբ, փաստաթղթերի վրա աչք փակելով` կործանման դատապարտեց տասնյակ պատմամշակութային հուշակոթողներ` սկսած երիտասարդական պալատից, Սպայի տնից մինչեւ Փակ շուկա:
Ավելին՝ այժմ նախարարությունն այլ քաղաքականություն է որդեգրել. եթե նախկինում չքմեղանում էր, փորձում արդարացնել իր գործողությունները, այժմ էլ իր գործառույթները բարդում է այլ կառույցների գլխին: Տվյալ դեպքում, երբ զանգահարեցինք նախարարություն` համալիրի վերաբերյալ պայմանագրի առկայության, այնտեղ առկա պահանջների մասին տեղեկություն իմանալու համար, նախարարության մամուլի բաժնից ասացին, որ նման հարցերով իրենք չեն զբաղվում, եւ որ այդ իրավասությունը պատկանում է աճուրդի կենտրոնին: Մեզ խորհուրդ տվեցին այդ կենտրոնից հետաքրքրող հարցերը ճշտել:

Նախարարությունում անգամ չգիտեն, որ «Աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ը զբաղվում է պետական գույքի աճուրդով, այլ ոչ թե մասնավորեցվածներով, ինչպիսին մարզահամերգային համալիրն է: Իսկ համալիրի աճուրդով զբաղվում է ԴԱՀԿ ծառայությունը, ավելի ճիշտ ծառայության աճուրդի բաժինը:

Մեզ համար, իհարկե, նախարարության մամուլի բաժնի նման պատասխանը զարմանալի չէ, քանի որ երկրի մշակույթին ու նախարարությանն առնչվող շատ հարցերի մասին նախարարությունն իմանում է իրենց որոշակի հարցերով զանգահարող լրագրողներից, փոխանակ հակառակը լինի:

Որքան էլ տարօրինակ է այդ հայտարարությունը` այնուամենայնիվ զանգահարեցինք ԴԱՀԿ ծառայություն եւ, ի վերջո, հասկացանք, որ ճիշտ հասցեով չենք զանգահարել` ինչպես սպասում էինք: ԴԱՀԿ-ն պատասխանատու է միայն կառույցը բռնագանձելու, այն աճուրդով վաճառելու համար` կատարելով դատարանի որոշումը։

Իսկ իրավական ու պայմանագրային հարցերը, այն էլ պատմամշակութային կառույցինը, բնականաբար մշակույթի նախարարության իրավասությունն են, որքան էլ նախարարությունը փորձում է խուսափել պատասխանատվությունից:

Թագուհի ԱՍԼԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30