«Ոչ իշխանական ուժերը, ես ոնց հասկացա, 12 կետանոց նամակ են պատրաստում ռուսաց թագավորին»,- այսօր «Բլից ինֆո» մամուլի ակումբում անդրադառնալով վերջին ժամանակների նորություններին՝ ասաց «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը՝ նկատի ունենալով քառյակի նոր 12 կետանոց պահանջները, որոնք պետք է ներկայացվեն իշխանությանը:
Խոսելով Աստանայում Նուրսուլթան Նազարբաեւի կարդացած Ալիեւի նամակի մասին՝ Արամ Կարապետյանն ասաց. «Սերժ Սարգսյանի՝ Աստանա գնալուց առաջ ասել եմ, որ Նազարբաեւը իրեն լավ չի պահելու: Չգիտեի նամակ է գրելու թե ինչ, բայց գիտեի, որ ինչ-որ մի բան անելու է: Հասկանում եմ իր փոխհարաբերությունները Ալիեւի հետ: Այս պարագայում, կարծում եմ, քաղաքականապես հիմարություն էր Ալիեւի ասածը: Դա ենթադրում է սահմանների վրա լարվածություն՝ ցույց տալով, որ հարցը փակված չէ, ամերիկացիների քայլը Ուորլիքի, դրան գումարվեց նամակը: Դա քաղաքական առումով հիմարություն էր, որովհետեւ իր մեջ չէր պարունակում որեւէ նյութ քննարկման: Սերժ Սարգսյանը ճիշտ էր ասում՝ իսկ ո՞վ ասաց, որ Ղարաբաղով պետք է Հայաստանը մտնի Մաքսային միություն»:
Aravot.am-ի հարցին, որ Ղարաբաղով ՄՄ մտնելու մասին մի քանի անգամ հայտարարություններ են արել ՀՀԿ-ի կարկառուն դեմքերը՝ Գալուստ Սահակյանը, Գագիկ Մինասյանը, այդ դեպքում սա ի՞նչ է նշանակում՝ Սերժ Սարգսյանն ուզում էր իր թիմակիցներին փո՞ւռը տալ՝ Արամ Կարապետյանը պատասխանեց. «Ժողովրդին խաբում էին: Ասեին՝ գնում է առանց ԼՂՀ-ի…սուվերեն սահմանների խնդիրը խառնվում էր մաքսային տերիտորիայի հետ: Մի հատ մեզ լավ դաս տվեցին, որ քաղաքականությունը միայն նժդեհիզմը կամ երկրի ներսում լավ խոսքեր ասելով չի է: Ես կողմ եմ Դիարբեքիրով ու Սարիղամիշով էլ մտնենք: Երկար ժամանակ կարծիք կար, որ ՀՀ-ն գնում էր ՄՄ՝ ԼՂՀ-ի հետ միասին, ոչ մեկ չէր ուզում ճշգրտում մտցնել, որ լինելու է մաքսային ընդհանուր տարածք: Փաստարկ են բերում, թե ԱՄՀ մտել ենք առանց Ղարաբաղի: Բոլոր տեղեր ենք մենք մտել առանց Ղարաբաղի, ո՞վ չգիտի, որ Ղարաբաղի հանրապետությունը Հայաստանի կազմում չի: Սերժ Սարգսյանի պահվածքը լիովին հասկանալի էր, կամ պետք է դուրս գար, ասեր՝ լավ էլի, կամ պետք է սադրանքին տեղի չտար: Ասում եք՝ ինչի՞ ձայն չհանեց Սերժ Սարգսյանը: Ինչ է, հելներ ծեծե՞ր Նազարբաեւին»:
Արամ Կարապետյանը նշեց, որ Աստանայում իր համար հետաքրքիր էր Պուտինի արձագանքը. «Ինքը գիտեր եւ կարող էր այդ սկանդալը թույլ չտար, բայց թույլ տվեց: Հայաստանն ընդունվելու է ՄՄ եւ Եվրասիական միություն, որեւէ խոչընդոտ չկա: Հայաստանը հաստատուն քայլերով գնում է դեպի ՄՄ: Մենք ամեն ինչ պետք է նպատակաուղղենք, որ արդյունաբերական լուրջ ներդրումներ ներգրավենք»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ