Լրահոս
Օրվա լրահոսը

Քառյակը նույնպես մեղավոր է իր պասիվությամբ, բայց մի՞թե ակնհայտ չէ, որ հիմնական մեղավորը Սերժ Սարգսյանն է. «Չորրորդ իշխանություն»

Հունիս 04,2014 11:32

Աստանայում տեղի ունեցածն իսկապես հեչ սիրուն չէր, Սերժ Սարգսյանն էլ, մեղմ ասած, խղճուկ վիճակում էր հայտնվել։ Բայց հայկական լրատվամիջոցներին ուշադիր հետեւողների մեջ կարող է տպավորություն ստեղծվել, թե այդ ամենի մեղավորն ընդդիմությունն է, ավելի ճիշտ՝ ոչ իշխանական քառյակը։ Քառյակի մեղքն ապացուցող հիմնական փաստարկն էլ այն է, որ տեսեք՝ նրանք հավաքվում են իրար գլխի ու 12 կետանոց պահանջ ներկայացնում իշխանություններին, բայց Հայաստանի՝ Եվրասիական միությանն անդամակցելու մասին ձայն չեն հանում։

Ասվածի մեջ ճշմարտության հատիկ, իհարկե, կա։ Իսկապես տարօրինակ է, որ քաղաքական դաշտի երկու առավել ծանրակշիռ բեւեռներից մեկը նման կարեւորագույն խնդրի վերաբերյալ դիրքորոշում չի հայտնում։ Ավելին՝ ցանկության դեպքում դա իսկապես էլ կարելի է գնահատել որպես քառյակի «մեղսակցության» անուղղակի ապացույց։
Բայց եկեք իրար ճիշտ հասկանանք։ Քառյա՞կն է անցած տարվա սեպտեմբերի 3-ին հայտարարել, որ Հայաստանը պատրաստ է մտնել Մաքսային միություն։ Ոնց որ թե քառյակը չէր, Սերժ Սարգսյանն էր։

Քառյա՞կն էր Աստանայում Գիքորի նման վիզը ծուռ կուչ եկել,
քառյա՞կն էր բերանը բացուխուփ անում՝ ափ նետված ձկան նման։ Նայում ենք
կադրերը… Չէ, քառյակը չէր, Սերժ Սարգսյանն էր։

Ո՞ւմ ստորագրությունն է այդ նվաստացուցիչ փաստաթղթերի տակ, քառյակի՞, թե՞ Սերժ Սարգսյանի։ Լավ, հասկացանք՝ քառյակը նույնպես մեղավոր է իր պասիվությամբ, բայց մի՞թե ակնհայտ չէ, որ հիմնական մեղավորը Սերժ Սարգսյանն է։
Այդ ինչպե՞ս է պատահում, որ համարյա ամբողջ լրատվական դաշտը մի կողմ է թողնում հիմնական մեղավորին ու ծանրագույն մեղադրանքների սլաքն ուղղում քառյակի վրա։ Բա ո՞ւր մնաց տրամաբանությունը։

Հասկանալի է, չէ՞, որ բոլոր նրանք, ովքեր դեմ են Հայաստանի՝ Եվրասիական միությանն անդամակցելուն, ովքեր դեմ են, որ Հայաստանի նախագահն ինքն իրեն այդ վիճակում դնի, ովքեր դեմ են, որ Հայաստանն ինքնակամ հրաժարվի ինքնիշխանությունից, առաջին հերթին պիտի պայքարեն հենց նրա դեմ, ով անո՛ւմ է դա։ Եթե գողը մտնում է մեկի տուն ու սկսում կողոպտել, պիտի գողի՛ դեմ պայքարել եւ ոչ թե «մուննաթ գալ» հարեւանների վրա, թե ,ինչո՞ւ աղմուկ չեք բարձրացնում»։

Մարկ ՆՇԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30