Ոստիկանությունը, ըստ ամենայնի, այսօր կփակի Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբորորդու մասնակցությամբ անցյալ կիրակի Գորիսում տեղի ունեցած սկանդալային միջադեպի պատմությունը։
Այսօր լրանում է օրենսդրությամբ սահմանված հետաքննության տասնօրյա ժամկետը, որից հետո հետաքննություն վարող քննիչը պիտի որոշում կայացնի՝ քրեական գործ հարուցի՞, թե մերժի քրեական գործի հարուցումը։
Իսկ քրգործի հարուցումը, ամենայն հավանականությամբ, կմերժվի, առավել եւս, որ տուժող կողմից բողոք չկա։
Հիշեցնենք, Լիսկայի եղբորորդի Էյները, որ տարիներ առաջ ընդամենը 1.5 տարվա ազատազրկման էր դատապարտվել մթության մեջ անզգուշաբար իր ուսին կպած 34-ամյա գորիսեցի երիտասարդին իր եղբոր հետ գազանաբար սպանելու համար, անցյալ կիրակի իր ընկերների հետ «մանդիրովկայով» ծեծի էր ենթարկել Գորիսում Կուլակ անունով հայտնի անձի որդիներին, դանակահարել ու առեւանգել։
Կարդացեք նաև
Ոստիկանությունը հետաքննություն էր սկսել։ Մեկ օր անց առեւանգողն ու։ առեւանգվածները ներկայացել էին ոստիկանության Գորիսի բաժին, իսկ տուժած տղաների մայրը, ով եւս միջադեպի ժամանակ, ըստ գորիսեցիների, դանակի հարված էր ստացել, նույն օրը շտապեց հերքել ամեն ինչ։
Երեկ ոստիկանությունից հայտնեցին, որ հետաքննությունը շարունակվում է։ Մինչ այդ, Լիսկան ակտիվորեն լծված է այս կիրակի Գորիսում կայանալիք քաղաքապետի ընտրությունների քարոզարշավին եւ ջանք չի խնայում՝ իր թեկնածու Վաչագան Ադունցին Գորիսի քաղաքագլուխ կարգելու համար։ Գորիսից հայտնեցին նաեւ, որ անցյալ տարվա հունիսի 2-ին Լիսկայի առանձնատան մոտ սպանված Ավետիք Բուդաղյանի եղբոր՝ Արա Բուդաղյանի եւ վերջինիս ընկերոջ՝ Տիգրան Կարապետյանի ինքնաբացարկից հետո գորիսեցիները հակված են բոյկոտել ընտրությունները եւ չմասնակցել դրանց կամ էլ՝ միջպետական ճանապարհ փակել եւ կամ գնալ ու երկու թեկնածուին էլ ջնջել։
Ինքնաբացարկ հայտնած թեկնածուները հրաժարվում են խոսել ընտրությունների մասին եւ շարունակում են լռել ինքնաբացարկի պատճառների մասին։ Հիշեցնենք, Գորիսի քադաքապետի ընտրություններում պայքարում են երկու թեկնածու՝ Վաչագան Ադունցը՝ Լիսկայի թեկնածուն եւ Հրայր Յոլյանը:
Լուսինե ԲԱՐՍԵՂՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում
Լուսանկարը՝ Գագիկ ՇԱՄՇՅԱՆԻ/www.shamshyan.com