Լրահոս
Օրվա լրահոսը

«Ո՞վ կարա էս երկիրը դզի»

Հունիս 04,2014 12:35

«Վոժդիզմի» մնացորդները 21-րդ դարում

Երբ հարցազրույց տվող որեւէ կուսակցական ասում է՝ «ինչպես նշել է մեր կուսակցության առաջնորդը», ես իմ զրուցակցի փոխարեն վատ եմ զգում: Որովհետեւ «առաջնորդ» բառը մտքում անմիջապես թարգմանում եմ որպես «вождь», ինչն էլ իմ մեջ բազմաթիվ տհաճ զուգահեռներ է առաջացնում: Նախ՝ այսպես կոչված, «անձի պաշտամունքի», չնայած պարզ է, որ խորհրդային պատմության դեպքում խնդիրն ամենեւին անձը չէր, այլ տոտալիտար համակարգը: Իսկ հետո ես պատկերացնում եմ նախնադարյան-համայնական «վոժդերին»՝ փետրավոր հագուստներով, որոնց հպատակները որպես ընծա բերում են որսի ժամանակ սպանված մամոնտի ամենահամեղ պատառները:
Այս իմաստով առաջնորդը մի կուռք է, որին դու երկրպագում ես եւ որի սխալներն ու թերությունները չես ուզում տեսնել: Պետք է հաշվի առնել նաեւ հետեւյալ հանգամանքը. Հայաստանում մեծ ու փոքր կուսակցությունների անդամները սովորաբար նյութապես կախված են այդ կուսակցությունների առաջին դեմքերից, հաճախ ստեղծված են այդ դեմքերի ամբիցիաները բավարարելու համար, եւ բնական է, որ այդ կուսակցականները գրեթե պարտադրված են իրենց շեֆին «վոժդ» ասել` շոյելով վերջիններիս ինքնասիրությունը:

Բայց «վոժդիզմի» թեման ավելի խորն արմատներ ունի: 20-րդ դարն իր բազմաթիվ կատակլիզմներով պահանջարկ է ստեղծել խարիզմատիկ լիդերների, եւ ոչ միայն տոտալիտար համակարգերում: Ռուզվելտին, Չերչիլին, դը Գոլին չես կարող համեմատել այդ երկրների ժամանակակից ղեկավարների հետ. հիշյալ նշանավոր գործիչներին կարող ես լավ իմաստով «ազգի առաջնորդ» անվանել, իսկ այսօրվաններին՝ ոչ: Երբեմն դա ինչ-որ նոստալգիկ հոգոցների տեղիք է տալիս՝ «ախ, ամեն ինչ մանրացել է, ամեն ինչ փչացել է»:
Ոչ, ինձ թվում է ճիշտ հակառակը՝ ամեն ինչ խոշորացել է. առանձին պետությունների եւ, համապատասխանաբար, նրանց ղեկավարների նշանակությունը նահանջում է երկրորդ պլան՝ վերպետական քաղաքական եւ տնտեսական կառույցների համեմատ: Դրա հետ կապված է նաեւ 21-րդ դարի մեկ այլ առանձնահատկությունը, որը բազմիցս նշել են վերլուծաբանները. ղեկավարման ուղղաձիգ մոդելն իր տեղն է զիջում հորիզոնականին, «ցանցայինին»: Դա, իհարկե, իր հերթին պայմանավորված է տեղեկատվական տեխնոլոգիաների, համացանցի զարգացմամբ, որոնք իրենց էությամբ «հակատոտալիտար» են:

Այսօրվա Հայաստանի քաղաքացիների մեծ մասն իր կյանքի առնվազն կեսը ապրել է 20-րդ դարում, այն էլ՝ տոտալիտար երկրում: Այստեղից է գալիս անվերապահ հավատը «լավ առաջնորդների» հրաշագործ հատկությունների հանդեպ: Նաեւ դրանով է բացատրվում «մեր կուսակցության առաջնորդը» հնամաշ արտահայտությունը:

Իսկ ընդհանրապես՝ կարելի է ամեն քայլափոխի լսել՝ «էս երկրին Ստալին է պետք», «բա մի հատ Պուտինի նման թագավոր չունենայինք», «բայց ո՞վ կարա էս երկիրը դզի», «բա այսինչը կկարողանա՞ մի բան անի», «որ ընդդիմությունը ուժեղ առաջնորդ ունենա, հեղափոխություն կանի» եւ այլն: Իրականում դրանք հնացած, 20-րդ դարի պատկերացումներ են՝ այսօր պետությունների բնականոն կյանքն ապահովում են ոչ թե գերհզոր անձինք, այլ հստակ գործող մեխանիզմները, օրենքները, հենց դրանք են դառնում կուռք եւ պաշտամունք քաղաքացիների մեծամասնության համար (ոչ թե՝ «արա ախպեր, ես խի՞ պիտի կարմիր լույսին սպասեմ, եթե Պողոսը չի սպասում»):

Առայժմ «վոժդիզմը» եւ դրա բոլոր «ուղեկցող պարագաները» մնացել են մեր արյան մեջ: Գուցե նաեւ դա՞ է պատճառը, որ մենք ուզում ենք արձան դնել ստալինյան «վոժդերից» մեկին:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
03.06.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30