Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ-ն որպես ինքնիշխան գործընկեր պետություն գոյություն չունի ՌԴ իշխանությունների գիտակցության մեջ

Հունիս 04,2014 14:50

Ըստ Ժողովրդավարության, անվտանգության եւ զարգացման հայկական կենտրոնի փորձագետ Մարթա Այվազյանի՝ ցանկացած պահի ՌԴ-ն կօգտագործի
ՀՀ-ն՝ որպես մանրադրամ իր քաղաքական խաղերում:

– ՀՀ իշխանությունները վստահեցնում էին, թե Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի միջեւ անցակետ չի կարող տեղակայվել, սակայն անցյալ շաբաթ հայտնի դարձավ, որ Հայաստանը մինչեւ հուլիսի 1-ը ստորագրելու է Եվրասիական միությանը միանալու պայմանագիրը, եթե համաձայնի միության հիմնադիր անդամ Ղազախստանի նախագահի առաջ քաշած պայմանին. Հայաստանը պետք է միանա Եվրասիական միությանը ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններով՝ առանց ԼՂ-ի: Ինչպե՞ս եք բացատրում այն փաստը, որ Եվրասիական միության հետ կապ չունեցող Ադրբեջանի շահերը ավելի հետեւողականորեն են պաշտպանվում այս միությունում:

– Այն, որ ՄՄ-ին անդամակցելու դեպքում Հայաստանը, վերջնականապես զրկվելով նաեւ ինքնուրույն արտաքին տնտեսական քաղաքականություն վարելու հնարավորությունից, նվազագույնս կորցնելու է իր տնտեսական կապերը ԼՂ-ի հետ՝ անցակետի տեղակայման կամ այլ ձեւով, պարզ էր ի սկզբանե. հիշենք թեկուզ այդ առիթով ՌԴ պաշտոնյաների բարձրաձայնած կարծիքներն ու դիրքորոշումները, եւ ես համոզված եմ, որ ՀՀ իշխանությունները քաջատեղյակ էին դրա մասին: Միգուցե նրանց համար անակնկալ էր այն, թե ինչ ձեւով այդ պահանջը դրվեց, բայց ոչ այդ պահանջի էությունը: Այն, որ Ռուսաստանի համար շատ ավելի կարեւոր են հարաբերություններն Ադրբեջանի հետ, եւ որ Հայաստանի համար ՌԴ-ն ամենեւին վստահելի գործընկեր չէ ու բոլոր դեպքերում հետապնդում է միայն իր պետական շահերը՝ նույնպես բացարձակ նորություն չէ, եւ Ռուսաստանը շարունակաբար հաստատում է այդ փաստը: Բավական է հիշել ինչպես Ադրբեջանին հարձակվողական զինատեսակների վաճառքի շարունակական գործարքները եւ ՌԴ նախագահի՝ Ադրբեջան կատարած այցի ձեւը եւ բովանդակությունը, այնպես էլ ՌԴ տարբեր ներկայացուցիչների կողմից արված բազմաթիվ հայտարարությունները, որոնք ակնհայտ վկայում են այն մասին, որ Հայաստանը` որպես իր պետական շահը ունեցող անկախ ու ինքնիշխան գործընկեր պետություն, գոյություն չունի ՌԴ իշխանությունների գիտակցության մեջ, եւ ցանկացած պահի ՌԴ-ն կօգտագործի Հայաստանը որպես մանրադրամ իր քաղաքական խաղերում՝ անկախ ՀՀ համար հնարավոր հետեւանքներից:
Մյուս կողմից՝ Ղազախստանի, ինչպես նաեւ Բելառուսի համար, որոնց հարաբերությունները ՌԴ-ի հետ ՄՄ շրջանակներում բավական բարդ են ընթանում, Հայաստանի անդամակցությունը ցանկալի չէ նաեւ այն պատճառով, որ Հայաստանը՝ հանդիսանալով ՌԴ խամաճիկ պետություն, որոշումների ընդունման ընթացքում ՌԴ-ի կողմից կարող է օգտագործվել ՄՄ այլ անդամ պետությունների դեմ: Իմ կարծիքով՝ հենց դրանով է պայմանավորված Նազարբաեւի կողմից Ալիեւի նամակի բովանդակության հանրայնացման ու պահանջի ներկայացման ձեւը: Միեւնույն ժամանակ, ստեղծված պայմաններում Հայաստանին անսպասելի հնարավորություն է ընձեռվել եթե ոչ՝ ընդհանրապես հրաժարվել ՄՄ անդամակցությունից, ապա գոնե անորոշ ժամանակով հետաձգել այն, սակայն կկարողանա՞ն արդյոք մեր իշխանություններն օգտվել այդ հնարավորությունից: Այս ամբողջ իրավիճակը հանգեցնում է նաեւ մեկ այլ ցավալի եզրահանգման՝ Հայաստանի հետ հարաբերություններն այսօր բացարձակապես կարեւոր չեն գրեթե որեւէ պետության համար՝ ներառյալ Եվրասիական միության հիմնադիր պետությունները:

– ՌԴ-ն ավարտել է Ադրբեջանին 100 T-90C տանկերի խմբաքանակի մատակարարումը, հնարավոր է նույն ծավալով տանկերի երկրորդ խմբաքանակի մատակարարումը Բաքվին: Մայիսի 26-ին նաեւ հայտնի դարձավ, որ ՌԴ-ն առաջիկայում Ադրբեջանին կմատակարարի պատվիրած TOS-1A ռեակտիվ հրնետների հերթական խմբաքանակը: Ռուս-ադրբեջանական ռազմական` մի քանի միլիարդ դոլարների հասնող համագործակցությունը ռուսական կողմը ներկայացնում է որպես «կոմերցիոն գործարք»: ՀՀ-ն, որպես ՌԴ-ի ռազմավարական գործընկեր, ինչպե՞ս պետք է իրեն դրսեւորի այս պայմաններում:

– Ցանկության եւ ունակության դեպքում հնարավոր դրսեւորումները բազմաթիվ են եւ գտնվում են տարբեր հարթություններում՝ ինչպես երկկողմ, այնպես եւ բազմակողմ, սկսած ՌԴ ռազմակայանի տեղակայման պայմանների վերանայումից, մինչեւ ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների խորացումն ու անդամ պետությունների հետ նմանատիպ «կոմերցիոն գործարքներ» կնքելը: Հաշվի առնելով, որ այս «կոմերցիոն գործարքները» չկարգավորված հակամարտության պայմաններում ստեղծում են լարվածություն եւ խոչընդոտում են երկու տասնամյակից ավելի ընթացող խաղաղ կարգավորման գործընթացին, խախտում մի շարք միջազգային նորմեր եւ հակամարտության կարգավորման բանակցությունների շրջանակներում ձեռք բերված սկզբունքային պայմանավորվածություններ՝ ներառյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ԼՂ հակամարտության վերաբերյալ ընդունված բանաձեւերը, Հայաստանը կարող է նաեւ, եթե չասենք` պարտավոր է, համապատասխան բողոքի նոտաներ հղել ՌԴ իշխանություններին, բարձրացնել այս հարցը ՄԱԿ եւ ԵԱՀԿ շրջանակներում՝ պահանջելով, որ Ռուսաստանը կատարի իր միջազգային պարտավորությունները եւ զերծ մնա հակամարտության կողմերից մեկին զենք մատակարարելուց եւ այլն:

– Վերջերս շատ են հնչում տեսակետներ, թե Հայաստանի համար ԵՄ Ասոցացման պայմանագրի ստորագրման նոր հնարավորություններ են բացվել: Ֆրանսիայի նախագահ Օլանդը Հայաստան կատարած այցի շրջանակներում նշեց, որ Հայաստանի համար հնարավոր է մտածել Ասոցացման համաձայնագրի նոր տարբերակ, որը չի խանգարի Մաքսային միությանն անդամագրվելու որոշմանը: Տեսնո՞ւմ եք նման հնարավորություններ:

– Ասոցացման համաձայնագրի նոր տարբերակ, որը կպարունակի նաեւ անհրաժեշտ ծավալի եւ առարկայական բովանդակության տնտեսական համագործակցության բաղադրիչ, կունենա գործնական այլ, ոչ թե զուտ քաղաքական նշանակություն եւ չի խանգարի ՄՄ անդամագրվելու որոշմանը, իսկ ավելի ճիշտ՝ ընդունելի կլինի ՄՄ համար՝ ես չեմ պատկերացնում: Ընդհանրապես, ՀՀ-ԵՄ հարաբերությունների ապագա զարգացումը մեզ համար ցանկալի եւ գործնականորեն շահավետ ուղղությամբ անհամատեղելի է ՄՄ անդամակցության հետ եւ հնարավոր կլինի միայն, եթե Հայաստանը կարողանա խուսափել այդ կառույցից: Ինչպես նշեցի արդեն, ՄՄ-ից խուսափելու համար որոշակի հնարավորություն բացվեց Աստանայում տեղի ունեցածից հետո: Ինչ վերաբերում է Ֆրանսիայի նախագահի խոսքերին, ապա ես դրանք կգնահատեի ավելի շուտ որպես քաղաքական հայտարարություն, որը մեկ անգամ եւս հաստատում է ԵՄ-ի ցանկությունը եւ պատրաստակամությունը անհրաժեշտ պայմանների ապահովման եւ ՀՀ կողմից համապատասխան քաղաքական որոշման առկայության դեպքում շարունակել համագործակցության զարգացումը Հայաստանի հետ:

– Հունիսի 27-ին պլանավորված է Վրաստանի` ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը: Հայաստանի ու Վրաստանի բաժանարար գիծ կարո՞ղ է առաջանալ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՌԴ-ն իր ռազմական ներկայությունը Հայաստանում ավելացրել է, եւ վտանգ կա, որ ռուսական ռազմակայանը գործի կդրվի իբրեւ արգելք Վրաստանի՝ եվրոպական, եվրաատլանտյան ինտեգրացիայի ճանապարհին:

– Հայաստանի ու Վրաստանի միջեւ բաժանարար գիծն առաջացել է վաղուց եւ ամրապնդվել Հայաստանում Ռուսաստանի գերիշխող դերի ամրապնդման եւ մեր ինքնիշխանության կորստին զուգընթաց: Ռուսաստանից բացարձակ կախվածության մեջ գտնվող, ՌԴ տարածաշրջանային եւ աշխարհաքաղաքական շահերին ծառայող, տարբեր միջազգային հարթակներում դրանց համահունչ գործող Հայաստանն այսօր վերածվել է տարածաշրջանի պետությունների եւ մասնավորապես՝ Վրաստանի համար անկայունության եւ հնարավոր է՝ նաեւ ռազմական սպառնալիքի աղբյուրի: Հունիսի 27-ին պլանավորված Վրաստանի Ասոցացման համաձայնագրի ստորագրումը ոչ թե կառաջացնի այդ բաժանարար գիծը, այլ կտա դրան ինստիտուցիոնալ նոր ձեւաչափ:

– Օրերս The Sunday Times-ը գրել էր, թե ՆԱՏՕ-ն կարող է զորքեր տեղակայել հետխորհրդային տիրույթում: ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարները առաջիկայում քննարկելու են այս հարցը: Ուկրաինայում նախագահական ընտրություններից հետո Արեւմուտք-Ռուսաստան փոխհարաբերություններում լարվածությունը, Ձեր կարծիքով, կգնա՞ մեղմացման:

– Արեւմուտք-Ռուսաստան փոխհարաբերություններում լարվածությունը կարող է մասամբ մեղմանալ, եթե ՌԴ-ն դադարեցնի իր միջամտությունը Ուկրաինայի ներքին գործերին եւ, մասնավորապես, երկրի արեւելյան շրջանների ապակայունացմանն ու երկրի մասնատմանն ուղղված իր բոլոր գործողությունները: Սակայն նույնիսկ այդ դեպքում այդ հարաբերություններն այլեւս չեն լինի այնպիսին, ինչպիսին էին ուկրաինական ճգնաժամից առաջ: ՌԴ-ն Արեւմուտքի համար դեռ մնում է կարեւոր գործընկեր, սակայն այսօր Արեւմուտքի համար շատ ավելի կարեւոր խնդիր է դարձել հնարավորինս չեզոքացնել եւ սահմանափակել ՌԴ նեոկայսերական ամբիցիաների տարածումը եւ դրանց իրականացմանն ուղղված ագրեսիվ գործողությունները: Հետեւաբար Արեւմուտքը կշարունակի գործածել Ռուսաստանի դեմ իր տրամադրության տակ գտնվող ազդեցության բոլոր եւ, մասնավորապես, տնտեսական լծակները: Չինաստանի եւ ասիական այլ պետությունների հետ տնտեսական կապերի զարգացումը, որն իր հերթին հղի է բազմաթիվ վտանգներով, ոչ մի դեպքում չի կարող հատուցել այն կորուստները, որոնք կունենա ՌԴ-ն որպես պետություն, ինչպես նաեւ ՌԴ քաղաքական եւ, մասնավորապես, տնտեսական վերնախավն Արեւմուտքի հետ հարաբերությունների սառեցման արդյունքում: Առավել եւս հեռանկարային չէ ՌԴ կողմից առաջ մղվող Եվրասիական տնտեսական համագործակցությունը իր ներկայիս ձեւաչափով: Արդյունքում ոչ այդքան հեռու ապագայում Ռուսաստանը կարող է հայտնվել խորը եւ առանց գաղափարախոսական ու համակարգային փոփոխությունների անհաղթահարելի տնտեսական ճգնաժամի առջեւ: Այս ամենն, իր հերթին, կառաջացնի ներքաղաքական կամ ներիշխանական ճգնաժամ, կարող է խթանել նոր հասարակական ընդվզման ալիք ներկայիս իշխանությունների եւ, մասնավորապես, ՌԴ նախագահի դեմ, եւ չի բացառվում նույնիսկ, որ արդյունքում կարող է հանգեցնել իշխանափոխության՝ ներիշխանական վերադասավորումների միջոցով:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
03.06.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Garegin says:

    ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմանների պարագայում ՌԴ նույնպես, ըստ Նազարբաևի, չի կարող անդամակցել մաքսային միությանը: Երևի թե մեր նախագահը նաև այս մտքով պետք է հակադարձեր Նազարբաևի կողմից արտահայտված անհեթեթ գաղափարին, սակայն չգիտես ինչու, լռեց:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30