Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունը չի աջակցել գործարարին, որ չվնասի «Գազպրոմին» ու «Հայէլցանցերին»

Հունիս 04,2014 14:40

Չնայած ՀՀ կառավարությունը մշտապես հայտարարում է, որ բիզնեսի, հատկապես փոքր ու միջին ձեռնարկությունների կողքին է, աջակցում է տարբեր ծրագրերով, բայց հենց գործը հասնում է բուն ֆինանսական աջակցությանը, կառավարությունը «ձեռքերը լվանում՝ մի կողմ է քաշվում»:

Ընդ որում, կառավարությունը կարծես թե միտումնավոր չի աջակցում այնպիսի ընկերությունների, որոնք ինովացիոն տեխնոլոգիաներ են ներդնում, էներգախնայողական միջոցներ են առաջարկում. ենթադրվում է, որ այսպիսի ձեռնարկություններն ուղղակի «խփելու են», այսպես ասած՝ գազ ու լույս մատակարարողների գործին: «Գազի ու լույսի» գործին «խփող» մի ընկերություն է «Հենման կետ» ՍՊԸ-ն, որը զբաղվում է էներգախնայողության եւ վերականգնողական էներգիայի ստացման ծրագրերով, ինովացիոն տեխնոլոգիաներ է կիրառում: Ընկերությանը արտադրական փուլին անցնելու համար, ամենահամեստ հաշվարկներով, անհրաժեշտ էր ընդամենը 5 միլիոն դրամ: Մինչ այս փուլը՝ ընկերությունը լաբորատոր աշխատանքների համար մի քանի տարում մոտ 15 միլիոն դրամի ներդրումներ է կատարել: «Հենման կետը» շինարարության ոլորտին կարող է առաջարկել այնպիսի ջերմամեկուսիչ աղյուսներ եւ շինարարական այլ մեթոդներ, որոնց շնորհիվ, ինչպես այս ՍՊԸ-ի ղեկավարն ասաց՝ շենք-շինություններում 90% էներգախնայողություն կլինի:

«Պատկերացրեք, ասենք, հոսանքի կամ գազի համար մարդիկ մեկ ամսվա համար վճարում են մոտ 40 հազար դրամ, մեր առաջարկած աղյուսներն օգտագործելու դեպքում «Գազպրոմին» կամ «Հայէլցանցերին» կվճարեն 3-5 հազար դրամ: Այսինքն՝ այս ընկերությունները կարող էին շատ մոտ ապագայում «տակ տալ», եթե մեր ծրագիրն ընդունվեր»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց «Հենման կետի» ղեկավար Լենդրուշ Ադամյանը:

Այս ընկերությունը նախորդ տարվա դեկտեմբերին դիմել էր Փոքր ու միջին ձեռնարկատիրության Զարգացման ազգային կենտրոն (ՓՄՁ ԶԱԿ): Ընկերության տնօրենը վստահ էր, որ իրենց ներկայացրած գործարար ծրագիրն անպայման հավանության կարժանանար, եւ նրանք կենտրոնից ցածր տոկոսադրույքով վարկ կստանային, իսկ տնօրենը վստահ էր դրական պատասխանին, քանի որ Հայաստանի հենց առաջին բարձրաստիճան դեմքերն են միշտ խոստանում, թե առաջին հերթին աջակցություն կստանան ինովացիոն ծրագրերով մրցունակ ընկերությունները:
Սակայն ՀՀ առաջին դեմքերը մի բան են ասում, իսկ ենթակա կառույցները նրանց ասածների ճիշտ հակառակն են անում:

«Մենք ուզում էինք մեր ոտքերի տակ ամուր հող տեսնել, հաշվարկել էինք, թե ինչ կա մեր ամեն մի քայլի հետեւում, մեզ մոտ անցումային փուլ էր, ամեն ինչ պատրաստ էր կոմերցիոն ծրագրին անցնելու համար, ամեն մի կոպեկը դեր ուներ: ՓՄՁ ԶԱԿ-ին ներկայացրել եմ՝ մեր արտադրությունն այնպիսին է, որ մեզ համար կարեւոր ներդրումը պատվերային շարքն է, եւ մենք չենք կարող պարտքերի հաշվին զարգացում ունենալ, այլ պարզապես պետք է ցածր տոկոսադրույքով վարկ՝ հաջորդ փուլ անցնելու համար»,- այսպես է պատճառաբանել իր վարկ խնդրելը ՓՄՓ ԶԱԿ-ին պարոն Ադամյանը, երբ նրան առաջին անգամ մերժել էին, ապա ընկերության տնօրենի վրդովմունքը լսելուց հետո նրան առաջարկել էին 3 միլիոն դրամ եւ անպայման մասնակցություն այդ կենտրոնի դասընթացներին: Այլ ելք չունենալով՝ պարոն Ադամյանը համաձայնվել է, սակայն, ինչպես ինքն ասաց, այո, դասընթացները լավ բան են, սակայն բիզնեսից հեռու ու անփորձ մարդկանց համար: Ապա ՓՄՁ-ին աջակցող կենտրոնը «Հենման կետին» վստահեցրել է, որ պետք է մոնիթորինգ կատարի, որից հետո էլ կորոշի՝ 3 միլիոնը տրամադրե՞լ, թե՞ ոչ: «Մոնիթորինգի պատրվակով եկան ձեռնարկություն, ու այս կենտրոնի հանձնաժողովում ներգրավված մի մարդ, որը ՄԱԿ-ի UNIDO ծրագրից է, խրախուսում է ինովացիոն ծրագրերն ու մաքուր արտադրությունն ու էներգավերականգնողական ծրագրերը, այդ մարդն ինձ հարցրեց՝ ինչո՞ւ պետք է հայ մարդը հրաժարվի հայկական տուֆից եւ ձեր էներգախնայող աղյուսները նախընտրի: Նման հետադիմական հայացքներ մի մարդուց, որը ներկայացնում է ֆինանսական բաժին եւ նորարարական տեխնոլոգիաների ծրագիր, անսպասելի էր»,- վրդովված պատմեց պարոն Ադամյանը:

Պետությունից էժան վարկ խնդրող այս ընկերության ղեկավարը որքան էլ փորձել է ՓՄՁ-ին աջակցող կենտրոնին բացատրել, որ այդ գումարն անհրաժեշտ է լաբորատոր փուլից արտադրական փոքր ծավալների անցնելու համար, ապա սեփական եկամուտների հաշվին ավելի զարգանալու ու վարկն էլ շուտ մարելու, հիմնավորումները կենտրոնը չի ընդունել, սկսել է կասկածի տակ առնել ընկերության գործունեությունը՝ իբր թե, ինչպես տնօրենն ասաց՝ ընկերությանը մարկետինգային գումար է պետք. «Բացատրեցի, որ մեզ հումքի համար է գումար պետք, միեւնույն է՝ մերժեցին, ու այդպես էլ չհասկացա՝ ինչո՞ւ»:
ՓՄՁ ԶԱԿ-ի մերժումից հետո «Հենման կետի» լավագույն մասնագետները, որոնք գիտնականի կոչում ունեն, արտագաղթել են Հայաստանից, հիմա իրենց գիտական փորձն ու հմտությունները Ռուսաստանում են իրացնում: Պարոն Ադամյանի խոսքերով՝ «Այդ մասնագետներն ինձ ասում են՝ մենք ի՞նչ գործ ունենք Հայաստանում, այստեղ լավ էլ աշխատում ենք: ՓՄՁ ԶԱԿ-ից պահանջվում էր ընդամենը գիտակցել, որ մեր ընկերությունը սկզբնական շրջանում 9-12 աշխատակցով մեկ տարում կարող էր հնգապատկել աշխատատեղերն ու դառնալ ոլորտում առաջատար՝ իր տեխնոլոգիական մշակումներով: ՓՄՁ ԶԱԿ-ը ոչ թե աջակցության, այլ բիզնեսի խոչընդոտման կենտրոն է»:
Թե ինչ հիմնավորմամբ է մերժվել ինովացիոն ընկերության՝ «Հենման կետի» գործարար ծրագիրը՝ «Առավոտը» պարզաբանում խնդրեց ՓՄՁ ԶԱԿ-ից, որտեղից վստահեցրեն, որ այս ընկերության գործարար ծրագրում թերություններ են եղել:

Նշենք, որ կենտրոնի կողմից մերժում ստացած այս ընկերությունը ՄԱԿ-ի կլիմայի կառավարման կենտրոնի ֆինանսական աջակցությամբ կատարել է սերտիֆիկացման բոլոր փորձերը, ու հիմա աջակցություն են ստանում արտադրանքի վերջնական սերտիֆիկացման համար. արտադրանքի կոնստրուկցիոն կառուցվածքն ընկերությունը պաշտպանել է 2 պատենտով:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
03.06.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30