Լրահոս
Օրվա լրահոսը

Զինվորը հայհոյանք տալով՝ քաշքշել էր հրամանատարի համազգեստից

Հունիս 04,2014 14:25

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լեռնիկ Աթանյանի ապրիլի 15-ի դատավճռի դեմ բողոք է բերել երկու զինծառայող, որոնք ընդունել էին իրենց մեղքը, եւ միջնորդել էին, որպեսզի դատական նիստը անցկացվի արագացված ընթացակարգով: Արագացված ընթացակարգի ժամանակ այլեւս չեն ուսումնասիրվում գործով ձեռք բերված ապացուցները, դրանք չեն հրապարակվում, գործի քննություն, ըստ էության, չի լինում: Արագացվածի դեպքում բողոքներ չեն լինում:

ՊԲ զորամասերից մեկի հրաձգային գումարտակի 9-րդ վաշտի 3-րդ դասակի 1-ին ջոկի գնդացրորդ, ժամկետային զինծառայող, շարքային Արման Այվազյանի եւ նույն ջոկի հրամանատար Հայկ Մանուկյանի վերաբերյալ քրեական գործով զինծառայողները բողոքելու են իրենց պատժաչափից:

Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանը վճռել էր Արման Այվազյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 358-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցագործության կատարման մեջ եւ դատապարտել ազատազրկման՝ 4 տարի ժամկետով: Սակայն պատիժը պայմանականորեն չի կիրառվի, քանի որ սահմանվեց փորձաշրջան 2 տարի ժամկետով:

Ա. Այվազյանի վարքի վերահսկողությունը դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո կդրվի նրա ծառայության վայրի զորամասի հրամանատարության վրա, իսկ զորացրվելու դեպքում` բնակության վայրի այլընտրանքային պատիժների կատարման բաժնի վրա:

Հայկ Մանուկյանը մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ եւ դատապարտվել էր ազատազրկման 3 ամիս ժամկետով: Նրա դեպքում պատիժը պայմանականորեն չի կիրառվի, սակայն սահմանված փորձաշրջանն ավելին է, քան պատժաչափը: Դատարանը 1 տարի ժամկետով փորձաշրջան է վճռել:

Դեպքի օրը՝ 2013 թ. նոյեմբերի 22-ին, ՊՆ զորամասերից մեկի 10-րդ վաշտի հրամանատար, ավագ լեյտենանտ Արսեն Ֆանունցեւը հանձնարարություն էր տվել Արման Այվազյանին՝ ջոկի վարորդ Սարիբեկ Սողոյանի հետ պահեստանոցում որոշակի աշխատանքներ կատարել: Տղաներն աղմկել են, ինչի պատճառով նկատողություն են ստացել հրամանատարից՝ սերժանտ Հայկ Մանուկյանից:

Մեղադրող կողմը՝ զինվորական դատախազությունը, մեղադրում է զինվորին, որ նա չի պահպանել ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի եւ ՀՀ ԶՈՒ կարգապահական կանոնագրքի պահանջները:

Արդյունքում՝ Արմանը պահեստանոցում վիճաբանել է հրամանատարի հետ, հայհոյանք տալով՝ քաշքշել է նրա համազգեստից, վիճաբանությունը շարունակելու նպատակով նրա հետ գնացել է սպայական սենյակ, որտեղ այլ բռնություն գործադրելով՝ ձեռքով մեկ անգամ հարվածել է սերժանտ Հ. Մանուկյանի դեմքին՝ ձախ աչքի շրջանում պատճառելով առողջության թեթեւ վնասի հատկանիշներ պարունակող մարմնական վնասվածք:
Դատարանը գնահատել էր եղած ապացույցները, եւ հանգել նրան, որ ամբաստանյալներ Արման Այվազյանի, Հայկ Մանուկյանի ուղղվելը հնարավոր է առանց նշանակված պատիժը կրելու եւ նրանց նկատմամբ ազատազրկման ձեւով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու միջոցով: Դատարանի դիրքորոշումն է եղել նաեւ այն, որ սույն գործով հնարավոր է հասնել արդարության վերականգնմանը, պատժի ենթարկված անձի ուղղմանը եւ հանցագործության կանխմանը:

Այս գործով իրեղեն ապացույց, քաղաքացիական հայց չի եղել:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
03.06.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30