Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես չէ, որ հորս պետք է ուղղություն տամ»

Հունիս 04,2014 14:16

Ջազային երգչուհի Էմմա Ասատրյանը շոու-բիզնեսում
իր արահետը հարթում է առանց «Շարմ հոլդինգի» գլխավոր պրոդյուսեր հոր

Հայաստանյան շոու-բիզնեսն ասես «արթնանում» է «Եվրատեսիլ» եւ «Նովայա վոլնա» մրցույթներից առաջ: Ամեն ինչ սահմանափակվում է այդ մրցույթներից առաջ եւ հետո մրցույթների հետ առնչություն ունեցող անձանց շուրջ քննարկումներով, լավագույն դեպքում՝ մեկ-երկու թոք-շոուով:

«Առավոտի» զրուցակիցը՝ ջազային երգչուհի Էմմա Ասատրյանը, մասամբ է համամիտ այս կարծիքին: Նա հայտնեց, որ Հայաստանի պետական ջազ նվագախումբն (ղեկավար՝ Արմեն Հյուսնունց) ամեն ամիս թարմացված ծրագրով ու հրավիրված մենակատարներով հանդես է գալիս «Գաֆեսճեան» համերգասրահում, հավանաբար շփոթելով, որ նվագախումբը պետական կոլեկտիվ է, ունի պարտավորություններ (համերգային ծրագրեր): Ասաց նաեւ, որ 2009թ. Հայաստանում անցկացված «Կովկասջազ» փառատոնին, որտեղ ինքը, ի թիվս հրավիրյալ այլ ջազմենների, հանդես է եկել ավանդական ջազի իրական աստղեր Չարլի Փարքերի եւ Քոլ Փորթերի ստեղծագործությունների կատարումով, բացարձակ չի լուսաբանվել: Երգչուհին փաստեց, որ շուրջ մեկ շաբաթ առաջ էլ Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի հիմնադրման 85-ամյակին ընդառաջ, որտեղ ինքը դասավանդում է ջազ վոկալ, սաների մասնակցությամբ բեմադրված Վեբերի «Կատուները» մյուզիքլին դարձյալ ոչ մի լրատվամիջոց չի անդրադարձել: «Ինչ վերաբերում է իմ գործունեությանը, ես շոու-բիզնեսի կողքով եմ քայլում»,- հավելեց երգչուհին: Մեր զրուցակիցը այն եզակի արվեստագետներից է, որը հիմնավոր կրթություն է ստացել Ավստրիայի Կլագենֆուրտի կոնսերվատորիայում, ավելին՝ տեւական ժամանակահատված ելույթներ է ունեցել Ավստրիայի համերգասրահներում ու ակումբներում, իր զարմիկի՝ Եվրոպայում ճանաչված կոմպոզիտոր, ջազային դաշնակահար Կարեն Ասատրյանի հետ: Էմման հավելեց, որ «եվրոպական» ուսմանը զուգահեռ՝ ինքը մեծ դպրոց է անցել երգչուհի Բագիրայի մոտ՝ հանդես գալով բեք վոկալիստների կազմում:

Հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ հայրը՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Հայաստանի պետական ջազ բենդի տնօրեն, Ինգա եւ Անուշ Արշակյանների պրոդյուսեր Արթուր Ասատրյանը չի զբաղվում սեփական դստեր ստեղծագործական կյանքով: «Նախ «Շարմն» է ընտրում՝ որ արտիստով զբաղվի, եւ ես չէ, որ հորս պետք է որեւէ ուղղություն տամ: Ինչ վերաբերում է Ինգային եւ Անուշին, «Շարմ հոլդինգն» է զբաղվում նրանց պրոդյուսերությամբ, հայրս էլ հոլդինգի գլխավոր երաժշտական պրոդյուսերն է»: Երգչուհին իր հաճախ «չերեւալը» պատճառաբանեց Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում մանկավարժական գործունեությամբ: 2011թ. հրատարակվել է երգչուհու առայժմ միակ «24 ժամ» CD-ին, որում տեղ են գտել հեղինակային երգերը, ջազային ստանդարտները, տեսահոլովակները, երկու երգ, որոնք գրվել են մանկական «Եվրատեսիլի» համար եւ այլն: Էմման հավելեց, որ առաջիկա տեսահոլովակը նվիրված է հայկական էստրադայի իրական աստղ Էլվինա Մակարյանի հիշատակին: Նաեւ ափսոսանք հայտնեց, որ Կոնստանտին Օրբելյանի «Անցած կյանքում» երգի պրեմիերան, որը կոմպոզիտորը նվիրել էր իրեն՝ հայաստանյան վերջին այցի ժամանակ, կկայանա առանց մաեստրոյի:

Դիտարկմանը, թե այլ երգիչ-երգչուհիների հետ էլ են աշխատում Հրանտ Մովսիսյանը, Հրանտ Երիզկինյանը, Հրաչ Քեշիշյանը, Դավիթ Բաբայանը, սակայն Էմմա Ասատրյանի տեսահոլովակների դեպքում նրանց «ձեռագիրը» ստանդարտներից դուրս է գալիս, երգչուհին պատասխանեց. «Ես բացարձակ չեմ միջամտում ռեժիսորների աշխատանքին ու մշտապես հիշում եմ Հրանտ Մովսիսյանի՝ ժամանակին ինձ ասած հետեւյալ միտքը՝ դու միայն վստահիր»: Ռեպլիկին էլ, թե ինքը տարբերվում է նաեւ հագուկապով, երգչուհին ասաց. «Տեսահոլովակի նկարահանման ժամանակ աշխատում են միայն վարսահարդար ու դիմահարդար, զգեստներն ընտրելիս հաշվի եմ առնում ռեժիսորի կարծիքը, նույնիսկ մի անգամ Հրանտ Մովսիսյանն էր պատրաստել հագուստիս էսքիզը»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լուսանկարը՝ panorama.am

«Առավոտ» օրաթերթ
03.06.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30