Հայաստանի ազատ եւ հունահռոմեական ըմբշամարտերի ազգային հավաքականները նախորդ գիշեր վերադարձան Իտալիայից, որտեղ մասնակցում էին միջազգային խոշոր մրցաշարերի:
Մրցաշրջան 2014-ում եւս մեր ըմբիշները բավականին հաջող են հանդես գալիս միջազգային մրցագորգերում: Մասնավորապես, հունահռոմեական ոճի հավաքականը Սասարի քաղաք մեկնել էր վեց մարզիկով (մարզիչները թիմը համալրել էին միայն օլիմպիական համարվող քաշայիններով), որոնք բոլորն էլ բարձրացան պատվո պատվանդան:
Մրցաշարի հաղթող դարձան 59 կգ քաշային Ռոման Ամոյանը, 75 կգ` Արսեն Ջուլֆալակյանը, 85 կգ` Արթուր Շահինյանը եւ 98 կգ` Արթուր Ալեքսանյանը: Հավաքականի մարզիչ Սամվել Գեւորգյանն «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ 85 կգ քաշային կարգում մեր երկրորդ մասնակիցը` Մաքսիմ Մանուկյանը, շրջանաձեւ մրցակարգով անցկացված գոտեմարտերում զիջեց միայն իր թիմակից Արթուր Շահինյանին` դառնալով երկրորդ մրցանակակիր: Պատվո պատվանդանի երկրորդ աստիճան է բարձրացել նաեւ 66 կգ քաշային Արամ Ջուլֆալակյանը:
Իտալիայում հաջող է հանդես եկել նաեւ Հայաստանի ազատ ոճի հավաքականը: Յոթ մասնակիցներից երկուսը` 60 կգ քաշային Վոլոդյա Ֆրանգուլյանը եւ 71 կգ քաշային Գրիգոր Գրիգորյանը, հաղթել են բոլոր մրցակիցներին եւ հաղթող ճանաչվել, իսկ մեր երեք ըմբիշներ` Գարիկ Բարսեղյանը` 57 կգ, Դավիթ Սաֆարյանը` 66 կգ եւ Էդգար Ենոքյանը` 98 կգ, արժանացել են բրոնզե պարգեւի: Ու չնայած երկու հաղթողները հանդես են եկել ոչ օլիմպիական քաշային կարգերում, սակայն դա ամենեւին էլ չի ստվերում հավաքականի ընդհանուր հաջողությունը:
Ա. ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
03.06.2014