Լրահոս
Օրվա լրահոսը

Տնօրենը «քշել» է Երեւանից Զովասար գնացած ուսուցչին

Հունիս 04,2014 13:45

2013թ. «Կրթություն» շաբաթաթերթի դեկտեմբերյան համարներից մեկում հրապարակվել է Արագածոտնի մարզի Զովասարի միջնակարգ դպրոցում մաթեմատիկայի եւ ինֆորմատիկայի ուսուցչի թափուր պաշտոնի մասին հայտարարություն:
Երեւանի բնակիչ, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի «Մաթեմատիկա եւ տնտեսագիտություն» մասնագիտությամբ դիպլոմավորված ուսուցիչ Տիգրան Հարությունի Սարգսյանը հունվարի 14-ին գնացել է գյուղ՝ ծանոթանալու դպրոցին, հանդիպել է տնօրենին եւ, ինչպես ինձ ուղղված նամակում է գրել, հարցրել է. «Եթե գամ աշխատելու, որտե՞ղ եմ մնալու, սնունդն ինչպե՞ս է կազմակերպվելու»: Տնօրենն ասել է. «Ամոթ չես անո՞ւմ բա, էդ ամեն ինչն, իհարկե, իմ վրա է»: Հունվարի 20-ին կայացել է մրցույթը, որի միակ դիմորդն ինքն է եղել եւ երիտասարդն անցել է աշխատանքի՝ առանց պայմանագիր կնքելու: Խոստացված տունն իրենից ներկայացրել է ճաքճքված պատերով ու բաց պատուհաններով կարտոֆիլի ու խնձորի մի պահեստ, ապրելու նվազագույն պայմաններից զուրկ՝ առանց ջրի: Հյուրասեր ու բարի գյուղացիները երիտասարդին օգնել են վառարանով եւ անհրաժեշտ խողովակներով, օգնել են պատուհանները ցելոֆանապատել, վառելանյութով, ջուրն ամեն օր տղան հարեւաններից է բերել: Փետրվարի 20-ին, մեկ ամիս աշխատելուց հետո, Տիգրանը կրկին հիշեցրել է պայմանագրի եւ աշխատանքային գրքույկը լրացնելու մասին ու ասել, որ եթե այն պատշաճ չլրացվի, ինքն այլեւս աշխատանքի չի գալու, պատասխանը եղել է. «Էհ, մի արի, ինձ համար մեկ է, եթե ավելորդ հարցեր բարձրացնես՝ կհանեմ»: Ինչպես գրել է Տիգրանն իր նամակում, հանուն երեխաների, ովքեր արդեն իրեն սովորել են, ստիպված նոր գրքույկ է ձեռք բերել ու սպասել այնքան, մինչեւ տնօրենը գրքույկը լրացրել է, պայմանագիրը կնքել, ըստ որի՝ տնօրեն Ալբերտ Սարգսյանի հետ 2014թ. հունվարի 20-ին կնքել է աշխատանքային պայմանագիր՝ մինչեւ 30.06.2014թ, այսինքն՝ 6 ամսով, որն անօրինական է, որովհետեւ եթե ուսուցչին փորձաշրջանով չի հրամանագրել, որը 3 ամիս է, ապա պետք է կնքվեր անժամկետ աշխատանքային պայմանագիր: Նշեմ նաեւ, որ աշխատանքային պայմանագրում չի երեւում, թե քանի ժամով է Տիգրանն ընդունվել աշխատանքի:

Տիգրանն անընդհատ հիշեցրել է գործուղման, ճանապարհածախսի փոխհատուցման մասին, որը տնօրենի դուրը չի եկել: Այդ ընթացքում Տիգրանը մի քանի օր բացակայել է, որի մասին համապատասխան տեղեկանք է ներկայացրել, սակայն տնօրենը հայտարարել է, որ անհարգելի բացակայության պատճառով ազատում է աշխատանքից եւ վերջնահաշվարկ է կատարել: Այդ դպրոցում մեկ տարում մաթեմատիկայի մի քանի ուսուցիչ է ընդունվել ու ազատվել: Բնական է, հնարավոր է՝ գյուղը չունի համապատասխան մասնագետ, ուրեմն նախ հարց է ծագում, թե մարզպետարանն ինչո՞ւ նպատակային ուղեգրով դպրոցի որեւէ շրջանավարտի սովորելու գործուղում չի կազմակերպում, ինչո՞ւ տնօրեն Ալբերտ Սարգսյանը, որն ամբողջությամբ պատասխանատու է դպրոցում պետական չափորոշիչներին համապատասխան կրթություն կազմակերպելու համար, չի մտահոգվում այդ դպրոցին մաթեմատիկայի եւ ինֆորմատիկայի ուսուցչով ապահովելու մասին: Խնդրի օրինականության հարցը թողնելով համապատասխան մարմինների քննությանը՝ ես հարցի բարոյական կողմն եմ բարձրաձայնում: Այս կոնկրետ դեպքում, երբ Տիգրան Սարգսյանը հայտարարությամբ գնացել եւ համաձայնել է աշխատել գյուղում, ինչո՞ւ տնօրենը նրան պահելու, այնտեղ ապրելու պայմաններով ապահովելու փոխարեն, պարզապես «քշել» է: Դիմում եմ Արագածոտնի մարզպետ պարոն Սահակյանին՝ Տիգրան Սարգսյանը նամակով նաեւ Ձեզ է դիմել, պատասխանեք, խնդրում եմ, ինչպես այս, այնպես էլ նրա նամակին: Դիմում եմ նաեւ ԿԳՆ Կրթության պետական տեսչությանը, խնդրում եմ ականջալուր լինել այս նամակիս եւ ուսումնասիրել Արագածոտնի մարզի Զովասար գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Ալբերտ Սարգսյանի գործունեությունն ու այդ դպրոցում կրթության կազմակերպման գործընթացը:

ԱՆԱՀԻՏ ԲԱԽՇՅԱՆ
Կրթության փորձագետ
Պատրաստ ենք տպագրել մյուս կողմերի տեսակետները:

«Առավոտ» օրաթերթ
03.06.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30