Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Բրազիլիայի դեսպան. «Այսօրվա ինտերնետի պայմաններում դեսպանները չեն կարող ստել»

Հունիս 03,2014 21:42

Հունիսի 12-ին մեկնարկող ֆուտբոլի աշխարհի առաջնության առիթով Հայաստանում Բրազիլիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էդսոն Մարինյո Դուարտե Մոնտեյրոն «Մեդիա կենտրոնում» հանդիպեց հայաստանյան լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:

Դեսպանը խոսեց իր երկրի համար աշխարհի առաջնությունը կազմակերպելու նշանակության մասին, քանի որ ֆուտբոլը ժողովրդի համար մեծ կիրք է: Սակայն նա կարեւորեց նաեւ այն, որ ֆուտբոլը նաեւ շատերի համար բիզնես է, մեծ ներդրումներ, ինչը կնպաստի երկրի հետագա տնտեսական զարգացմանը: «Արժե՞ր, արդյոք, այսքան բան անել, արդյո՞ք ջանքերն ու ֆինանսական ռեսուրսները կարդարացնեն նպատակները: Այս պահին կարող եմ ասել. մենք հավատում ենք, որ մեր նպատակները կարդարանան: Բրազիլիայի ժողովուրդը կունենա իսկապես ուրախության լիարժեք պահեր, որով հետեւ մենք իսկապես պաշտում ենք ֆուտբոլը: Գումարները, որ ծախսվել են մարզադաշտերը, օդանավակայանները եւ բոլոր պայմանները լավացնելու համար, հենց այնպես չեն արվել: Դրանք ներդրումներ են, որ ընդմիշտ մնալու են մեր երկրում: Նախորդ առաջնությունները կազմակերպելու արդյունքում հասկացել ենք, որ դա երկրի բարօրության համար է, ի նպաստ երկրի է արվում: Որո՞նք են արդյունքները, որ մենք ակնկալում ենք: Առաջինը՝ աշխատատեղերի ստեղծումը, երկրորդը՝ տուրիզմի զարգացումը, թեեւ Բրազիլիան տուրիզմի երկիր է, հյուրանոցային բիզնեսի բարելավումը: Եվ կարող եմ ինձ թույլ տալ ասելու, որ արդյունքում ակնկալում ենք 30 միլիարդի եկամուտ», – ասաց դեսպանը:

Հարցին, թե պարադոքս չէ՞, որ Բրազիլիայի ժողովրդի մի ստվար հատված դեմ է աշխարհի առաջնությունն իր երկրում անցկացնելուն, դեսպան Մոնտեյրոն պատասխանեց. «Այսօրվա ինտերնետի եւ հեռուստատեսային կապի պայմաններում դեսպանները չեն կարող ստել: Տեղեկությունը շատ արագ հասնում է բոլորին: Վստահ եմ, որ տեսել եք հեռուստաընկերությունների հեռարձակած նյութերը, որ Բրազիլիայում մեծ խմբեր դեմ են առաջնության անցկացմանը: Չեմ կարող ժխտել, որ դա կա: Այո, որոշ խմբեր ցույցեր են անում Բրազիլիայում: Հավանաբար, տեղյակ եք, որ դրանից առաջ ցույցեր էին արվում նաեւ տրանսպորտի գների թանկացման համար: Իրականում ցույցերն արվում էին՝ կապված տրանսպորտի որակի, քչության հետ: Մեկ բողոք էլ կա, թե առաջնությանը հատկացվող գումարը չի ներդրվում կրթության ոլորտում: Այս բողոքներն իրականում տեղ ունեն: Բրազիլիան կրթությունը եւ տրանսպորտը բարելավելու կարիք ունի, բայց այս իրավիճակում հակասականություն կա: Այս դեպքում մենք գալու ենք այդ հարցերը լուծելուն»: Դեսպանի համոզմամբ, տրանսպորտի եւ կրթության բարելավելու խնդիրները նույնպես մտնում են ակնկալվելիք եկամուտները տնօրինելու ծրագրերի մեջ:

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30